«Օժանդակություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրը այս անգամ այցելեց Տավուշի մարզ
Դեկտեմբերի 13, 2013Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ուսանողական խորհուրդը,«Երիտասարդություն» ՀԿ և «Երազանք» թատերախումբը իրականացնում են «Օժանդակություն սահմանամերձ գյուղերին»խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է ցուցաբերել օգնություն սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին: Ծրագիրը իրականացվում է տարին մեկ անգամ` Ամանորի նախաշեմին: Նախորդ տարիներին ծրագիրը իրականացվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի արդեն Տավուշի մարզում` Չինարի և Այգեձոր գյուղերում: Այս տարի ծրագիրը մի փոքր ընդլայնվել է. եթե նախկինում յուրաքանչյուր գյուղից ընտրվել է հինգական ընտանիք, ապա այս տարի այդ թիվը դարձել է յոթ: Մինչև գյուղ այցելելը, կազմակերպիչները համագործակցում են համայնքի ղեկավարների հետ, որոնց միջոցով էլ ընտրվում են թիրախային ընտանիքները: ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողներ հետ տարվող աշխատանքերի համակարգող Դավիթ Գրիգորյանի խոսքով` կարևորը սահմանամերձ գյուղի բնակիչներին ցուցաբերվող ջերմությունն է և վերաբերմունքը.«Այս քայլը օգնության մի փոքրիկ կաթիլ է , ամենագլխավորը մեր ջերմությունն է դեպի այդ մարդիկ: Շատ կցանկանայի, որ քաղաքամայր Երևանում բնակվող մեր երևանցիներն ավելի ընդլայնեին իրենց մտածելակերպը և մի պահ մտածեին, թե սահմանամերձ գյուղի` թշնամու կրակոցների տակ ապրող մեր հայրենակիցը ինչ կարիքներ ունի»,-նշում է Դավիթ Գրիգորյանը և հույս հայտնում, որ լավ գործերը միշտ էլ ունենում են աջակիցներ, կգա ժամանակ, որ ծրագիրը կիրկանացվի ոչ թե տարին մեկ անգամ, այլ մի քանի անգամ: Այս ծրագիրը գուցե իրականություն չդառնար, եթե կազմակերպիչների կողքին յուրաքանչյուր տարի չկանգնեին և իրենց աջակցությունը չբերեին այն մարդիկ, որոնք մշտապես աջակցում են այսօրինակ ծրագրերին` ԳԿՄԿ-ի տնօրենը, ուսանողները, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանը և այլն: Խմբի առաջին այցելությունը սահմանամերձ Չինարի գյուղի մանկապարտեզն էր, որը գտնվում է թշնամու հենակետի դեմ դիմաց, շենքի պատերին նրա ամենօրյա կրակոցների հետքերն են: Կրակոցները այստեղի փոքրիկների համար արդեն սովորական երևույթ է դարձել. նրանք, անտեսելով թշնամուն, ամեն օր գալիս են մանկապարտեզ: Մանակապարտեզի սաները հյուրերին դիմավորեցին բանաստեղծություններով, երգով ու պարով: Մանկապարտեզում սովորում է 25 երեխա: Այս թիվը, ըստ մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Ավագյանի, տարեցտարի պակասում է:«Միայն խաղաղություն ենք ուզում, միայն կրակոցներ չլինեն: Երեխաները կշատանան ու ամեն ինչ լավ կլինի: Խաղաղություն ենք ուզում, ուրիշ ոչինչ»-,շեշտում է մանկապարտեզի տնօրենը: Մի քանի ժամով «Երազանք» թատերախմբին հաջողվեց խաղերով սահմանամերձ գյուղի մանուկին կտրել վտանգներով լեցուն առաօրյայից: Նույն ոգևորվածությամբ խմբին դիմավորեցին նաև Այգեձորի մանկապարտեզի երեխաները, ովքեր միշտ պատրաստ են իրենց տաքուկ և փոքրիկ հարկի տակ հյուրընկալել այցելուներին: Այստեղի մանուկներին ոչինչ հարկավոր չէ, միայն ուշադրություն և ամենգլխավորը` խաղաղություն: Նրանց խաղաղության համար հոգում են իրենց հայրերը, Հայոց բանակի մեր զինվորները, ովքեր զինվորագրվել են սուրբ գործին` Հայրենիքի պաշտպանությանը: Ծրագրի կազմակերպիչները ընտրելով «Երբ մի ձեռքդ լավություն է անում, մյուսը չպետք է իմանա այդ մասին» կարգախոսը, երբեք չեն բարձրաձայնել իրենց արածները: Առաջին անգամ լուսաբանելով նրանց գործունեությունը` հույս ենք փայփայում, որ շատերը կմիանան խմբին և կաջակցեն, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչները զգան, որ իրենք սահմանին միայնակ չեն:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Լրագրություն» բաժնի շրջանավարտ Զվարթ Խաչատրյան