Սահակյան Մհեր Դավիթի
Արևելագիտություն
(2008-2010)
-Որտե՞ղ եք աշխատում:
-Ղեկավարում եմ իմ հիմնադրած «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամը։ Դասավանդում եմ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնում և Հայ-ռուսական համալսարանում։
-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Ես, երևի, հարցը մի քիչ կփոփոխեմ և կպատասխանեմ այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար. անհնարինը հնարավոր դարձնելու ձգտում, միշտ դժվար, մարտահրավերներով լի ուղու ընտրություն, որը պահանջում է ուժերի էլ ավելի լարում, կամք և կրկնակի աշխատանք։ Մարդկանց հետ գործնական, ջերմ հարաբերությունների կառուցում, բոլորի հետ համագործակցելու ձգտում։ Հայրենիքին աշխատանքի միջոցով օգտակար լինելու ձգտում։ Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու տեսլական։ Սկսած գործը որակով և ժամանակին ավարտին հասցնելու պատասխանատվության զգացում։
-Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
-Այն ինձ տվել է գիտելիք և լավ ընկերներ, դասախոսներ։ Նրանցից շատերի հետ դեռ շարունակում եմ շփվել և համագործակցել։ Ի դեպ, հետագայում գիտական թեզս պաշտպանել եմ Չինաստանի լավագույն բուհերից մեկում՝ Նանծինի համալսարանում (Nanjing University), որտեղ օգնել են ինձ մինչ այդ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացածս գիտելիքները, մրցունակ եմ եղել։ Նանծինի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոկտորանտուրայի մեր բազմազգ կուրսից մինչև հիմա միայն ինձ է հաջողվել պաշտպանել թեզս։ Մյուս գործընկերներս դեռ շարունակում են գրել։
-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:
-ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի մագիստրատուրան ավարտել եմ գերազանցության դիպլոմով, կամ ինչպես մեզանում են ասում՝ կարմիր դիպլոմով։
-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:
-Մագիստրատուրան սկսեցի անմիջապես բանակից հետո, ամուսնացել էի, աշխատում էի, բակալավրիատից ստացած գիտելիքներիս զգալի մասը մոռացել էի, պետք էր վերականգել և բարելավել նաև լեզուների իմացությունը։ Այդ ժամանակ սովորում էի նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում… Պետք էր աշխատել թե՛ գիշերը, թե՛ ցերեկը… Հիշարժան դրվագը միգուցե այն է, որ կարողացա հաղթահարել դժվարությունները, ճիշտ կառավարել ժամանակը և բոլոր ուղղություններով փոքր, բայց կայուն հաղթանակներ տանել, որը պետք է դեպի գիտական կյանքը գնացող ուղուս սկիզբը լիներ։ Այդ ընթացքում հիշարժան են նաև մշտական այցելություններս Իրան՝ երբեմն «ավտոստոպերով», երբեմն ավտոբուսներով բազմաթիվ արկածներս «մասնագիտական» երկրում, դաշտային աշխատանքներս այդ երկրում, լեզվի և երկրի իմացության շնորհիվ համագործակցություն հաստատելն այդ երկրի բազմաթիվ ընկերությունների հետ։ Դեպի Արևելք իմ սերն ինձ ուղղորդեց նաև դեպի Չինաստան, որտեղ էլ գնեցի չինարեն լեզվի գիրք և սկսեցի սովորել… Մեկ տարի անց արդեն Չինաստանում էի՝ որպես Նանծինի համալսարանի ասպիրանտ։ Փորձեցի նաև համակցել նախկին գիտելիքներս, հմտություններս, որոնք ձեռք էի բերել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնում, նորի հետ։ Ուստի Նանծինի համալսարանում թեզս գրեցի «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի և ԿԺԺՀ միջուկային հարցերի շուրջ»։ Սիմվոլիկ է նաև այն, որ այսօր իմ համեստ գիտելիքները փոխանցում եմ իմ ավարտած բուհի՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի նոր ուսանողներին՝ արդեն որպես դասախոս։ 2018 թ. Արևելագիտության ամբիոնի ղեկավար պարոն Ռոբերտ Ղազարյանի հետ համատեղ կազմակերպեցինք «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, նույն 2018 թ. հոկտեմբերին՝ «Չինաստան-Եվրասիա» առաջին միջազգային գիտաժողովը, որի ընթացքում Հայաստան էին ժամանել գիտնականներ բազմաթիվ երկրներից։ Այսինքն՝ լավ հիշողությունները, արդյունավետ համագործակցությունը ոչ միայն անցյալում էին, այլ նաև շարունակվում են այսօր։
-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:
-Պետք է հիշել, որ միայն դիպլոմ ստանալը դեռ ոչինչ չի նշանակում, այն դեռ աշխատանքի դուռ չի բացելու... ավարտում են հազարավորները, բայց երազանքին հասնում են քչերը... Այդ պատճառով պետք է փորձել անպայման լինել գերակտիվ, ձեռք բերել այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք ձեզ տարբեր կդարձնեն ձեր կողքի մարդկանցից։ Ստեղծե՛ք կապեր ու նորից կապեր ձեր ոլորտում... բայց ամենակարևորը... եղե՛ք միշտ ազնիվ ինքներդ ձեր, համակուրսեցիների ու դասախոսների հանդեպ, հանձնարարված աշխատանքը կատարե՛ք ազնվությամբ։ Եղե՛ք միշտ ազատ ու անկախ, երբեք մի՛ ստեղծեք ու մի՛ ընդունեք հեղինակություններ, ամեն ինչին վերաբերվե՛ք քննական ու փորձե՛ք միշտ տալ ու գտնել «ինչո՞ւ» հարցի պատասխանը... և ամենակարևորը՝ օգտագործե՛ք երևակայությունն ու կարդացե՛ք, կարդացե՛ք, կարդացե՛ք։