Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ում ձեռքբերած գիտելիքներն օգնեցին ինձ հաստատուն քայլերով առաջ գնալ կրթության ոլորտում», - ԳԿՄԿ շրջանավարտ Նաիրա Աբրահամյան

Հունվարի 19, 2024

Նաիրա Աբրահամյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է: Նաիրայի հետ զրուցեցինք իր ընտրած մասնագիտության և այլ հարցերի շուրջ:

-Ի՞նչ դեր է ունեցել ԳԿՄԿ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-ԳԿՄԿ-ում ձեռքբերած գիտելիքներն օգնեցին ինձ հաստատուն քայլերով առաջ գնալ կրթության ոլորտում, կատարելագործվել և կայանալ որպես մասնագետ։ Մագիստրատուրան նաև միջոց էր ինքնակրթությունը ճիշտ կազմակերպելու և շարունակելու համար։

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեր օրերում կրթության կառավարման դերը:

-Կարծում եմ, որ կրթության որակի բարելավման գրավականներից մեկը հմուտ կառավարման ապահովումն է։ Կրթական հաստատություններում պետք է խթանել և զարգացնել կառավարման համակարգը, նպաստել կրթության քաղաքականության և ռազմավարության ձևավորմանը, հասնել որակի ցուցիչի բարձրացմանը։ Ըստ իս՝ հմուտ կառավարման շնորհիվ հնարավոր է վերհանել ինչպես ձեռքբերումները, այնպես էլ առկա բացթողումներն ու թերացումները՝ նպաստելով դրանց անցնցում վերացմանը։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել կառավարման հոգեբանության վրա, որը թվացյալ փոքր, սակայն ոլորտի զարգացման համար կարևորագույն գործառույթ իրականացնող դերակատարում ունի։ Կրթության կառավարումը պետք է ընթանա ժամանակի պահանջներին համապատասխան։

-ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ձեզ մոտ ամենից շատ տպավորվել:

-Ընդհանրապես հասուն տարիքում կրկին ուսանելու զգացողությունն ամբողջովին այլ է։ Աներկբա տեսակետ է, որ որակյալ կրթության ապահովման համար կարևոր է նաև նպաստավոր միջավայրի ստեղծումը, իսկ ԳԿՄԿ-ում հատուկ ուշադրության կենտրոնում է սովորողների հարմարավետության ստեղծումը, ինչի արդյունքում իմ և համակուրսեցիներիս համար ուսանելու տարիները հեռու մնացին ձանձրալի ու միօրինակ լինելուց։

-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին:

-Դիպուկ է ասված՝ սովորում է նա, ով սովորեցնում է։ Ընդհանրապես՝ գիտելիք ունենալը դեռևս գրագիտության վերջնարդյունք չէ։ Կարևորը ձեռք բերած գիտելիքը գործողության մեջ դնելն է՝ այն դարձնելով կիրառելի։ Բուհում ստացած գիտելիքից զատ, կարողացանք զարգացնել մտածողության հմտությունները, ինչը աներեր քայլեր անելու կարևորագույն գրավականներից մեկն է։

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։

-Բուհն իմ առջև դրեց նոր նպատակներ սահմանելու հնարավորություն, իսկ այն իրագործելի դարձնելու համար կարևոր էր կատարել առաջադրված խնդիրների ճիշտ ընտրություն՝ քայլերի հերթագայությունը դարձնելով իրատեսական։

Ինձ համար բուհի արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից մատուցած գիտելիքը բացեց գիտակրթական ոլորտում վստահ քայլեր անելու հնարավորությունը։ Ուսանելու տարիներին կարողացա մասնակցել ԳԿՄԿ-ի և հայաստանյան այլ բուհերի կողմից կազմակերպված ուսանողական միջազգային գիտաժողովներին։ Կրթադաստիարակչական թեմաներին վերաբերող հոդվածներս հրապարակվեցին գիտական հոդվածների մի շարք ժողովածուներում։

-Որտե՞ղ եք աշխատում այս պահին:

-Աշխատանքային գործունեությունս սկսել եմ մանկավարժության ոլորտում, ինչը շարունակում եմ մինչ օրս։ Միաժամանակ աշխատում եմ նաև ՏԿԵ նախարարությունում։ Բնույթով պահպանողական լինելով հանդերձ՝ սիրում եմ անընդհատ առաջ գնալ՝ զարգացնելով կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումներս։ Մասնակցում եմ կրթության ոլորտի փորձագիտական աշխատանքներին, և հրապարակածս գրքերից մի քանիսը վերաբերում են հանրակրթությանը։

-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ մասնագիտական խորհուրդներ կտաք ԳԿՄԿ մագիստրանտներին։

-Կարևոր է ընտրած մասնագիտությունը սիրելուց զատ՝ լինել աշխատասեր, հետաքրքրասեր ու պրպտող։ Բուհը մեծ դռներ է բացում ուսանողի առջև, ուստի պետք է հասցնել ու օգտվել ամեն հնարավորությունից։


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին