Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսոր Մերենդինոյին շնորհվեց «ԳԿՄԿ-ի պատվավոր դոկտոր»-ի կոչում
Մայիսի 26, 2022Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը Իտալիայի Տուշայի համալսարանում՝ տնօրենի գլխավորությամբ, պատիվ ունեցավ պրոֆեսոր Մերենդինոյին շնորհել ԳԿՄԿ-ի պատվավոր դոկտորի կոչում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Տուշայի համալսարանի University of Tuscia (UNITUS) ռեկտոր, պրոֆեսոր Ստեֆանո Ուբերտինիին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում իրականացվող «Աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ»-ին հրավիրելու և Կենտրոնի աշխատակազմին հյուրընկալելու համար:
«Հարգելի պրոֆեսոր Ստեֆանո ՈւԲԵՐՏԻՆԻ, պրոֆ. Սեվերինի և հանդիպմանը մասնակից այլ անդամներ,
նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր հեղինակավոր համալսարանում հյուրընկալելու համար։ ՅՈՒՆԻՏՈՒՍ-ը աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է և առաջատար հետազոտական կենտրոնը, և մենք հպարտ ենք, որ այսօր գտնվում ենք այստեղ այս հատուկ առիթով: Սա իսկապես առանձնահատուկ առիթ է բոլորիս համար, քանի որ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության մեջ առաջին անգամ գիտխորհուրդը որոշում է կայացրել օտարերկրյա գիտնականին շնորհել պատվավոր դոկտորի կոչում՝ գնահատելու և արժևորելու պրոֆեսոր Մերենդինոյի բոլոր ջանքերը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգայնացման գործընթացում իր ներդրումն ունենալու համար:
Ինչպես բոլորդ գիտեք, պրոֆեսոր Մերենդինոն 2016 թվականից հանդիսանում է UNITUS-ի հետ համատեղ իրականացվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության բոլոր 4 ծրագրերի գիտական համակարգողը, մինչդեռ 2018 թվականից նա Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի համակարգողն է UNITUS-ի «Շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) արդիականացման ուսումնասիրությունները» կրթական ծրագրի շրջանակներում (MENVIPRO)»: Այս ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվել է եզակի միջբուհական կրթական և հետազոտական լաբորատորիա, որը կօգտագործվի ուսանողական նախագծերի, արտաքին շահագրգիռ կողմերի հետ համատեղ իրականացվող նախագծերի համար: Պրոֆեսոր Մերենդինոն նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի կողմից հրատարակվող «Կաճառ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի միջազգային անդամն է։ Հարկ է նշել նաև այն հաջող գիտահետազոտական համագործակցությունը, որը պրոֆեսոր Մերենդինոն ունի ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ։
Մեր համատեղ համագործակցության ընթացքում արդեն երեք համաձայնագիր ենք ստորագրել կրկնակի կրթական ծրագրերի վերաբերյալ, էլ չեմ խոսում ուսանողների և անձնակազմի շարժունակության բազմաթիվ փոխանակման ծրագրերի մասին:
Այսպիսով, հաշվի առնելով Կենտրոնի միջազգայնացման գործընթացում ունեցած երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունն ու վաստակը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհուրդը որոշում է կայացրել պրոֆեսոր Մերենդինոյին շնորհել «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվավոր դոկտոր»-ի կոչում՝ ի նշան երախտագիտության և իբրև հավաստիք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի միջազգայնացման գործում իր ունեցած մեծ ավանդի համար, և այսօր մեծ հպարտությամբ ենք այն շնորհում:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին արդյունավետ համագործակցության համար։ UNITUS-ը կրթության և հետազոտության մեր վստահելի գործընկերն է, և մենք հուսով ենք ունենալ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն», - նշեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին