«Ուսման հետ զուգահեռ ընդգրկված եմ եղել COVID19 հիվանդության հարուցիչ վիրուսի գենոմի սեքվենավորման աշխատանքներին», - ԳԿՄԿ ասպիրանտ Նելլի Մուրադյան
Փետրվարի 13, 2024Նելլի Մուրադյանը ԳԿՄԿ մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ է: Նելլիի գիտության հանդեպ սերը և ոլորտում առաջընթաց ունենալու ցանկությունը նպաստում են ԳԿՄԿ ասպիրանտուրա ընդունվելու որոշման կայացմանը: Նելլիի հետ զրուցեցինք իր մասնագիտական անցած ճանապարհի, գիտական աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ուսման տարիները ԳԿՄԿ մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի մագիստրատուրայում:
-Եթե մի բառով՝ գիտելիքաշատ։ Սա կյանքումս կայացրած ճիշտ որոշումներից էր։ Կարծում եմ՝ ԳԿՄԿ-ի մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնում լավագույն ուսումնական տարիներն եմ ունեցել։ Լավագույն զգացողությունն է, երբ ինքդ քո մեջ ամեն տարի աճ ու զարգացում ես տեսնում, որն էլ սկսվել է հենց ԳԿՄԿ-ից։ Այս գործում մեծ դեր են ունեցել դասախոսներս, իսկ հիմա՝ արդեն կոլեգաներս։ Ամենաշատը ոգևորում էր գիտնական-դասախոսներ ունենալու փաստը, քանի որ դասերն անցնում էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, բոլոր դասախոսները գործող գիտնականներ էին՝ միշտ պատրաստ օգնելու, ամեն ինչ բացատրելու ու սովորեցնելու։
-Ի՞նչը նպաստեց շարունակելու ձեր կրթությունը ԳԿՄԿ ասպիրանտուրայում:
-Մագիստարատուրայում սովորելն արդեն ենթադրում էր, որ ուզում եմ լինել գիտության մեջ, իսկ դրա համար կրթությանս շարունակությունն ասպիրանտուրայում հաջորդ քայլն էր։ Արդեն 2-րդ տարին է, ինչ ասպիրանտ եմ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։
-Որտե՞ղ եք աշխատում ներկա պահին, և ԳԿՄԿ-ում ստացած ո՞ր գիտելիքներն են հատկապես կիրառելի ձեր աշխատանքում:
-2020 թ. աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Գիտական ուղիս սկսել եմ մարդու գենոմիկայի լաբորատորիայից, մոտ մեկ տարի հետո մագիստրոսական թեզի հետազոտությունն իրականացնելու համար տեղափոխվել եմ կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիա և մինչ օրս աշխատում եմ այստեղ՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Մեր լաբորատորիայի ուղղվածությունը կառուցվածքային կենսաինֆորմատիկա - հաշվողական կենսաբանությունն է, որտեղ բոլոր փորձերն իրականացվում են բացառապես համակարգչային սիմուլյացիաների և հաշվարկների միջոցով։
Գիտության մեջ աշխատելով դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկ գիտելիք, քանի որ անընդհատ ձեռք ես բերում նոր կարողություններ, իսկ հետո, հաշվի առնելով գործունեությանդ առանձնահատկությունը՝ աստիճանաբար ֆիլտրում ես այն ու խորացնում նորով։
-Ո՞րն է ձեր գիտական աշխատանքի թեման, և ի՞նչ խնդիր եք փորձում լուծել ձեր հետազոտության շրջանակներում:
-Գիտական աշխատանքս նվիրված է SARS‐CoV‐2‐ի նուկլեոկապսիդ սպիտակուցի և 14‐3‐3 իզոֆորﬓերի փոխազդեցության մոդուլյատորների de novo դիզայնին և in silico սկրինինգին։ Իմ ողջ գիտական ուղու մեջ SARS-CoV-2 վիրուսը (COVID19 հիվանդության հարուցիչը) ունեցել է և մինչ օրս շարունակում է ունենալ առանցքային դեր՝ սկսած մագիստրատուրայի ուղղության ընտրությունից։ Ուսման հետ զուգահեռ աշխատել եմ ինստիտուտում և ընդգրկված եմ եղել վիրուսի գենոմի սեքվենավորման աշխատանքներին, մագիստրոսական թեզս կապված էր վիրուսի համար կարևոր դեր ունեցող նուկլեոկապսիդ սպիտակուցի կառուցվածքի և մուտացիաների ազդեցության հետազոտության հետ, իսկ հիմա ուսումնասիրում եմ նույն նուլեոկապսիդ սպիտակուցի և վիրուսով վարակված բջիջներում առկա 14-3-3 անվանումն ունեցող սպիտակուցների փոխազդեցությունը։ Մեր հիմնական նպատակն է՝ գտնել փոքր միացություններ, օրինակ, քիմիական միացություններ կամ պեպտիդներ, որոնք կխանգարեն նուկլեոկապսիդ և 14-3-3 սպիտակուցների փոխազդեցությանը (դրանց կոմպլեքսի առաջացմանը)։ Իսկ սրանց միջև փոխազդեցությունը խանգարելը կարևոր է վիրուսի վարակելիությունը նվազագույնի հասցնելու համար։ Ամբողջ աշխատանքն իրականացնում ենք in silico, այսինքն համակարգչային հաշվարկների միջոցով, որոնք բավականին բարդ են։ Օգտագործվող ալգորիթմներն իրականացնում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պարամետրերի հաշվարկներ, և դրանց շնորհիվ է, որ մենք ստանում ենք ճշգրիտ արդյունքներ։ Գլոբալ առումով գիտական աշխատանքի խնդիրն է միացությունների հայտնաբերումը, բայց մինչ այդ, մենք արդեն մոտ 2 տարի ուսումնասիրում ենք նուկլեոկապսիդ և 14-3-3 սպիտակուցների կոմպլեքսի կառուցվածքը, այստեղ շատ կարևոր է, ստանալ սպիտակուցային ճիշտ կոմպլեքս աշխատանքը շարունակելու համար։ Գործընթացը սկսել ենք մոդելավորելով 1200-ից ավել սպիտակուցային մոդել, ապա վալիդացման և ֆիլտրման երկարատև փուլերից հետո ընտրել ենք լավագույն երկուսն ու դրանցով շարունակել հետազոտությունը։
-Գիտական գործունեության ոլորտում ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Այս պահին ընդգրկված եմ 2 դրամաշնորհային նախագծերում, որոնցից մեկը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ն է։ Պլանավորում եմ առաջին հերթին ավարտին հասցնել այս ծրագրերը ու ամենակարևորը՝ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս։ Ունենք բավականին հետաքրքիր գիտական հոդված, որը գտնվում է տպագրության փուլում, որտեղ ուսումնասիրել ենք նուկլեոկապսիդ սպիտակուցի 37 մուտացված տեսակներ և ցույց տվել, թե ինչ ազդեցություն ունեն դրանք վիրուսային սպիտակուցի կառուցվածքի ու ստաբիլության վրա։ Իմիջիայլոց, բոլոր փորձերն իրականացրել եմ դեռևս մագիստրատուրայում սովորելու ժամանակ՝ որպես մագիստրոսական թեզի հետազոտական մաս։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին