Գլխավոր էջ





Հեռավար կրթություն

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը 2014թ. դեկտեմբեր ամսից իրականացնում է հեռավար լրացուցիչ կրթական ծրագրեր, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր կարողացել են հեռավար կրթություն ստանալ ԳԿՄԿ-ում: Կրթական համակարգի Բոլոնյան բարեփոխումների շրջանակներում ՀՀ որդեգրած պարտավորվածությունների շարքում կարևոր տեղ է հատկացվում հարատև, շարունակական կրթությանը: Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում շարունակական կրթության բնագավառում լայն տարածում ունի հեռավար ուսուցումը, որը շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս առցանց ստանալու համապատասխան ուսում կամ մասնակցելու վերապատրաստման դասընթացներին իրենց հարմար վայրում և հարմար ժամերին։
Հեռավար դասընթացների առանձնահատկությունն այն է, որ ժամային սահմանափակումներ չկան, դասընթացներն իրականցվում են սինխրոն և ասինխրոն, դասախոսը և ուսանողը միմյանց իրական կյանքում կարող են և չհանդիպել, շփումն իրականացվում է առցանց՝ ֆորումների, տեսակոնֆերանսների և այլնի միջոցով:
Հեռավար կրթության առավելություններից մեկն այն է, որ դասընթացը մեկ անգամ ստեղծելով հնարավոր է այն մշտապես կիրառել ուսումնական գործընթացում՝ պարբերաբար թարմացնելու պայմանով: ԳԿՄԿ ռազմավարական զարգացման պլանի մեջ մտնում է հեռավար կրթության ընդլայնումը. ուսուցման գործընթացում նախատեսվում է ընդգրկել առավել շատ դասախոսներ, առաջարկել ավելի շատ դասընթացներ: Կենտրոնում բավականին մեծ է հետաքրքրությունը հեռավար ուսուցման հանդեպ, որովհետև այն հնարավորություն է ընձեռում ստանալու որակյալ կրթություն և կարևոր գիտելիքներ:

Այս տարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատանքային թիմը կենտրոնում իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ ուղղված հեռավար ուսուցման զարգացմանը և ընդլայնմանը։

  • Տեղի են ունեցել վերապատրաստումներ արտերկրի փորձագետների մասնակցությամբ, որոնց շրջանակներում ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, այնպես էլ այլ բուհերից ծրագրում ընդգրկված դասախոսները ստացել են գործնական գիտելիքներ հեռավար հարթակում ծրագրեր կազմելու և վարելու վերաբերյալ:
  • Իրականացվել է ամառային դպրոց ծրագիրը, որի նպատակն էր հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների և տեսաձայնային նյութերի նկարահանումը և մոնտաժը, տեսակոնֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն:
  • Արտերկրի փորձագետների մասնակցությամբ վերապատրաստման մասնակից 34 դասախոս ստացել են համապատասխան վկայագրեր:
  • Կատարվել է հասարակական կարիքների վերհանում, պարզվել է, թե լրացուցիչ, շարունակական ինչ կրթական ծրագրերի պահանջ ունի հայ հասարակությունը:
  • ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ փորձագետներից բաղկացած խմբերը գործուղվել են արտերկիր՝ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով։
  • Ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով հագեցած առցանց գիտաժողովների դահլիճ: Դահլիճը ապահովվել է անլար և արագագործ wi-fi ծածկույթով:
  • Ներդրվել է հեռաուսուցման համակարգ և իրականացվել է դրա ընթացիկ բարելավման և զարգացման աշխատանքներ։
  • Կազմվել և մշակվել են ուսանողակենտրոն ուսումնական ծրագրեր։
  • Կազմվել և ձեռք է բերվել ուսումնառության համար անհրաժեշտ գրականությունը:


Արդեն իսկ հեռավար ուսուցման համակարգում գրանցվել են 700 դիմորդ, որոնց հնարավորություն է ընձեռվել մասնակցելու տարբեր հեռավար դասընթացների: Հեռավար դասընթացներին մասնակցելու միակ նախապայմանը բարձրագույն բակալավրիական կրթության առկայությունն է: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռանկարներից է վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման իրականացումը և, ի վերջո, ամբողջովին առցանց մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը՝ մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

 
 
Ընդունելություն 2024