ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի գործունեությունը՝ NEPC-ի անդամակցության շրջանակներում
Փետրվարի 24, 2022NEPC-ի անդամակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցել է «Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույց -2021» - ում ներառված առաջարկների փաթեթի մշակման աշխատանքներին, որտեղ ընդգրկված են կրթական քաղաքականությամբ զբաղվող կրթական և գիտահետազոտական տարբեր կառույցներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներից: Հաշվի առնելով, որ տարածաշրջանը մուտք է գործում Կայուն զարգացման նպատակ 4-ին (ԿԶՆ) միտված գործողությունների վերջին տասնամյակ, որի առաքելություններից մեկը ներառական կրթությունն է, ուստի կրթական համակարգերը պետք է հաշվի առնեն բոլոր սովորողների կարիքները և սովորողների բազմազանությունը դիտարկեն ոչ որպես խնդիր, այլ՝ ռեսուրս: Զեկույցում ներառված առաջարկությունները հաշվի են առնում արմատացած խոչըդոտներն ու հնարավորությունները՝ ներկայացված ներառմանը վերաբերող խնդիրների լայն շրջանակում: NEPC-ում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչ, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը ընդգծեց, որ Կենտրոնի ջանքերով, ի թիվս այլ լեզուների՝ լույս է տեսել նաև զեկույցի հայալեզու տարբերակը:
Հիշեցնենք, որ NEPC (Կրթական Քաղաքականության Կենտրոնների Ցանց) միջազգային կազմակերպությանը անդամակցում է 27 անդամ 22 երկրներից, իսկ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, որը միացել է ցանցին 2021 թվականից: NEPC-ի նպատակն է ստեղծել կրթական քաղաքականությամբ զբաղվող առաջատար կենտրոնների ցանց, որը, որպես կրթական քաղաքականության տեղական և տարածաշրջանային փորձառություն ունեցող գլոբալ դերակատար, միտված է նպաստելու բաց, ժողովրդավար, բազմամշակույթային և բազմակարծիք հասարակության ձևավորմանը:
Ցանցի ներդրումը կրթական քաղաքականության բարելավման գործում արտացոլվում է բազմազան նախագծերի իրականացմամբ, որը ներառում է խոշոր նախագծերի մշակման և իրագործման գործընթաց մի քանի երկրների մասնակցությամբ, որտեղ իր մեծ ներդրումն ունի նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին