Գլխավոր էջ





Գիտակրթական կենտրոնը շարունակում է «ԱՐՄԴՈԿՏ» ծրագրով ստանձնած աշխատանքների արդյունավետ իրականացումը

Նոյեմբերի 25, 2020

Սույն թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի WP2 «Աստիճանաշնորհում» ենթախմբի առցանց հանդիպում-քննարկումը, որը  բացեց սույն ենթախմբի համակարգող, ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։

Գործընկեր բուհերից/կազմակերպություններից հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից, Վանաձորի պետական համալսարանից, Երևանի պետական բժշկական համալսարանից, Բրյուսովի անվան պետական համալսարանից, Պոլիտեխնիկական համալսարանից, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից։

Ծավալված քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնախնդիրներին.

-բուհերի դերի կարևորում և գործառույթների ընդլայնում գիտական աստիճանի շնորհման գործընթացում,  ԲՈԿ-ի դերակատարության և գործառույթների լրացուցիչ քննարկումներ,

-ատենախոսությանը ներկայացվող պահանջների վերանայման անհրաժեշտություն /ծավալ, հղումներ, տպագրած հոդվածներ, սեղմագիր և այլն/,

-բնագիտական և հասարակագիտական ու հումանիտար գիտությունների համար ատենախոսության չափանիշների տարանջատում,

-մասնագիտական խորհուրդների անդամներին ներկայացվող չափանիշների վերանայում,

-մասնագիտական խորհրդի անդամների թվի մասին քննարկումների շարունակում, օպտիմալ տարբերակների որոնում,

-մասնագիտական խորհրդում արտասահմանյան մասնագետների ներգրավման նպատակահարմարության քննարկում, մեխանիզմների ներդրում՝ ֆինանսական հնարավորություններն հաշվի առնելով,

-ատենախոսության պաշտպանության գործընթացում ներգրավված մասնագետների /մասնագիտական խորհրդի անդամներ, ընդդիմախոսներ և այլն/ վարձատրության չափի մեծացում,

-ատենախոսի բողոքարկման հնարավորության և մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն,

-աստիճանաշնորհման գործընթացում ակադեմիական ազնվության և բարեվարքության կանոնների, մեխանիզմների ներդրում, գրագողության դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդրում,

-գիտական աստիճանաշնորհման գործընթացը կանոնակարգող բոլոր ենթաօրենսդրական փաստաթղթերի միավորում մեկ-ընդհանուր փաստաթղթում՝ տարընթարցումներից խուսափելու և մեխանիզմների հստակեցման նկատառումներով,

-այժմ գործող գիտական երկրորդ աստիճանի պահպանման անհրաժեշտության քննարկումներ, բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավում,

-պահանջվող գիտական հրապարակումների որակի ու քանակի վերաբերյալ քննարկումների շարունակություն,

-ատենախոսության պաշտպանության գործընթացի հանրայնացման մեխանիզմների ներդրում, մասնագետների ներգրավում,

-բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի հետ ներկայացված առաջարկությունների սինխրոնացման անհրաժեշտություն։