Ավարտվեցին AFISHE ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դասընթացները
Մարտի 11, 2024Ս.թ. փետրվարի 19-ից AFISHE ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացները մեկնարկել էին նաև Պորտոյի համալսարանում, Պորտուգալիա: Ուկրաինայի և Հայաստանի աշխատանքային խմբերին քաղաքի պատմական կենտրոնում գտնվող հնագույն ռեկտորատի շենքում դիմավորեց Պորտոյի համալսարանի պրոռեկտոր Ժոանա Կարվալյուն։ Այնուհետև էքսկուրսավարի ուղեկցությամբ կազմակերպվեց շրջայց համալսարանի տարածքում, ով պատմեց պատմության և նրա հետ առնչվող նշանավոր անձանց մասին: Հաջորդ օրը տեղի ունեցան էքսկուրսիաներ դեպի Պորտո քաղաքում գտնվող «SEA LIFE» ակվարիումային ցանցի ցուցադրություն և «CIIMAR RESEARCH CENTER» ծովային և բնապահպանական հետազոտությունների միջդիսցիպլինար կենտրոն:
Ակվարիումը տպավորիչ էր իր կենդանի օրգանիզմների բազմազանությամբ և էկոհամակարգերի լայն տեսականիով, որոնք ներկայացված են իր տարածքում՝ քաղցրահամ գետերից մինչև արևադարձային և սառը ջրերով ծովային գետեր: Գիտական կենտրոնում միաժամանակ իրականացվում են հսկայական թվով նախագծեր (ծովային ռեսուրսների կայուն կառավարման, շրջակա միջավայրի մոնիտորինգի, ակվակուլտուրայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում և այլն)։ Ուստի ճանաչողական շրջագայության շրջանակներում պորտուգալացի գործընկերների կողմից ներկայացվեցին գենետիկական հետազոտությունների, կենսամոնիթորինգի, արժեքավոր և անհետացող տեսակների պահպանման հետ կապված հիմնական հետազոտական միավորները և այլն։
Այնուհետև մասնակիցներն այցելեցին ձկնորսական նավահանգիստ, «DOCA PESCA» ձկան աճուրդ և «PINHAIS» պահածոների գործարան, որտեղ ծանոթացան որսած ձկան և ծովամթերքի սանիտարական հսկողության առանձնահատկություններին, ձկան աճուրդների կազմակերպմանը, ինչպես նաև ավանդական մեթոդներով ձկան պահածոների մշակման և արտադրության տեխնոլոգիային, որը փոխանցվել է սերնդեսերունդ ավելի քան 100 տարի:
Չորրորդ օրը կազմակերպվեց Էքսկուրսիա դեպի Պորտուգալիայում ամենահայտնի և ամենամեծ ժամանակակից բարձր տեխնոլոգիական ծովային տնտեսություն «FLATLANTIC AQUACULTURE», այցելություն «ELA» թանգարան և ակվարիում: Ակվարիումը և թանգարանը նվիրված են տեղական ծովային և քաղցրահամ բիոտոպներին, ջրային կենդանական և բուսական աշխարհին, ներառյալ ձկներին, որոնք բռնում են տեղի ձկնորսները, ինչպես նաև ծովային անողնաշարավորներին և մակրոջրիմուռներին:
Տեղի ունեցան նախատեսված այցելություններ ոլորտի տարբեր կազմակերպություններ, որտեղ մանրամասն ներկայացվեցին ակվակուլտուրայի բոլոր գործառույթները, ինչպես նաև ճանաչողական այցեր, որոնց ընթացքում ձևավորվեց ամբողջական պատկեր ակվակուլտուրայի բուծման, արտադրության և սպառման վերաբերյալ:
Պորտուգալիան՝ որպես ոլորտի առաջատար երկիր, իր առաջադեմ, ծավալուն ենթակառուցվածքով և միջազգային ասպարեզում իր կայուն հնարավորություններով, ծրագրի մասնակիցների համար հնարավորինս խորը և համապարփակ գիտելիքներ ստանալու բացառիկ վայր էր։ Այդ նպատակով կազմակերպվեցին այցելություններ գիտահետազոտական կենտրոններ, ձկնորսական նավահանգիստներ, պահածոների գործարաններ, օվկիանոսի ափին գտնվող ակվակուլտուրայի արհեստանոցներ, ինչպես նաև ծովային ակվարիումներ և թանգարաններ։
Հարուստ և հետաքրքիր վերապատրաստման անցկացվեց նաև Նիտրա քաղաքի Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում: AFISHE նախագծի սլովակ և հայ մասնակիցների հետ հանդիպումները բովանդակալից ստացվեցին: Ամեն օր խմբակային պարապմունքներ էին ձկնաբուծության տեխնիկական հագեցվածության և գիտական հետազոտությունների հիմունքների վերաբերյալ, որտեղ հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ սլովակ գիտնականների աշխատանքային փորձին։ Զգալի ուշադրություն դարձվեց AFISHE-ի գործընկեր երկրներում ձկնաբուծության ոլորտին վերաբերող պետական աջակցության, ինչպես նաև արհեստական ջրամբարների օգտագործմանը, ինչը թույլ է տալիս վերահսկել ձկների կենսապայմանները և առավելագույնի հասցնել դրանց աճն ու զարգացումը: Քննարկվեցին ուսանողներին գիտական գործունեություն ծավալելու մոտիվացիայի գործիքները, դասավանդման նորագույն մեթոդների կիրառումը, ինչպես նաև ակադեմիական բարեխղճության հարցը։ Արդյունավետ էին դասերի քննարկումները, որոնց ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացրին իրենց տեսլականը ջրային բիոռեսուրսների և ակվակուլտուրայի ուղղությամբ կրթական ծրագրերի հետագա զարգացման և կատարելագործման վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին