Բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրիչի կիրառությունը շրջակա միջավայրի և սննդի անվտանգության բնագավառներում
Շրջակա միջավայրի աղտոտման գնահատումը պահանջում է քիմիական վտանգների վաղ հայտնաբերման ժամանակակից տեխնոլոգիաներ և ճշգրիտ վերլուծական մոտեցումներ: Վերջիններս հատկապես կարևորվում են այն քիմիական նյութերի նույնականացման և քանակավորման համար, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանրային առողջության վրա: Ներկայում, բացի ավանդական աղտոտիչներից, կարևորվում են նաև նոր ի հայտ եկող աղտոտիչները: Բնապահպանական հիմնախնդիրների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճի արդյունքում, ամեն տարի ավելի մեծ թվով հետազոտություններ են իրականացվում և հրապարակվում: Պետք է նշել, որ շրջակա միջավայրի աղտոտիչների բազմաթիվ հետազոտություններ իրականացվում են քրոմատագրաֆիչի կիրառմամբ:
Քրոմատագրությունը տարբեր բաղադրություն ունեցող հեղուկ և գազային (գազանման) նյութերի խառնուրդների բաժանման արդյունավետ եղանակներից մեկն է: Արդեն 20-րդ դարի 60-ականներից սկսած բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրությունը լայն կիրառություն ստացավ փորձարարական և վերլուծական քիմիայի, սննդի, դեղագործական և քիմիական արդյունաբերության բնագավառներում: Շրջակա միջավայրի հետազոտություններում լայնորեն կիրառվում է նաև գազային քրոմատագրությունը, այնուամենայնիվ, մի շարք նյութերի (մասնավորապես պոլիարոմատիկ ածխաջրածինների) փորձաքննության համար ավելի նախընտրելի է բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրիչի (ԲԱՀՔ) կիրառումը: ԲԱՀՔ-ն ունի կարևոր նշանակություն շրջակա միջավայրի անվտանգության բնագավառում լաբորատոր փորձաքննության համար: Այն հնարավորություն է տալիս նույնականացնելու այնպիսի քիմիական նյութեր, որոնք գազային քրոմատագրության եղանակով հնարավոր չէ որոշել: Բացի այդ, ատոմային կլանումային (աբսորբցիոն) սպեկտրաչափության և սպեկտրաչափական այլ մեթոդների հետ համադրմամբ՝ ԲԱՀՔ-ը հնարավորություն է ընձեռում շրջակա միջավայրի նմուշներում տարրերի հայտնաբերման ժամանակ տարբերակելու օրգանական և անօրգանական ձևերը: Ընդհանուր առմամբ, բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրությունը որակական և քանակական հետազոտության բարձր ճշգրտություն ունեցող մեթոդ է, որի միակ սահմանափակումը չլուծվող միացությունների հետազոտման անհնարինությունն է:
ԲԱՀՔ-ն առանձնահատուկ նշանակություն ունի մետաղների, ինչպես նաև թունավոր տարրերի ռիսկի գնահատման ժամանակ: Մասնավորապես, սննդամթերքի սպառման արդյունքում հնարավոր առողջության ռիսկի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով սննդամթերքի մեջ այս կամ այն տարրի պարունակությունը: Հայտնի է, որ տարրի տարբեր տեսակներ կարող են էականորեն տարբեր թունավոր ազդեցություններ ունենալ (oրինակ՝ անօրգանական արսենի թունավոր ազդեցությունը տարբերվում է օրգանական արսենի հարուցած ազդեցությունից): Հետևապես առողջական ռիսկի գնահատման գործընթացի արդյունավետ իրականացման համար շատ կարևոր է սպառվող մթերքի նմուշներում տարրի առանձին տեսակների (օրինակ՝ օրգանական և անօրգանական) պարունակության որոշումը: Այս պարագայում ԲԱՀՔ-ը մեծ ներուժ ունի և կարող է նպաստել ռիսկի գնահատման գործընթացի բարելավմանը:
ԲԱՀՔ կիրառությունը սննդագիտության և սննդի անվտանգության ոլորտում
ԲԱՀՔ-ը ծախսարդյունավետ տեխնիկա է, որը լայնորեն օգտագործվում է սննդամթերքի փորձաքննության մեջ, հատկապես սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև որակի վերահսկողության համար անհրաժեշտ ցուցանիշների որոշման համար: Օրինակ` ԲԱՀՔ կիրառմամբ իրականացվում են մթերքի մակնշման ենթակա սննդանյութերի, ինչպես նաև որոշ աղտոտիչների և թունաքիմիկատների փորձարկումներ: Տարբեր դետեկտորների կիրառմամբ հնարավոր է որոշել սննդամթերքում առկա բնական բաղադրիչները, ածխաջրերը, ճարպերը, տրիգլիցերիդներն ու խոլեստերոլը, ճարպաթթուներն ու օրգանական թթուները, սպիտակուցներն ու պեպտիդները, ամինաթթուները, վիտամինները, սննդային հավելումները, թթվեցնող նյութերը, քաղցրացուցիչները, բուրավետիչները, ներկանյութերը, աղտոտիչները, միկոտոքսինները, պեստիցիդների և անասնաբուժական դեղամիջոցների մնացորդները, պոլիարոմատիկ հիդրոկարբոնները, նիտրոզոամինները և այլն:
Սննդամթերքը բնական բաղադրիչների, ինչպես նաև այլ բարդ նյութերի խառնուրդ է, որոնք սովորաբար ծագում են տեխնոլոգիական գործընթացների, ագրոքիմիական մշակումների և փաթեթավորման նյութերի կիրառության արդյունքում: Այս միացություններից մի քանիսը (օրինակ՝ անասնաբուժական դեղամիջոցներ, թունաքիմիկատներ, միկոտոքսիններ և այլն) խնդրահարույց են, քանի որ անգամ փոքր քանակությամբ առկայության դեպքում մարդու առողջության համար կարող են վտանգավոր լինել: Որոշվող նյութերի քանակները հաճախ շատ փոքր են, հետևապես պահանջվում են զգայուն և ճշգրիտ վերլուծական մոտեցումներ: Բացի այդ, ժամանակակից աշխարհում անվտանգ և առողջարար սննդամթերքի պահանջակից զատ, կարևորվում են նաև սննդամթերքի որակական հատկությունները:
Ներկայում բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրությունը սննդի անվտանգության խնդիրների լուծման և կեղծիքների կանխարգելման նպատակով կիրառվող կարևոր մեթոդներից մեկն է: