AFISHE աշխատանքային խմբի այցելությունը Սլովակիայի ձկնաբուծական գործարան
Հունիսի 7, 2023Ս/թ հունիսի 7-ին «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խումբն այցելեց Նիտրայի (Սլովակիա) «Biely Potok Ruzomberok» ձկնաբուծարան և վերամշակման գործարան:
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի կազմում ընդգրկված էին ծրագրի համակարգող հաստատությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, աֆիլացված գործընկեր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Դուբրովնիկի համալսարանի, Պորտոյի համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սումիի ազգային ագրարային համալսարանի և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի անդամները:
Աշխատանքային խումբը ծանոթացավ ձկնաբուծական գործարանի գործունեությանը, որտեղ հիմնականում աճեցվում են 3 ձկնատեսակ՝ ծիածանափայլ ֆորել, կարմրախայտ կամ գետային ֆորել, և տեղական մի ձկնատեսակ, որը նույնպես պատկանում է սաղմոնազգի ձկնատեսակին:Այս ձկները աճեցվում են հիմնականում մինչև մանրաձկան փուլ, որոնք հետագայում բաց են թողնվում լճեր, սակայն նրանց մոտ անցկացվում է նաև ձկների զարգացման ամբողջ ցիկլը, ինչը նշանակում է, որ այստեղ պահվում է ձկների մայրական կազմը, որն օգտագործվում է նաև ձկնկիթ ստանալու համար, այն անցնում է ինկուբացիոն շրջան և հետագայում արտադրվում որպես մանրաձուկ: Որոշ ձկնատեսակներ նաև ուղարկվում են հարևան երկրներ. նրանք ստանում են պատվերներ Լեհաստանից, Չեխիայից և այլ երկրներից, որոնք նույնպես անհրաժեշտություն են ունենում վերականգնել այս կամ այն ձկնատեսակը գետերում:
Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, օգտագործվում են աշխարհում լայնորեն կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, ջրային պաշարը հիմնականում առաջանում է աղբյուրներից և գետի ջրերից: Իհարկե, մինչև լճակներ և ավազաններ մուտք գործելը՝ այս ջրերը նախապես ֆիլտրվում են, ընդ որում՝ ոչ միայն մեխանիկական, այլև կենսաբանական մաքրում է տեղի ունենում՝ ստանալով բավականին հաջող արդյունքներ: Մայրական կազմը այցելության պահին ներկայացված էր ծիածանափայլ ֆորելով, որտեղ որոշ ձկների չափը հասնում էր մինչև 14 կգ.:
Գործարանը զբաղվում է նաև առևտրային գործունեությամբ, քանի որ իրենից ներկայացնում է կոմերցիոն ընկերություն:Գործարանի տարածքում գործում է ձկան խանութ, որտեղ վաճառվում են թարմ, սառեցված կամ ապխտած ձկնամթերք:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին