Հարցազրույց Իտալիայի Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանից ժամանած ասպիրանտի հետ
Մայիսի 27, 2022
Ս.թ. փետրվարի 28-ից մայիսի 27-ը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն հյուրընկալել էր Իտալիայի Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանից (University of Studies Federico II of Naples) ժամանած ասպիրանտ Քարմինի Ուրչիոլիին, ով այս ընթացքում Հայաստանում ուսումնասիրում էր խոցելի խմբերի համակեցության հարցերը: Վերջինիս գիտական ղեկավարն էր ՀՀ ՀԱԱ ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Զ.Հայրյանը, ով ծանոթացրեց միջազգային ասպիրանտին ՀՀ ներքին զբոսաշրջության առանձնահատկություններին, առկա խնդիրներին ու զարգացման միտումներին, ինչպես նաև Հայաստանում խոցելի խմբերի համակեցության պայմաններւն ու ձևավորված մշակույթին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանի հարցազրույցը Քարմինի Ուրչիոլիի հետ:
- Խնդրում եմ, մի քանի բառով պատմեք Ձեր մասին:
- Ես Քարմինին եմ, այժմ սովորում եմ Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանի սոցիալական գիտությունների դեպարտամենտի սոցիալական հետազոտությունների և վիճակագրության դոկտորական դպրոցում: Իմ գիտահետազոտական նախագիծն ուղղված է համակեցության ուսումնասիրությանը, որը դիտարկում եմ որպես բարեկեցության համակարգ: Մասնագիտությամբ համակարգչային վերլուծաբան և ծրագրավորող եմ, մասնակցել եմ նաև սոցիոլոգի որակավորման վերապատրաստումներին: Հիմնական սոցիոլոգիական հետազոտություններս վերաբերում են թվային փոխակերպումներին, գենդերային անհավասարություններին, սոցիալական ներառմանը: Տարածաշրջանային և զբոսաշրջային երևույթների ուսումնասիրությունները հենց այն ոլորտներն են, որտեղ ես առավելապես կիրառում եմ իմ աշխատանքը։
- Ինչպե՞ս եք տեղեկացել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մասին:
- Թեզիս ղեկավարն ինձ ուղղորդեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ՝ որպես հրաշալի վայր իրականացնելու հետազոտությունս: Ունեցել եմ նաև երկրաբան, հնագետ, լեզվաբան ընկերներ, ովքեր վերջին տարիներին այցելել են Հայաստան՝ այլ բնագավառներում հետազոտություններ իրականացնելու նպատակով։
Մեր համալսարանի հասարակական գիտությունների դեպարտամենտում ընդունված է արտերկրում հետազոտություան իրականացումը ինստիտուցիոնալ դասընթացների համատեքստում (բակալավրիատ և մագիստրատուրա), իսկ որպես հետազոտական նախագծի մաս՝ այն պարտադիր է: Կարծում եմ, որ ցանկացած հետազոտողի և գիտնականի համար շատ կարևոր է նաև ուսումնասիրել այլ երկրի փորձը:
- Ինչպիսի՞ աջակցություն է առաջարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն միջազգային ուսանողներին:
- Ես համոզվեցի, որ այստեղ գտնվելու ընթացքում ցանկացած պահի կարող եմ հույս դնել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի չափազանց հոգատար աշխատակիցների վրա: Չէի կարող պատկերացնել, որ կհանդիպեմ այսքան լավ մարդկանց ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածության, այլև մարդկային առումով: Եթե կարելի է, օգտագործեմ նաև այս առիթը և շնորհակալություն հայտնեմ Աննային, Արուսին, Էլլային և Լիլիթին, ինչպես նաև գրադարանի անձնակազմին, համալսարանի աշխատակազմին և բոլոր այն մարդկանց, ում հանդիպեցի այս ընթացքում: Շա՛տ շնորհակալություն:
- Ինչպե՞ս անցավ Հայաստանում Ձեր հետազոտությունը:
- Ոլորտի ուսումնասիրությունները փորձեցի կատարել որակական մեթոդներով (հանդիպումներ, հարցազրույցներ, մասնակիցների հետազոտություն, տարբեր վայրերի զննում և այլն)՝ իրականացնելով հայոց պատմության և մշակույթի տեսական ուսումնասիրություններ, համեմատել այն հասարակության ներկա վիճակի հետ՝ հիմնվելով տեղական և միջազգային վիճակագրական տվյալների վրա: Քանի որ միայն Երևանը Հայաստան չէ, և Հայաստանը միայն Երևանը չէ (և սա յուրաքանչյուր ազգի և մայրաքաղաքի հարաբերակցության դեպքում է այսպես), ես ուսումնասիրություններ եմ իրականացրել մայրաքաղաքից հեռու գտնվող քաղաքներում, որպեսզի հնարավորություն ունենամ համեմատել գյուղական և քաղաքային մշակույթները միմյանց հետ: Եղել եմ նաև Վրաստանում, այստեղ հանդիպել եմ արցախահայերին, որպեսզի հնարավորություն ունենամ առանձնացնել հայկական յուրահատկությունը Կովկասում։
- Ի՞նչը ամենաշատը Ձեզ դուր եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում:
- Հաճախ եմ այցելել Կենտրոնի գրադարան, որը կազմակերպում է բավականին արդյունավետ և կազմակերպված սպասարկում։ Այցելել եմ նաև ՀՀ ԳԱԱ համակարգի տարբեր ինստիտուտներ և կենտրոններ, որտեղ հանդիպել եմ բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ։
- Հետազոտական աշխատանքի ընթացքում հատկապես ո՞ր խնդիրներն են գրավել ձեր ուշադրությունը:
- Ի տարբերություն հետազոտական այն վարկածների, որոնք ձևակերպել էի նախնական փուլում, այստեղ սկսեցի աշխատել ներառականության ուղղությամբ՝ հիմնվելով ունեցած փորձիս վրա: Ինձ գրավեց այն մեխանիզմների ուսումնասիրությունը, որոնք առավել ակտիվ են այստեղ սոցիալական համատեքստում՝ դժվարության մեջ գտնվող մարդկանց ներառման տեսանկյունից: Այս ուսումնասիրությունը հնարավոր էր կատարել միայն ֆիզիկապես այստեղ գտնվելով, քանի որ Հայաստանն ունի բազում առանձնահատկություններ, որոնք շատ արժեքավոր և հետաքրքիր են սոցիալական ոլորտի հետազոտողի համար։ Ես բազմաթիվ հարցախույզներ եմ անցկացրել և պատրաստվում եմ ավարտել հայերեն և ռուսերեն թարգմանած երկու հարցաթերթիկների մշակումը: Հուսով եմ, որ կկարողանամ կատարել որոշ հրապարակումներ, որոնք կարող են ինչ-որ կերպ օգտակար լինել:
- Հայկական մշակույթի ո՞ր մասն է հատկապես Ձեզ տպավորել:
- Բոլորը թվարկելու համար չափազանց շատ ժամանակ կպահանջվի, բայց որպես զբոսաշրջիկ կարող եմ ընդգծել Հայաստանի հրաշալի բնապատկերները, հայկական արտասովոր խոհանոցը և յուրաքանչյուր հայի այնպիսի հոգատարությունը, որ դու քեզ հնարավորինս հարմարավետ զգաս: Բայց ես միայն զբոսաշրջիկ չեմ, և կցանկանայի արտահայտել երեք բառով՝ ճկուն, հյուրասեր, բարձր արժեքներ կրող ազգ: Ինչպես ասել է հայ բանաստեղծ Սևակը. «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, և մենք ոչ ոքից մեզ չենք գերադասում.... Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ :Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ: Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել».
- Ի՞նչ կմաղթեք այլ միջազգային ուսանողներին:
- Միանշանակ փակ աչքերով ընտրե՛ք Հայաստանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ անկախ հետազոտական ոլորտից, ոգեշնչվե՛ք մարդկանցից և չքնաղ վայրերից, փոխանակվե՛ք արժեքներով և դուք անպայման կվերադառնաք գիտելիքներով զինված և մոտիվացված։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին