«ԳԿՄԿ ակադեմիական միջավայրը մեծ դեր խաղաց շարունակելու կրթությունս ասպիրանտուրայում», - ԳԿՄԿ շրջանավարտ Նոնա Գյուլամբարյան
Դեկտեմբերի 1, 2023Նոնա Գյուլամբարյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է, այսօր արդեն՝ ԳԿՄԿ ասպիրանտ: Նոնայի հետ զրուցել ենք կրթության կառավարման, ասպիրանտուրայի և այլ հարցերի շուրջ:
-Ի՞նչ դեր է ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
-Նախ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին կրթության կառավարման ոլորտում խորը հիմնարար գիտելիքներ փոխանցելու համար։ ԳԿՄԿ-ում սովորելը իմ կյանքում մեծ դեր խաղաց և նպաստեց շարժվել առաջ՝ դեպի նորանոր բարձունքներ, ուստի ես որոշեցի շարունակել իմ գիտական ուղին հենց այստեղ՝ համատեղ աշխատելով բարձրակարգ մասնագետների հետ:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց ԳԿՄԿ-ի կրթության կառավարման մագիստրոսական ծրագիրը:
-Առաջին մասնագիտությամբ բանասեր եմ, և երբ տարիներ առաջ որոշեցի ձեռք բերել ևս մեկ նոր մասնագիտություն, ընտրությունս կանգ առավ կառավարման ոլորտի վրա: Սակայն ուզում էի շարունակել ուսումնառությունս, և քանի որ ունեի երկարատև տարիների աշխատանքային փորձ կրթության ոլորտում, որոշեցի փնտրել հայկական բուհերի կողմից առաջարկվող այն կրթական ծրագրերն ու մասնագիտությունները, որոնց մեջ կմիաձուլվեին և՛ կառավարումը, և՛ կրթությունը: Այդպես էլ ընդունվեցի ԳԿՄԿ կրթության կառավարման մագիստրատուրա:
-Ո՞րն է ձեր կարծիքով կրթության կառավարման դերը մեր օրերում:
-Ժամանակակից կրթական միջավայրում մեծ նշանակություն ունի կրթության կառավարման դերը, հետևաբար կառավարման հմտությունների բացակայությունն անշուշտ ազդում է կատարած աշխատանքի որակի վրա։ Կարծում եմ, որ ուսումնական հաստատությունում այս կամ այն պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր մասնագետ պարտավոր է ժամանակի ընթացքում կատարելագործել իր մասնագիտական որակավորումը՝ ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ, որոնք խիստ անհրաժեշտ են փորձառու մասնագետ լինելու համար։ Ես միշտ ձգտել եմ հնարավորինս բավարարել մանկավարժին առաջադրվող բոլոր պահանջները, և իմ ընտրած մասնագիտությունն ինձ օգնեց լավագույնս կատարելագործվել այս հարցում։
-ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ամենից շատ տպավորվել:
-Ինձ վրա մեծ տպավորություն թողեց հարգալից ու հոգատար վերաբերմունքը դիմորդի նկատմամբ, որն ակնհայտ էր հարցազրույցի ժամանակ: Այն վարում էին ԳԿՄԿ-ի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանն ու դեկան Ատոմ Մխիթարյանը. ջերմ մթնոլորտի ապահովում, ուշադիր մոտեցում, ցանկացած առաջացած հարցի մանրամասն բացատրություն և բազմաթիվ այլ դրական գործոններ, որոնցից ես շատ տպավորված էի: Հավելեմ նաև, որ այս ամենը շարունակվում էր նաև ուսումնառության ողջ ընթացքում:
-Իսկ ի՞նչը նպաստեց, որ շարունակեք ձեր կրթությունը ԳԿՄԿ ասպիրանտուրայում:
-ԳԿՄԿ ակադեմիական միջավայրը մեծ դեր խաղաց և նպաստեց իմ մասնագիտական կարողությունների վերագնահատմանը, ինչի արդյունքում վճռական որոշում կայացրի շարունակել իմ գիտական ուղին այս հաստատությունում, որը ժամանակի ընթացքում դարձավ ինձ համար շատ հարազատ:
-Ի՞նչ նպատակներ և առաջիկա ծրագրեր ունեք:
-Առաջին հերթին նպատակ ունեմ հնարավորինս արդյունավետ աշխատել ատենախոսությանս վրա և այն արժանապատիվ ներկայացնել: Այդ աշխատանքում մեծ ներդրում ունի իմ գիտական ղեկավար, ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը, ում ղեկավարությամբ, վստահ եմ, որ կկարողանամ հաղթահարել իմ գիտական ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները:
-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ մասնագիտական խորհուրդներ կտաք ԳԿՄԿ մագիստրանտներին և ասպիրանտներին:
-Խորհուրդ եմ տալիս, որ նրանք օգտվեն հարուստ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից, երբեք չդադարեն բացահայտել գիտության այս զարմանահրաշ աշխարհը և ստացած գիտելիքների օգնությամբ էլ ավելի վստահ առաջ շարժվեն՝ նվաճելով նորանոր բարձունքներ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին