Գլխավոր էջ





ԱՓՇԱՏԿ-ը և ԳԿՄԿ-ն կհամագործակցեն

Մարտի 18, 2021

Ս.թ. մարտի 11-ին ԳԿՄԿ-ն հյուրընկալեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանին: Այցի նպատակն էր առավել մանրամասն ծանոթանալ կառույցների գործունեությանը, հաստատել համագործակցություն և քննարկել բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները:

Հիշեցնենք, որ ԱՓՇԱՏԿ-ը նպաստում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների իրականացմանը և համընդհանուր արժեքների ներդրմանը ՀՀ-ում, նպաստում է ՀՀ-ում բարձրագույն կրթության տեսանելիությանը և միջազգայնացմանը, խթանում է ակադեմիական և մասնագիտական շարժունությունը, հետազոտում է բարձրագույն կրթությանը առնչվող տարբեր խնդիրներ:

ԱՓՇԱՏԿ-ը նաև տրամադրում է հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն տեղական և օտարերկրյա հաստատություններին, ինչպես նաև առանձին անհատներին տարբեր կրթական համակարգերի և որակավորումներ վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Արտաքին կապերի բաժին պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ԳԿՄԿ-ի պատմությունը, կառուցվածքային և ուսումնական գործընթացի իրականացման առանձնահատկություները, կենտրոնի ձեռքբերումները ու ներկայումս կենտրոնի առջև ծառացած հիմնախնդիրները: Այնուհետև Գայանե Հարությունյանը ներկայացրեց դիպլոմի հավելվածի լրացման սկզբունքները՝ նպատակ ունենալով դիպլոմի հավելվածը դարձնել առավել մրցունակ միջազգային ասպարեզում: Կողմերը համաձայնության եկան համատեղ լրամշակել ԳԿՄԿ դիպլոմի հավելվածը՝ արտացոլելով միջազգային կրեդիտային շարժունության և առցանց դասընթացների ընթացքում ուսանողների ձեռք բերված կրեդիտները դիպլոմի հավելվածում:

Քանի որ ԳԿՄկ-ն մասնակցում է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրին և համակարգում է «Աստիճանաշնորհում» աշխատանքային խմբի աշխատանքները, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց խմբի շրջանակներում կատարված աշխատանքները, մինչդեռ Գայանե Հարությունյանը ներկայացրեց ակադեմիական դոկտորական որակավորումների համադրելիությունը և ճամաչման պրակտիկան ՀՀ-ում:  Կողմերը համաձայնության եկան առանձին հանդիպում կազմակերպել և քննարկել «Աստիճանաշնորհում» աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթի վերջնական տարբերակը: