Գլխավոր էջ





Հետազոտահեն կրթություն բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ

Հունիսի 4, 2021

Շրջակա միջավայրի աղտոտման գնահատումը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների, քիմիական վտանգների վաղ հայտնաբերում և ճշգրիտ անալիտիկ մոտեցումներ: Վերջիններս հատկապես կարևորվում են այն քիմիական նյութերի նույնականացման և քանակավորման համար, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանրային առողջության վրա: Շրջակա միջավայրի աղտոտիչների բազմաթիվ հետազոտություններ իրականացվում են քրոմատոգրաֆիայի կիրառմամբ:

Մի շարք նյութերի փորձաքննության համար ավելի նախընտրելի է բարձր արդյունա­վետության հեղուկային քրոմատոգրաֆի (ԲԱՀՔ) կիրառումը:

ԲԱՀՔ-ն առանձնահատուկ նշանակություն ունի սննդամթերքի սպառման արդյունքում առողջության հնարավոր ռիսկի գնահատումն իրականացնելիս, երբ  հաշվի է առնվում  սննդամթերքի մեջ տարրի պարունակությունը: Այս պարագայում ԲԱՀՔ-ն մեծ ներուժ ունի և էականորեն կարող է նպաստել ռիսկի գնահատման գործընթացի բարելավմանը:

2018 թվականից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում են «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը (https://www.menvipro.eu/): Ծրագրի շրջանակում ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում ստեղծվել է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական ERLEP լաբորատորիան (https://www.isec.am/erlep-lab): Լաբորատոր ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2021 թվականին ձեռք է բերվել ԲԱՀՔ սարքը (Waters e2695, Milford, U.S.A.), որի առկայությունը հնարավորություն է տալիս ընդլայնելու գիտահետազոտական նախագծերի և աշխատանքների շրջանակը: Բացի այդ, կարևոր է ընդգծել լաբորատոր աշխատանքներին ուսանողների մասնակցության հնարավորությունը: Լաբորատոր աշխատանքներին ուսանողների մասնակցու­թյունը նպաստում է նրանց գործնական հմտությունների ձևավորմանն ու զարգաց­մանը:

Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի  ղեկավար, ԳԿՄԿ դասախոս Դավիթ Պիպոյանը  վստահեցնում է. «Ուսման մեջ կարևոր է ստեղծել միջավայր, որը թույլ է տալիս ուսանողներին ավելի լավ հասկանալ հետազոտական ծրագիրը, մեթոդները և տվյալների վերլուծությունը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ անչափ  կարևոր նշանակություն ունի անհրաժեշտ սարքերով հագեցած լաբորատորիաների հասանելիությունը, որը հնարավորություն է տալիս ԳԿՄԿ մագիստրանտներին մասնակցություն ունենալ լաբորատոր տարբեր աշխատանքներին և հետազոտություններին: Այն ձևավորում է  քննադատական մտածողություն, ինչպես նաև օգնում է  ձևավորել հետազոտության շրջանակներում բարդ խնդիրների լուծումներ ներկայացնելու հմտություններ»:

 


ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին