Որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Մայիսի 17, 2024Ս/թ մայիսի 15-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ընդունեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշտադիտարկման խմբին՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի, ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողության ձայն» նախագծի պատասխանատու Մերի Բարսեղյանի:
Հանդիպման առանցքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարելավման պլանով նախատեսված 2022-2024թթ. գործողությունների միջնաժամկետ ծրագրի մշտադիտարկումն էր:
Այցելության շրջանակներում կազմակերպվեցին առանձին հանդիպումներ ՈԱԱԿ-ի մշտադիտարկման փորձագիտական խմբի անդամների հետ, որը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանի և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանի հետ: Համատեղ քննարկվեցին Կենտրոնի 2024-2029թթ. նոր ռազմավարական ծրագիրը, որի ընթացքում ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց Կենտրոնի վերանայված և հստակեցված հավակնություններն ու ԳԿՄԿ-ի տեսլականը:
Հանդիպումների շարքը շարունակվեց նաև ԳԿՄԿ ամբիոնի վարիչների, դասախոսական կազմի և ուսանողների հետ՝ քննարկելով ամբիոնների մարդկային և նյութական ռեսուրսների առկա իրավիճակը, բուհի ներսում լավագույն փորձի տարածման միջոցառումների շրջանակը, բարելավված մասնագիտական կրթական ծրագրերը՝ ներառյալ առարկայական ծրագրերի մակարդակով մանրամասն և չափելի վերջնարդյունքները, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ինչպես նաև ուսանողներին տրվող հանձնարարությունները հետազոտությունների իրականացման համատեքստում:
Փորձագիտական խմբի մշտադիտարկումն ու հանդիպումների շարքն ամփոփվեց ԳԿՄԿ որակի ապահովման պատասխանատուների և տնօրենության անդամների հետ, որի ընթացքում որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը ներկայացրեց բարելավման պլանով նախատեսված միջանկյալ արդյունքները, ինչպես նաև բարելավման գործընթացներում ներքին և արտաքին շահակիցների ներգրավմամբ իրականացրած քանակական և որակական հետազոտությունների ուղղություններն ու արդյունքները:
ԳԿՄԿ ընդլայնված կազմի հետ կազմակերպված առանձին կառուցողական քննարկումները բավականին բազմաբովանդակ էին և արդյունավետ, որոնց ընթացքում ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկներն իրենց նպատակային և գործառնական կիրառությունը կգտնեն ԳԿՄԿ գործունեության հետագա բարելավման և ռազմավարական պլանավորման գործընթացներում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին