Գլխավոր էջ





JEOL-JCM-7000 մանրադիտակ. կիրառությունը տարբեր ոլորտներում

Ճապոնական «JEOL» ընկերության արտադրության «JEOL-JCM-7000 NeoScope» մոդելի սկանավորող էլեկտրոնային մանրադիտակ՝ նմուշը ոսկեպատող սարքի հետ մասին, որը հնարավորություն է տալիս հետազոտելու նաև կենսաբանական նմուշներ։ Մանրադիտակը նմուշի մակերեսը սկանավորում է էլեկտրոնների կենտրոնացված ճառագայթի ուղղորդմամբ: Այն նմուշների մորֆոլոգիական, տոպոգրաֆիական առանձնահատկությունների և քիմիական բաղադրության հետազոտման հզոր միջոց է։ JEOL-JCM-7000 NeoScope մանրադիտակը հնարավորություն է տալիս մեծացնելու նմուշը 100000 անգամ, որոշելու մասնիկների չափը: Մանրադիտակը հնարավորություն ունի միաժամանակ որոշելու նմուշում առկա 40 տարրի պարունակություն և ստանալու ընտրված հատվածի առանձին տարրերի պարունակությունների բաշխման քարտեզներ։

Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը կիրառվել է մոտ 1965 թվականից: Տարիների ընթացքում այն կատարելագործվել է, ինչը թույլ է տվել վերջինս կիրառել ամենատարբեր ոլորտներում։ JEOL JCM-7000-ի կիրառման հնարավորությունները թեև մի փոքր սահմանափակվում են՝ կապված այն հանգամանքի հետ, որ նրանով կարելի է հետազոտել միայն չոր նյութ, այնուամենայնիվ մանրադիտակն ունի կիրառության լայն ոլորտներ՝ շրջակա միջավայր, նյութագիտություն, բրուտագործություն, նանոտեխնալոգիա, երկրաբանություն, սննդագիտություն և այլն: Շրջակա միջավայրին և երկրաքիմային վերաբերող ուսումնասիրություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս նմուշներում իրականացնելու տարրերի որակական և քանակական վերլուծություն։ Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը կարող է հիանալի գործիք լինել սննդագետների համար սննդի որակի գնահատման և մթերքների արտադրման գործընթացում: Այն կարելի է կիրառել է չոր սնունդը, փոշիացված մթերքների միկրոկառուցվածքային բնութագրերը ուսումնասիրելու ժամանակ: Կենսաբժշկական հետազոտություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու դեղորայքի, կոսմետիկ նյութերի քիմիական բաղադրությունը, դրանց համասեռությունը, ինչպես նաև նյութերի ազդեցությունը մաշկի վրա: Տեքստիլ արդյունաբերության մեջ այն հնարավորություն է տալիս բացահայտելու մանրաթելի քիմիական բաղադրությունը, կառուցվածքը, տեսակը, ամրությունը, առաձգականությունը։

Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը լայնորեն օգտագործվում է այլ սարաքավորումների հետ միասին, ինչը մեծացնում է հետազոտությունների իրականացման շրջանակները: