Գլխավոր էջ





«Իրավագիտության ամբիոնի դասախոսների պրոֆեսիոնալիզմը և ուսումնամեթոդական ծրագիրը լիարժեք հնարավորություն են տալիս ուսանողին ստանալու որակյալ ակադեմիական կրթություն», - ԳԿՄԿ շրջանավարտ Նոննա Համբարձումյան


Նոննա Համբարձումյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է: Նոննայի հետ զրուցեցինք ստացած կրթության, մասնագիտական աճի, իրականացրած հետազոտական աշխատանքի և այլ հարցերի շուրջ:

-Ո՞րտեղ եք ստացել բակալավրի ձեր կրթությունը և ի՞նչ մասնագիտությամբ:

-
2011 թվականին ավարտել եմ ՀՀ Գեղարվեստի պետական ակադեմիան՝ «Դիզայն» մասնագիտությամբ և ստացել արվեստագիտության բակալավրի կոչում:

-Ինչո՞ւ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հենց ԳԿՄԿ-ի իրավագիտության ամբիոնում:

-Չնայած այն հանգամանքին, որ արվեստի ոլորտն անչափ սիրում եմ, այնուամենայնիվ, մագիստրատուրայում սովորելու և նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն միշտ եմ ունեցել: Արվեստագիտությունից դեպի իրավագիտություն անցումը հեշտ չի եղել, դա տարիների որոշում էր, քանի որ ես շուրջ մեկ տասնամյակ աշխատում եմ իրավական ոլորտում: Իրավաբանի մասնագիտությունն ընտրելու պահն ինձ մոտ հասունացավ այն ժամանակ, երբ ընկերներիցս շատերը սեփական փորձով ինձ խորհուրդ տվեցին ուսանել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում: Բազմաթիվ էին դրական կարծիքները կենտրոնի  րոֆեսորադասախոսական կազմի մասին, ինչի արդյունքում ես որոշում կայացրի ընդունվել իրավագիտության մագիստրատուրա հենց այստեղ և, վստահաբար, չսխալվեցի:

-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած կրթությունը նպաստել ձեր մասնագիտական աճին:

-ԳԿՄԿ Իրավագիտության ամբիոնի դասախոսների պրոֆեսիոնալիզմը և ուսումնամեթոդական ծրագիրը լիարժեք հնարավորություն են տալիս ուսանողին ստանալու որակյալ ակադեմիական կրթություն և անհրաժեշտ գիտելիքներ իրավաբանության ոլորտում հաջողակ մասնագետ դառնալու համար:

-Որտեղ եք աշխատում ներկայումս, և ո՞րն է Ձեր հաջողության գրավականը աշխատանքում:

-Աշխատում եմ ՀՀ փաստաբանների պալատում: Կարծում եմ, որ ցանկացած մարդու հաջողության գրավականը աշխատանքի հանդեպ սերն ու նվիրումն է: Ինչպես չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսն է ասել․ «Ընտրե՛ք աշխատանք, որը դուք սիրում եք և կյանքում ոչ մի աշխատանքային օր չեք ունենա»:

-
Վերջերս պաշտպանել եք ձեր մագիստրոսական թեզը, թեմատիկ ի՞նչ ընդգրկում ունի այն, և ո՞րն է թեմայի կարևորությունը:

-Մագիստրոսական թեզիս թեման եղել է «Արտոնություններն իրավունքում»: Աշխատանքում բարձրացվել են իրավական իրավահավասարության սկզբունքից շեղվելու հնարավորության խնդիրները, այդ սկզբունքի կապը սոցիալական արդարության սկզբունքին, ինչպես նաև իրավական միջոցներից՝ արտոնությունների և անձեռնմխելիությունների սահմանազատման հարցը: Լիահույս եմ, որ աշխատանքում արված հետազոտությունները, եզրահանգումները և առաջարկությունները, իրենց կիրառական նշանակությամբ, հետագայում որպես դոկտրինալ գիտական աղբյուր կծառայեն:

-
Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:

-Մասնագիտական առումով անելիքներս դեռ ծրագրում եմ: Այնուամենայնիվ, իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելս աննպատակ չի մնա:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին