Տնօրենի ողջույնի խոսքը
Բարի գալուստ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական կայք
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային միավորներից է, հիմնադրվել է 1997 թ.: Ի սկզբանե Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա գիտամանկավարժական բարձրորակ կադրերի պատրաստմանը: 2004 թ.-ից Կենտրոնն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական կրթական ծրագրերով: Նպատակը կրթությունից դեպի գիտություն սահուն անցումն էր: Գիտական միջավայրում մագիստրոսները հնարավորություն են ստանում սովորելու գործող գիտնականներից, որոնք իրենց գիտելիքն ու հսկայական փորձն են փոխանցում ապագա հետազոտողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին՝ հնարավորություն տալով հարստացնելու իրենց գիտելիքների պաշարը և ձեռք բերելու գիտական մտածողություն: Այս ամենի շնորհիվ համադրվում են կրթության բարձր որակն ու գիտությամբ զբաղվելու երիտասարդների մեծ հետաքրքրությունը: Կենտրոնում գործում է ավելի քան 20 ամբիոն, որտեղ իրականացվում են մագիստրոսական կրթական ծրագրեր՝ շուրջ 33 մասնագիտություններով:
Կենտրոնի կարևոր ձեռքբերումներից է նաև հեռավար կրթության կազմակերպումը, որն իրականացվել է դեռևս 2014 թ.-ին՝ առաջիններից մեկը Հայաստանի բուհական համակարգում, որով, ըստ էության, կրթության բնագավառում սահմանվել է նոր նշաձող։
Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում Կենտրոնն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Կրթության որակի շարունակական բարելավման, նյութատեխնիկական բազայի համալրման ու նորացման, գիտահետազոտական գործունեության խթանմանն ուղղված քայլերը նպաստել են կենտրոնի կայացմանն ու շարունակական զարգացմանը:
Կենտրոնը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կայացմանը, որոնք նպատակ ունեն խթանելու կրթության և գիտության հանդեպ հետաքրքրությունը, արժևորելու երիտասարդ գիտնականի, հետազոտողի աշխատանքն ու հեղինակությունը։
Հասանելի դարձնելով իր գործունեությունը լայն հանրությանը՝ Կենտրոնի պաշտոնական կայքը պարբերաբար թարմացվում է: Այցելելով Կենտրոնի պաշտոնական կայքէջ՝ կարելի է համապարփակ տեղեկություններ ստանալ Կենտրոնի բազմամյա գործունեության, առօրյայի, իրականացվող գիտակրթական տարբեր ծրագրերի, մշակութային և կրթական տարբեր միջոցառումների մասին:
Հարգանքով՝
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյան