ԹՈՒՄՈ Լաբորատորիաների Համագործակցության Առաջարկ. հանդիպում- քննարկում ԳԿՄԿ-ում
Դեկտեմբերի 27, 2019Ս/թ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն հյուրընկալեց ԹՈՒՄՈ լաբորատորիաների նախագծերի ավագ ղեկավար Բահարե Ֆաթեմիին:
Հանդիպմանը ներկա Էին ԳԿՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանը, ԳԿՄԿ Ուսումնական բաժնի պետ Երջանիկ Զարգարյանը, ԳԿՄԿ Ատտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անժելա Պապիկյանը, ԳԿՄԿ Գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը նաև ՀՀԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինտիտուտի (ԻԱՊԻ) տնօրեն Հրաչյա Ասցատրյանը և ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի վարիչ Վլադիմիր Սահակայնը:
Տիկին Ֆաթեմին ներկայացրեց «ԹՈՒՄՈ» լաբորատորիաները՝ որպես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական ու կիրառական գիտությունների կենտրոնի կրթական բաղադրիչ ունեցող նախագիծ: Լաբորատորիաների թիրախային խմբերն են տեղեկատվական տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի ոլորտների ուսանողները և երիտասարդ մասնագետները:
Հանդիպման հիմնական նպատակն էր Գիտակրթական միջազգային կենտրոնին առաջարկել համագործակցել և ներդնել հետազոտական նախագծահեն ուսումնառություն ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության ուսանողների համար: Կրեդիտային նախագծերը կարող են դառնալ ԳԿՄԿ-ի ուսումնական ծրագրերի մի մաս կամ հանդես գալ որպես անկախ մոդուլ:
Ըստ տիկին Ֆաթեմիի՝ նախագծերում ընդգրկված են լինելու ուսանողներ, ոլորտի դասախոսներ, բիզնես ուղղվածություն ունեցող արդյունաբերական կազմակերպություններ, որոնց հետ ԹՈՒՄՈ լաբորատորիաները սերտ համագործակցում են: Յուրաքանչյուր իրականացվող նախագիծ պետք է լինի շուկային համահունչ և կապված կլինի կրթության և արդյունաբերության հետ: Առաջարկվող նախագծերի թեմաներն են՝ կրթություն, ֆինանսներ, մշակույթ և տուրիզմ, խաղեր և այլն, կիրառվող տեխնոլոգիաներն են՝ ռոբոտաշինություն, կիբեռ անվտանգություն, ավտոմատացում, մեծածավալ տվյալներ, սիմուլյացիա և այլն: Նախագծերի իրականացման համար կազմակերպությունները կարող են հովանավորել ուսանողներին բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով:
Կարևոր և արժեքավոր էր ԹՈՒՄՈ լաբորատորիաների առաջարկը միանալու ընդհանուր օգտագործման հանգույցին (shared hub), որտեղ ուսանողների համար նախագծեր իրականացնելու նպատակով մշտապես հասանելի կլինեն արդիական և անհրաժեշտ սարքավորումներ և համակարգչային ծրագրեր:
Վերլուծելով ԹՈՒՄՈ լաբորատորիաների համագործակցության առաջարկը՝ կարելի է առանձնացնել նախագծահեն ուսումնառության հետևյալ առավելությունները՝
- Կապ ոլորտի առաջատար փորձագետների հետ
- Նախագծերի միջոցով ուսուցման մոդելների մշակում և կազմակերպում
- Ոչ ծախսատար հետազոտական գործունեություն (ընդհանուր օգտագործման հանգույց)
- Համալսարանների ներկայացումը շուկայում (ուսանողների միջոցով)
ԳԿՄԿ աշխատակիցներին ներկայացվեց ԹՈՒՄՈ «Կոնվերգենցիայի կենտրոնը»՝ որպես նոր կառուցվող նախաձեռնություն, որը տարածաշրջանում դառնալու է ամենահավակնոտ նոր կրթական բազմաֆունկցիոնալ էկոհամակարգը, որը առաջարկելու է նորարարական էկոհամակարգում բաց համագործակցություն խթանող կենսունակ մի միջավայր նախատեսված ճարտարագիտության և կիրառական գիտության համար: Կենտրոնի վերջնական ճարտարապետական ձևավորումը կավարտվի 2020 թվականի գարնանը:
Հանդիպման վերջում նախանշվեցին Գիտակրթական միջազգային կենտրոնի և ԹՈՒՄՈ լաբորատորիաների համագործակցության հեռանկարները և ուղիները: