ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի ուսանողների հաջողված փորձը Բոլոնիայի համալսարանում (Իտալիա)
Հոկտեմբերի 8, 2019Ս/թ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի ուսանողներ Էլիզա Պետրոսյանը և Նոնա Չաթոյանը, որոնք Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մեկնել էին Բոլոնիայի համալսարան, ներկայացրին համալսարանում մեկ կիսամյակի ընթացքում իրենց ուսումնասիրած դասընթացները, ուսումնառության արդյունքները, պատմեցին իրենց ուսանողական կյանքի, ձեռք բերած փորձի մասին, ծանոթացրին Բոլոնիայի համալսարանի պատմությանը:
Բոլոնիայի համալսարանը (Alma Mater Studiorum-UNIBO, 1088) գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Բոլոնիա քաղաքում, և համարվում է աշխարհում ամենահին և գեղեցիկ համալսարաններից մեկը: UNIBO-ն հայտնի է հետաքրքրիր ու հարուստ կրթական միջավայրով, ուսանողակենտրոն մոտեցմամբ, բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմով: Ամբողջ աշխարհում այն հայտնի է նաև իր յուրահատուկ ֆակուլտետներով և հետազոտական կենտրոններով:
Բոլոնիայի համալսարանի հարստությունն է համարվում Biblioteca Universitaria di Bologna գրադարանը, որը հիմնադրվել է 1605 թ.: Այն համալրված է կերպարվեստի և հնագույն ձեռագրերի մոտ մեկուկես միլիոն բնօրինակով, պահպանում է մոտ 250000 գիրք և 1350 պարբերական: Համալսարանի ենթակառուցվածքում ընդգրկված են նաև 260 գրադարաններ, որոնց հավաքածուները նվիրված են առանձին թեմաների:
Բոլոնիայի համալսարանում գործում է բանասիրության ֆակուլտետի հայագիտության ամբիոնը: Ի դեպ, համալսարանի քիմիայի ամբիոնը կրում է հայազգի քիմիկոս Լուիջի Ջակոմո Չամչյանի (Չամիչյան Հակոբ) անունը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի ուսանողներ Էլիզա Պետրոսյանը և Նոնա Չաթոյանը Բոլոնիայի համալսարանի պատմության և մշակույթների դեպարտամենտում ուսումնասիրել են «Հարավային Ասիայի գաղութային և ետգաղութային ժամանակաշրջանի մտավոր պատմություն», «Էթիկական հիմնախնդիրներ և սոցիալական փոփոխություններ» «Անգլերեն լեզու» առարկաները:
Պետք է նշել, որ Բոլոնիայի համալսարանում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի ուսանողները կրթական գերազանց արդյունքների են հասել և հայրենիք են վերադարձել իրենց ուսանողական անմոռանալի փորձը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ուսանել ցանկացող մյուս ուսանողներին փոխանցելու մեծ պատրաստակամությմաբ: