Գլխավոր էջ





«Երկրաբանության երանգները» խորագրով գիտարշավ՝ Գիտության համաշխարհային օրվան ընդառաջ

Նոյեմբերի 14, 2022

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին նշվում է Գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման:

Այդ նպատակով ս/թ նոյեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի,
ինչպես նաև Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աջակցությամբ Կենտրոնի երկրաբանության ամբիոնի ուսանողների համար կազմակերպվել էր «Երկրաբանության երանգները» խորագրով գիտարշավ՝ բացահայտելու Հայաստանի բնության հրաշալիքները:

Բացի ԳԿՄԿ ուսանողներից՝ գիտարշավին մասնակցում էին նաև ուսանողներ Երևանի պետական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներից: Գիտարշավի նպատակն էր կազմակերպել ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի լավագույն փորձի փոխանակում ինչպես Կենտրոնի այլ ամբիոնների, այնպես էլ ՀՀ այլ բուհերի ուսանողների միջև:

Արշավախումբը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, Երկրաբանության ամբիոնի դասախոս Ղազար Գալոյանը:

Գիտարշավի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղուն հարակից վերջին ամիսներին փորված արհեստական մերկացումն էր, որտեղ հստակ երևում էր վերևից տեղադրված հրաբխային հոսքի հատակի տակ թրծված կոնտակտը, որն առաջացել էր մոտ 1000-1200 ջերմաստիճանի տակ նախկին մակերևույթի ու հողաշերտի շիկացմամբ։

Հաջորդ կանգառը Ջրաբերի պեռլիտային ավազների լքված քարհանքի սկզբնամասն էր, որտեղ Երկրաբանության ամբիոնի դասախոս Ղազար Գալոյանը մասնակիցներին համառոտ ներկայացրեց Հայաստանի երկրաբանական գլուխգործոցները՝ համապատասխան քարտեզի օգնությամբ։ Մասնակիցները հետաքրքիր հարցեր էին ուղղում ոչ միայն օբսիդիանների ու պեռլիտների, այլև Հայաստանի երկրաբանության այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Գիտարշավի ընթացքում մասնակիցներն այցելեցին նաև Գութանասարի խարամային լապիլների քարհանք, որն առաջացել է լապիլների հրաբխային ժայթքման արդյունքում, իսկ հորիզոնական կուտակումն այստեղ ստեղծել է հետաքրքիր հաստ շերտ, որի ճակատային մասում քամու հետևանքով ձևավորվել է շերտավորված ուշագրավ տեսարան, ինչն էլ այդքան հրապուրում է այցելուներին։

Օրակարգի հաջորդ վայրը Հանքավան գյուղն էր, որտեղ ճանապարհի հարևանությամբ Ղ. Գալոյանը ցույց տվեց Հայաստանի բյուրեղային հիմքի մի մասի՝ Հանքավանի շրջանի մետամորֆային (փոխակերպային, հին) ապարները, որոնք պատի տեսքով մերկանում են Մարմարիկի ձախ ափին։ Այստեղ նաև ուսանողները չափումներ կատարեցին երկրաբանական կողմնացույցի օգնությամբ։

Գիտարշավի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց վառ տպավորություններով և շնորհակալություն հայտնեցին բովանդակային ու հիշարժան միջոցառման համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Գիտարշավի մասնակից, ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Ավետիսյանը, ով գիտարշավներին մեծ կարևորություն է տալիս, նշեց, որ այս մեկն էլ առանձնացավ որպես միջբուհական կապերի ամրապնդման միջոց, քանի որ արշավին մասնակցում էին ոչ միայն երկրաբանները, այլև տարբեր բուհերի ուսանողները:

ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը ընդգծեց, որ ուսանողների համար նման ձևաչափով գիտարշավների կազմակերպումը, որպես ոչ ֆորմալ կրթության միջոց, նպաստում է բնության գրկում նոր գիտելիքների ձեռքբերմանը զուգընթաց նաև պրակտիկ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, Երկրաբանության ամբիոնի դասախոս Ղազար Գալոյանը շեշտեց նմանատիպ գիտարշավների նշանակալի դերը երիտասարդ գիտնականների կայացման, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ առավել վառ պատկերացում կազմելու գործում:

Որպես գիտարշավի նախաձեռնող՝ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը նշեց, որ գիտարշավը հաջողված էր, քանի որ բոլոր մասնակիցները մեծ բավանականություն էին ստացել թե՛ ջերմ ընկերական շփումից, թե՛ ձևավորված համագործակցային միջավայրից և թե՛ ձեռքբերած նոր գիտելիքներից:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին