Գլխավոր էջ





Մրյան Աննա Արսենի


Գործարար վարչարարություն
(2019-2021)





-Սիրելի՛ Աննա, Դուք սովորում եք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ: Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես գիտակրթական միջազգային կենտրոնը:


-Ինչո՞ւ չընտրեցի այլ կրթական հաստատություն. Գիտակրթական միջազգային կենտրոնի առավելությունները շատ են, կփորձեմ նշել մի քանիսը.

1. ԳԿՄԿ դասախոսական կազմը համալրված է գիտնականներով և բարձր որակավորում ունեցող դասախոսներով:

2. Կենտրոնը նաև համագործակցում է տարբեր երկրների հետ և կրթական ծրագրեր իրականացնում: Նշեմ, որ այժմ հեռավար ձևաչափով մարքեթինգի կառավարում եմ ուսումնասիրում Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում: Այս հնարավորությունն ինձ ընձեռել է Կենտրոնը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի դասախոս Ն. Մանուկյանին՝ տեղեկացնելու և գործընթացը կազմակերպելու համար:

3. Ակադեմիան վաղուց ի վեր ազգանվեր գործունեություն է ծավալում ՀՀ գիտական ներուժի ձևավորման, կրթության և դրա հետագա զարգացման համար, ես նույնպես ցանկանում եմ իմ ներդրումը ունենալ այդ կարևոր գործում։

-Սովորելու, աշխատելու, ստեղծելու ու զարգանալու համար պետք է կամք, նպատակասլացություն և ցանկություն: Կարևորո՞ւմ եք արդյոք մոտիվացված սովորելը կամ աշխատելը և ինչո՞ւ:

-Իհարկե, քանի որ մարդկային վարքագծի գրեթե բոլոր ասպեկտներում մոտիվացիան շատ մեծ դերակատարություն ունի: Ցանկացած որոշում կայացնելիս մենք առաջնորդվում ենք մոտիվացիոն ներքին մղումներով, այդ թվում մասնագիտություն ընտրելիս կամ որևէ աշխատանք կատարելիս։ Ըստ իս՝ յուրաքանչյուր աշխատանք պետք է արվի մոտիվացված, այլապես հաջողության հասնելու շանսերը կամ զրոյանում են, կամ էլ ժամանակի ընթացքում դառնում են ձանձրալի։

-Չնայած դեռ ուսանող եք, բայց արդեն մեծ հաջողություններ ունեք կարիերայում: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Կարծում եմ՝ իմ հաջողության գրավականները աշխատասիրությունը և նպատակասլացությունն են։ Անգամ եթե կարողանում եմ ինձ հանձնարարված աշխատանքը կատարյալ կերպով իրականացնել, միևնույնն է միշտ ավելին եմ ակնկալում, և դա ինձ մղում է առաջ գնալ, կրթվել և զարգանալ։ Եվ իհարկե պետք է նշեմ, որ ցանկացած ասպարեզում հաջողության հասնելու համար չափազանց կարևոր են մարդկային փոխհարաբերությունները և շրջապատի վերաբերմունքը ձեր հանդեպ, հաճախ հենց դրանք են մոտիվացնում և օգնում հասնել հաջողության:

-Ի՞նչ խորհուրդ կտաք և ինչո՞վ կոգևորեք այն ուսանողներին, որոնք կարծում են, որ դժվար է լավ աշխատանք գտնել ՀՀ-ում:

- Իհարկե, ՀՀ-ում դեռևս կա նման խնդիր, և շատերն են այդպես կարծում։ Բակալավրի աստիճանը ստանալուց հետո ես նույնպես, այդպես մտածելով, 2 տարի աշխատել եմ արտերկրում, իհարկե դա մեծ փորձ էր ինձ համար և ուներ իր առավելությունները, սակայն երբեք ցանկություն չեմ ունեցել հետագա կյանքս ապրել և աշխատել արտերկրում։ Նշեմ, որ վերադառնալուց մի քանի ամիս անց ես կարողացա գտնել աշխատանք և հիմա աշխատում եմ 2 տեղ։ Ըստ իս՝ չկա անհնարին ոչինչ, եթե կա ցանկություն, ապա կան իրագործելու հնարավորություններ։ Ուղղակի պետք է հավատալ սեփական ուժերին, չդադարել ինքնակրթվել և միշտ նոր հնարավորություններ փնտրել։

-Ի՞նչ դեր ունի գիտակրթական միջազգային կենտրոնը Ձեր ինքնակատարելագործման և կայացման ճանապարհին:

-Չափազանց մեծ, առաջին մասնագիտությամբ լեզվաբան են, շնորհիվ գիտակրթական միջազգային կենտրոնի ես կարողացա ձեռք բերել նոր մասնագիտություն (գործարար վարչարարություն): Այստեղ այնպիսի արդիական դասընթացներ ենք ուսումնասիրում, ինչպիսիք են՝ մարքեթինգ, հանրային կապերի հաղորդակցում, կառավարում և այլն։ Այս երկու տարների ընթացքում ձեռք բերած բոլոր գիտելիքներս էապես նպաստում են կարիերայիս զարգացմանը։

-
Շնորհակալություն: