«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսուցումը կազմակերպվում է շաղկապելով տեսական գիտելիքները գործնականի հետ», - ԳԿՄԿ շրջանավարտ Արմեն Միքայելյան
Հունվարի 26, 2024Արմեն Միքայելյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման մագիստրոսական կրթական ծրագրի մեր շրջանավարտն է: Ներկայումս իր աշխատանքային գործունեությունն Արմենը ծավալում է Արագածոտնի մարզի Ջամշլուի հիմնական դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ: Արմենի հետ զրուցեցինք մագիստրատուրա ընդունվելու, կրթության կառավարման դերի և այլ հարցերի շուրջ:
-Ի՞նչ դեր է ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում։
-Գիտակրթական միջազգային կենտրոնում ուսուցանելու տարիներն ինձ համար կարևորագույն և լավագույն ժամանակահատվածն եմ համարում, քանի որ վստահ եմ, որ ստացածս գիտելիքները կարող եմ կիրառել թե՛ աշխատանքային միջավայրում և թե՛ կյանքում։
-Ինչու՞ ընտրեցիք հենց ԳԿՄԿ-ի կրթության կառավարման մագիստրատուրան:
-Տեղեկացված լինելով, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսուցումը կազմակերպվում է շաղկապելով տեսական գիտելիքները գործնականի հետ՝ որոշեցի կրթությունս շարունակել հենց այստեղ։
-Ո՞րն է Ձեր կարծիքով կրթության կառավարման դերը մեր օրերում։
-Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ կրթության կառավարման գործիքները բավականին շատ են, անհրաժեշտություն է առաջանում կրթության կառավարումը կազմակերպել ժամանակի մարտահրավերներին համահունչ՝ հաշվի առնելով ուսանողի կրթական կարիքները:
-ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ամենից շատ տպավորվել։
-Առաջին հերթին ինձ գրավեց մագիստրոսական կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ապահովում է այսօր դպրոցներում ներկայացվող տեսլականը: Չափազանց արժևորում եմ նաև ուսմանս ընթացքում ձևավորված միջանձնային հարաբերությունները, երբ տիրում էր առողջ մրցակցային միջավայր տարբեր թեմաներով բանավեճերի կազմակերպման և մտքերի փոխանակման ընթացքում։
-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։
-Ձեռքբերումները շատ էին, սակայն կառանձնացնեմ ավարտական թեզի համար իրականացրած հետազոտությունն ու վերլուծությունը։ Հետազոտական աշխատանքն ինքնին արդեն ձեռքբերում էր, քանի որ կատարած աշխատանքը նպաստեց հետազոտական մտածողության ձևավորմանը։
-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ մասնագիտական խորհուրդներ կտաք ԳԿՄԿ մագիստրանտներին։
-Նրանց խորհուրդ կտամ խոհեմ գտնվել և հետամուտ լինել իրենց հանձնարարված առաջադրանքների կատարմանը, քանի որ հենց այստեղից է ձևավորվում յուրաքանչյուր մագիստրանտի ապագան։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին