Իտալիայի Տուշայի համալսարանի հետ համագործակցությունն ամրապնդվում է
Օգոստոսի 30, 2024Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հյուրընկալեց Իտալիայի Տուշայի համալսարանից ժամանած պատվիրակությանը՝ ի դեմս ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի, արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Ֆատորետիի, Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի տնօրեն Մաուրիսիո Պետրուչիոլիի, գործարար կապերի և ֆոնդահայթայթման պատվիրակության անդամ Ջուզեպե Կալաբրոյի և պրոֆեսորադասախոսական կազմի այլ անդամների:
Հանդիպման նպատակն էր երկու համալսարանների միջև ինստիտուցիոնալ հենքի ամրապնդումն ու համատեղ համագործակության շարունակականության ապահովումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ողջունելով միջազգային պատվիրակության պատվավոր անդամներին՝ կարևորեց այս միջոցառման կազմակերպումը, որը ևս մեկ քայլ է երկարամյա արդյունավետ համագործակցության ընդլայնման և նոր գիտակրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ: «Տարիների ընթացքում մեր գործընկերությունը վերածվել է գաղափարների, ռեսուրսների և փորձի դինամիկ և արդյունավետ փոխանակման: Սա ոչ միայն հարստացրել է մեր ակադեմիական և հետազոտական միջավայրն, այլև ճանապարհ է հարթել հաջող նախագծերի իրականացման համար, որոնք փոխշահավետ են երկու հաստատություններին: Մեր գործընկերության ամենաարժեքավոր կողմերից մեկը համապատասխան ստորաբաժանումնների միջև ձեռք բերված արդյունավետ համագործակությունն է, որը հանգեցրել է նոր ուսումնական ծրագրերի ներդրմանը»,- նշեց տնօրեն Ա. Սարգսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իտալիայի Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինին, ով առանձնացրեց համատեղ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումները, որոնք, վստահաբար, կլինեն շարունակական երկու համալսարանների միջև կրկնակի դիպլոմի շնորհման, ինչպես նաև Erasmus+ շարժունության ծրագրերի շրջանակներում:
Այնուհետև համատեղ հետաքրքրության շրջանակներում կազմակերպվեցին առանձին խմբային քննարկումներ՝ ըստ ոլորտների:
Պատվիրակությունն այցելեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Երկրաբանության ամբիոն: Այցի շրջանակներում տեղի ունեցավ շրջայց Երկրաբանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան հանքավայրերի հազվագյուտ միներալներին և թանգարանային ցուցանմուշներին:
Օրն ամփոփվեց այցով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոն, որը տեղակայված է Ինժեներական քաղաքում: Այստեղ հյուրերն այցելեցին Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոն, ինժեներական լաբորատորիաներ, որտեղ իրենց հետազոական աշխատանքներն են իրականացնում Գիակրթական միջազգային կենտրոնի ուսանողները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Հանրային կապերի և կարիերայի բաժին