Գլխավոր էջ





Սեմինար-քննարկում «Ո՞րն է դարաշրջանի գլխավոր հակասությունը» թեմայով

Փետրվարի 28, 2024

Փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Ո՞րն է դարաշրջանի գլխավոր հակասությունը» թեմայով, որը վարում էր քաղաքագետ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:

Սեմինարի նպատակն էր նպաստել երիտասարդ սերնդի քաղաքացիական գրագիտության, քննադատական մտածողության և վերլուծական կարողությունների զարգացմանը: Սեմինարին մասնակցում էին ԳԿՄԿ ուսանողներ, շրջանավարտներ, միջին ուսումնական հաստատության սովորողներ:

Դասախոսության առանցքում տարբեր հասարակարգային իրողությունների խորքային վերլուծությունն էր, ինչպես նաև տնտեսական մարդու և քաղաքական մարդու բախման հետևանքների վերհանումը:

Բանախոս Ա.Մանասյանն իր խոսքում ընդգծեց, որ ներկայումս ամբողջ աշխարհում ընթացող գլոբալ գործընթացներն իրենց իրական բնույթին համարժեք իմաստավորում կարող են ստանալ միայն դարաշրջանի հիմնական հակասության՝ տնտեսական մարդու և քաղաքական մարդու հակամարտության վերլուծության համատեքստում: Պատերազմական գործընթացների արդյունքում քաղաքական և տնտեսական շահերի ու հիմնախնդիրների ասպեկտը մոռացվում կամ քողարկվում է մեր և նրանց կոնֆլիկտի շղարշի ներքո, և փորձել մեկնաբանել աշխարհում ծավալվող կոնֆլիկտները միայն մեկ տեսանկյունից, ճիշտ չէ: Տնտեսական կամ քաղաքական որևէ ծրագիր շրջադարձային վերափոխությունների ներուժ կարող է ունենալ որևէ երկրի համար, եթե առկա իրողությունների վերլուծության հիման վրա բացահայտվեն առաջընթացը խոչընդոտող խորքային պատճառները և առաջարկվեն դրանց հաղթահարման կոնկրետ ուղիներ: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատասխանատու պետական գործիչներն ու հաստատությունները դեմքով շրջվեն դեպի երկրի զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը և դրանք դարձնեն քննարկումների գլխավոր թեման։

Սեմինարի ավարտին ծավալվեց ակտիվ հարցուպատասխան, և հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրվածությունը քննարկվող թեմաների վերաբերյալ, Ա.Մանասյանն առաջարկեց շարունակել բովանդակալից քննարկումը մեկ շաբաթ անց՝ այս անգամ արդեն օրակարգում ներառելով հիմնախնդիրների լուծման հստակ ուղիներ և բանաձևեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին