Գլխավոր էջ





Երկրաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Լիլիթ Սամվելի Սարգսյան,
երկրաբանական գիտությունների թեկնածու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Երկրաբանություն» ամբիոնը հիմնադրվել է 2013 թվականին` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի հիման վրա:




Ամբիոնի խնդիրները և հեռանկարները

Երկրաբանությունը ակտիվ հետազոտությունների ոլորտ է, որն ընդգրկում է մի շարք հարակից գիտություններ: ԳՄԳԿ «Երկրաբանություն» ամբիոնի մագիստրոսական դասընթացը նպատակ ունի ապահովել ժամանակակից հետազոտական թեմաներ Երկրի մասին գիտությունների ոլորտում:
Մագիստրատուրայի ուսանողներն ուսման ընթացքում կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության ու հրաբխային վտանգի գնահատման, նստվածքագիտության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին:
Երկրաբանները համատեղում են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության ոլորտները՝ ուսումնասիրելու երկրաբանական միջավայրը և դրա ազդեցությունը մարդու կյանքի վրա: Մասնագիտանալով երկրաբանական տարաբնույթ հետազոտությունների ոլորտում, ինչպիսիք են Երկրի ընդերքում տեղի ունեցող պրոցեսները, Երկրի կառուցվածքը և Երկրի պատմությունը հնարավոր է նաև ներգրավել բնապահպանական խնդիրները գնահատելու և այդ խնդիրները լուծելու կամ նվազագույնի հասցնելու միջոցներն ու ուղիները հայտնաբերելու համար:
Մագիստրատուրայում ուսումնառության տարիներին ուսանողները տեսական գիտելիքներից բացի ունեն լայն հնարավորություն մասնակցելու ինստիտուտի դաշտային և լաբորատոր աշխատանքներին: Ուսումնառության ընթացքում նրանք հնարավորություն ունեն մեկնաբանել տարբեր հետազոտական արդյունքները լաբորատորիաներում, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ հետազոտության համար, ինչպես նաև բարելավել իրենց հաշվողական հմտությունները:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատելու Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ հետագա ասպիրանտական ուսումնառության հեռանկարով:
Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող մասնագետներ, որոնց գիտական աշխատությունները պարբերաբար հրատարակվում են ինպես տեղական, անպես էլ արտասահմանյան բազմաթիվ գիտական հրատարակություններում, միջազգային գիտաժողովների նյութերն ամփոփող ժողովածուներում:


Մասնագիտացումը՝ Երկրաբանություն


Գիտահետազոտական աշխատանքները

Ինստիտուտը համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ:
Ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012թ.) Հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում ստացվել են նոր, կարևոր տեղեկություններ սեյսմոտեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում: Իրականացվում է երիտասարդ մասնագետների պատրաստում և վերապատրաստում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, ԱՄՆ համալսարաններում: Տարբեր տարիներին Ինստիտուտը իրականացրել է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր (CRDF, DARIUS, SCI, INTAS, ISTC, LIA, PICS, NATO, MEBE, SCOPES, IRGPEER-Science, NSF, և ուր.) և պայմանագրային աշխատանքներ երկրաբանության գրեթե բոլոր կարևորագույն բնագավառներում:
Անցած տարիների ընթացքում Ինստիտուտի աշխատակիցները մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել հեղինակավոր միջազգային Երկրաբանական կոնգրեսներում, բազմաթիվ խորհրդակցություններում և գիտաժողովներում, իսկ նրանց կողմից ստացված գիտական արդյունքները տպագրվել են մենագրությունների և հոդվածների ձևով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում: Ինստիտուտում, կազմակերպման առաջին իսկ տարվանից, գործում է երկրաբանական գրադարանը, որի հիմքը կազմեց Հ.Կարապետյանի անձնական հարուստ գրադարանը: Գրադարանում պահպանվում են տասնյակ հազարավոր գրքեր, բազմաթիվ հոդվածներ, մենագրություններ, ատենախոսություններ, գիտական հաշվետվություններ, քարտեզներ, սեղմագրեր:
ԵԳԻ Երկրաբանական թանգարանում ցուցադրված են ապարների, միներալների, օգտակար հանածոների և հնեաբանական հարուստ հավաքածուներ:
Ինստիտուտին կից 1996թ.-ից գործում է Գիտություններ Երկրի մասին բնագավառի մասնագիտական խորհուրդ, որտեղ մինչև 2019թ. պաշտպանվել է 8 դոկտորական, 39 թեկնածուական ատենախոսություն:


Ամբիոնի աշխատակազմը՝

Մելիքսեթյան Խաչատուր         երկրաբանական գիտությունների  դոկտոր
Ավագյան Արա երկրաբանական գիտությունների դոկտոր
Շահինյան Հրաչյա երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու
Սահակյան Լիլիթ երկրաբանական գիտությունների թեկնածու
Առաքելյան Ալեքսանդր տեխնիկական գիտությունների թեկնածու
Գալոյան Ղազար

երկրաբանական գիտությունների թեկնածու

Գրիգորյան Արայիկ երկրաբանական գիտությունների թեկնածու
Զաքարյան Շուշանիկ քիմիական գիտությունների թեկնածու
Թոզալաքյան Պետրոս քիմիական գիտությունների թեկնածու 
Հովհաննիսյան Արշավիր երկրաբանական գիտությունների թեկնածու
Սարգսյան Լիլիթ երկրաբանական գիտությունների թեկնածու
Գևորգյան Լիլիթ ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու
Առաքելյան Դմիտրի երկրաբանական գիտությունների թեկնածու
Գևորգյան Միքայել երկրաբանական գիտությունների թեկնածու

Հեռ.`         (+374 91) 019520

Էլ. 
փոստ`
  lilit.sargsyan@isec.am


Տեսադարան՝