ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի մագիստրոսական թեզերի հեռավար պաշտպանություն
Մայիսի 27, 2020ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտներն այսօր հաջողությամբ պաշտպանեցին մագիստրոսական թեզերը՝ արժանանալով ընդհանուր և հայ լեզվաբանություն մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհմանը:
Թեև ուսուցումը առկա ձևաչափով էր, սակայն, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, պաշտպանությունը կազմակերպվել էր հեռավար ձևաչափով՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար հարթակում՝ https://vle.sci.am/: Նշենք, որ, շնորհիվ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի, հեռավար այս հարթակը բավական բազմաֆունկցիոնալ է, ունի լայն գործիքակազմ, և ստեղծված են բոլոր պայմանները առկա ձևաչափը լիովին փոխարինելու համար: Պաշտպանության մասնակիցները և հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան հարթակում թե՛ տեսահանդիպումից առաջ, թե՛ տեսահանդիպման ընթացքում ծանոթանալու թեզերին, ուսանողների պատրաստած սահիկաշարերին, ղեկավարների և գրախոսների կարծիքներին: Բացի այդ՝ հանձնաժողովի կողմից գնահատումն իրականացվեց անմիջապես հարթակի համապատասխան բաժնում՝ ապահովելով հեռավար ձևաչափի օբյեկտիվությունը և վստահելիությունը: