ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոկենտրոնի ERLEP լաբորատորիա
2018 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իրականացնում են «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը՝ միտված շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում Հայաստանում և Վրաստանում կրթական ծրագրերի որակի բարելավմանը, առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացման ապահովմանը՝ հիմք ընդունելով Բոլոնիայի և ԵՀԱ-ի (եվրոպական համալսարանների ասոցիացիա) Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը՝ ներառյալ կրթական տեխնոլոգիաների վերջին նորարարությունները:
Բնապահպանական կրթությունը արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում, որը տեղակայված է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ստեղծվում է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ իրականացվելու են ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծումը ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը էականորեն բարելավելու է հետբուհական կրթության որակի չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա համալսարանների և արտաքին շահառուների միջև իրականացնել տարբեր նախագծեր: