Գլխավոր էջ





«Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիր

Մայիսի 24, 2012

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ, www.isec.am)մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնը հայտարարում է 2012/2013 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մասնագիտությամբ: Մագիստրոսական ծրագիրը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (www.molbiol.sci.am), որտեղ և անցկացվում են հիմնական դասընթացները և գործնական պարապմունքները: Դիմումները ընդունվում են ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան ուսանողների կողմից: Դասընթացները սկսվում են սեպտեմբերի կեսից: ուսման ավարտին ուսանողներին շնորհվելու է մագիստրոսի գիտական աստիճան մոլեկուլային և բջջային կենսաբանության ոլորտում, հավաստագրված Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթության ու գիտության նախարարության կողմից` միջազգային չափանիշների համապատասխան: Ծրագիրը ներառում է ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, որոնք վարում են տվյալ ուղղության ճանաչված գիտնականներ, այնպես էլ պրակտիկ պարապմունքներ և գիտահետազոտական աշխատանքներ` մագիստրոսական նախագծի շրջանակներում: Արտասահմանյան ուսանողների համար դասախոսությունները անցկացվելու են անգլերեն լեզվով:

Ծրագրի ընդհանուր նկարագրություն
Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացումը արմատականորեն վերափոխեց ժամանակակից կենսաբանությունը: Մոլեկուլային և բջջային կենսաբանության նորանոր նվաճումները բացեցին գիտելիքների և տեխնոլոգիաների նոր փուլ` հետգենոմային սեկվենավորման դարաշրջան, որը դարձավ կենսաբժշկական գիտության հիմնական շարժիչ ուժը:
«Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մագիստրոսական ծրագիրը ապահովում է ժամանակակից մոլեկուլա-բջջային կենսաբանության ոլորտում մասնագիտացման համար համապարփակ տեսական և փորձնական ուսուցում, ինչպես նաև տալիս գիտահետազոտական աշխատանքների իրագործման հնարավորություն` մագիստրոսական նախագծի շրջանակներում: Ուսուցման ընթացքում ուսանողները ձեռք կբերեն մի շարք ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ հարակից գիտություններին առնչվող ընդհանուր գիտելիքներ ու հմտություններ: 
Ծրագիրը ներառում է մոլեկուլային գենետիկայի, գենային և սպիտակուցային ինժեներիայի, թունագենոմիկայի, նանոկենսաբանության և նանոբժշկության, ֆունկցիոնալ գենոմիկայի, պրոտեոմիկայի, բջջային իմունաբանության, մոլեկուլային իմունաբանության և կենսաինֆորմա-տիկայի դասավանդում: Ուսանողները կծանոթանան միջբջիջային փոխազդեցությունների, ազդակի ներբջջային փոխակերպման, գենի էքսպրեսիայի և օտար հակագենների ու պաթոգենների նկատմամբ իմունային պատասխանի կարգավորմանը, բջջի և նրա օրգանելների կառուցվածքային կազմավորմանը, բջիջների բազմացման վերահսկմանը, բջիջների դիֆերենցիացիայի, չարորակ փոխակերպման, ծերացման և մահվանն մեջ ներգրավված բարդ մեխանիզմներին: Ծրագիրը տրամադրում է նաև մարդու հիվանդությունների ծագման, զարգացման և բարդացման մոլեկուլային և բջջային էթիոպաթոմեխանիզմների մասին հիմնարար գիտելիքներ: 
Փորձնական պարապմունքների ընթացքում ուսանողները կծանոթանան մոլեկուլային և բջջային կենսաբանության մեջ կիրառվող հիմնական սարքավորումներին և մեթոդներին, ինչպիսիք են` բջջային կուլտուրաների տեխնոլոգիաները, գենատիպավորումը (պոլիմերազային շղթայական ռեակցիա SSP-PCR, PCR իրական ժամանակում` RT-PCR), իմունոֆերմենտային անալիզը, էլեկտրոֆորեզի և բլոտինգի տարբեր տեսակները, կենսամոլեկուլների կառուցվածքի և ֆունկցիաների ուսումնասիրման համար օգտագործվող մոլեկուլային մոդելավորման և կենսավիճակագրության գործիքները, համապատասխան ծրագրային փաթեթները և տվյալների բազաները: Բացի դրանից, ուսանողները կսովորեն պլանավորել և իրականացնել փորձերը` սկսած մեթոդաբանական դիզայնից մինչև ստացված գիտական արդյունքների վավերացումը:
Ծրագրի հետ կապված մանրամասն տեղեկությունների ստանալու համար կարող եք դիմել ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Աննա Բոյաջյանին (+37410 281626, էլ. փոստ. aboyajyan@sci.am):

Ընդունելության կարգը և անհրաժեշտ փասթաթղթերը
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-    բարձրագույն կրթության դիպլոմի և միջուկի պատճենները,
-    քաղվածք աշխատանքային գրքույկից,
-    անձնագրի պատճեն,
-    երեք լուսանկար (3x4 սմ չափի):
Փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է անձամբ: Փաստաթղթերի ձևավորման ծառայությունների և մրցույթի կազմակերպման համար յուրաքանչյուր դիմորդից գանձվում է 2000 դրամ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Դիմել՝ ՀՀ, Երևան, Մ. Բաղրամյան 24դ, 2-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ: Դիմումների ներկայացումից հետո դիմորդները պետք է անցնեն հարցազրույց: Հարցաշարը կարող եք ներբեռնել այստեղից:
ուսման վարձը ՀՀ ուսանողների համար կազմում է 200000 ՀՀ դրամ տարեկան, արտասահմանյան ուսանողների համար` 500000 ՀՀ դրամ տարեկան:

Ընդունելության կարգի և անհրաժեշտ փասթաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկու-թյուններ ստանալու համար դիմեք.

•   ՀՀ ուսանողների դեպքում` Մելինե Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, հեռ`+37410 281626, էլ. փոստ` erada@sci.am 
•   արտասահմանյան ուսանողների դեպքում` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանին, հեռ`+37410560498,   էլ. փոստ` fordep@isec.am