Լեզվաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Մերի Արթուրի Սարգսյան,
բանասիրական գիտությունների թեկնածու
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը հիմնադրվել է 2018 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում լեզվաբանության բնագավառի որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են՝
«Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորում ունեցող մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, լեզվաբանության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում գիտակրթական միջազգային համագործակցությանը: «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ կրթական այս ծրագրի նպատակն է պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ, որոնք պետք է ունենան ոչ միայն տեսական գիտելիք, այլև կարողանան իրենց գիտելիքը կիրառել գործնականում: Ծրագիրն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն՝ բուն լեզվաբանական (ընդհանուր, տիպաբանական, համեմատական, կիրառական ևն) և լեզվի տարբերակային դրսևորման (ժամանակակից երկճյուղ գրական հայերեն, միջին հայերեն, գրաբար, բարբառագիտություն):
Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Դասավանդվում են լեզվաբանական տարաբնույթ առարկաներ, որոնք ընդգկում են լեզվաբանության տարբեր բնագավառները, մատուցվում են գիտության նորագույն նվաճումները, կիրառվում են արտասահմանյան փորձն ու մեթոդները:
«Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտությամբ մագիստրոսական այս ծրագիրը ուսանողին հնարավորություն է տալիս անկախ աշխատելու և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ինչպես նաև իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, հրատարակչական ոլորտներում: Շրջանավարտները ձեռք են բերում լրացուցիչ մասնագիտական կարողություններ և հմտություններ. լեզվաբանության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, խմբագրել գիտական և գեղարվեստական տեքստեր, հրատարակության պատրաստել գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն բնագրեր:
Ուսանողը հնարավորություն ունի ուսումը շարունակելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` ընդհանուր և համեմատական լեզվաբանություն, հայոց լեզու մասնագիտություններով:
Մասնագիտացումը՝ լեզվաբանություն
Գիտահետազոտական աշխատանքները
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական և ուսումնամեթոդական շուրջ քսան աշխատություն և հարյուր հիսուն գիտական հոդված: Ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, 2014 թվականից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղարն է. հանդեսն ընդգրկված է ԲՈԿ-ի հաստատած «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում»: 2017 թվականից Էկոլեզվաբանների միջազգային խորհրդի (The International Ecolinguistics Association) անդամ է:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ակտիվորեն մասնակցում են հանրապետությունում լեզվաքաղաքական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին: Ամբիոնի աշխատակիցները գիտակրթական և հետազոտական տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի շահառու են: Ամբիոնում մշակվել են մեխանիզմներ՝ ուսանողներին ամբիոնի և լեզվի ինստիտուտի գիտահետազոտական և կազմակերպչական աշխատանքներում ներգրավելու համար:
Ամբիոնի աշխատակազմը՝
Մերի Սարգսյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Վիկտոր Կատվալյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Վազգեն Համբարձումյան |
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Գայանե Մխիթարյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Լուսինե Ղամոյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Սոնա Միքայելյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Խաչիկ Հարությունյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Վերա Ադամյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Հասմիկ Թադևոսյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Սեդա Բաղրամյան | հայցորդ, սեմինարավար |
Նաիրա Խաչիբաբյան | հայցորդ, սեմինարավար |
Հեռ.` (+374 10) 565337
Էլ. փոստ` linguistics@isec.am