Գլխավոր էջ





Կենտրոնի ներկայացուցիչները զեկույցով հանդես եկան միջազգային առցանց գիտաժողովին

Մայիսի 11, 2022

 

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է սերտ համագործակցությունը նոր գործընկեր Սլովակիայի՝ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի հետ, որտեղ ս.թ. մայիսի 11-13-ը անցկացվում է միջազգային գիտաժողով «Արդյունավետ, կայուն և ճկուն գյուղատնտեսություն և պարենային համակարգեր՝ գիտության, քաղաքականության և պրակտիկայի շրջանակներում» թեմայով:

Գիտաժողովը համախմբել է ամբողջ աշխարհում քաղաքականություն մշակողներին, ղեկավարներին, ակադեմիկոսներին և հետազոտողներին, ովքեր զբաղվում են ագրոպարենային համակարգի վրա ազդող գլոբալ մարտահրավերներով և պարենային անվտանգության խնդիրներով: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և Կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանն ընդգրկված են գիտաժողովի խմբագրական խորհրդի կազմում:

Կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը զեկույցով հանդես եկավ միջազգային առցանց գիտաժողովի «Ագրոպարենային քաղաքականություն. տնտեսագիտություն, կառավարում, առևտուր, օտարերկրյա ներդրումներ, արդյունաբերական քաղաքականություն և լոգիստիկա» բաժնում՝ ներկայացնելով, որ COVID-19 համաճարակի հետևանքով տնտեսական և սոցիալական ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը մեկնարկել էր հակաճգնաժամային աջակցության տնտեսական և սոցիալական ծրագրեր, որոնց արդյունավետության մակարդակը դեռևս հայտնի չէ, չնայած այն հանգամանքին, որ դրանց շնորհիվ հնարավոր եղավ կանխել խորը տնտեսական անկումը: Այնուամենայնիվ, հետագայում լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է վերանայել հակաճգնաժամային միջոցառումները, բյուջետային հատկացումները և դրանց շահառուների շրջանակը։

Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանը զեկույցով հանդես եկավ «Կրթության նոր շրջանակները և ՏՀՏ-ի կիրառումն այդ շրջանակերում» բաժնում՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի կողմից կարճատև հեռահար դասընթացի շրջանակներում իրականացված կարիքների գնահատման հետազոտությունը՝ հեռավար ուսուցման միջոցով, որպես ցկյանս ուսումնառություն (LLL), նպաստելու աշխատունակության բարձրացմանը: Կարիքների գնահատման ուսումնասիրության նպատակներն ու խնդիրներն էին պարզել կարճաժամկետ դասընթացների ոլորտները և կոնկրետ թեմաները, որոնք անհրաժեշտ են բուհն ավարտելուց հետո ուսանողների աշխատունակության բարձրացման համար և բացահայտել հեռավար դասընթացների կազմակերպման նախընտրելի ուղիները, ինչպիսիք են դասընթացի տևողությունը, պահանջվող ժամանակը, ժամը, կառուցվածքը, գնահատման մեթոդները և այլն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին