Գլխավոր էջ





«Հայրենիքի նկատմամբ անձնուրաց սերն ու պայքարի ձգտումն ինձ բերեցին Հայկական բանակ», - ԳԿՄԿ ուսանողուհի Աննա Ավետիսյան

Դեկտեմբերի 8, 2023

Աննա Ավետիսյանը ներկայումս սովորում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Ուսման հետ համատեղ Աննան ծառայում է ՀՀ զինված ուժերում: Աննայի հետ զրուցեցինք ուսման, զինվորական ծառայության մեջ հոգեբանության դերի և այլ հարցերի շուրջ:

-Ինչու՞ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հոգեբանության ամբիոնում:

-Երբ սովորում էի ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ղեկավարման բաժնի բակալավրի 4-րդ կուրսում, ուսումնասիրում էինք «Զինվորական հոգեբանություն» առարկան, հենց այդ ժամանակ էլ որոշեցի մագիստրատուրան շարունակել հոգեբանության ոլորտում, քանի որ գտնում եմ, որ հատկապես զինվորական ծառայության մեջ շատ կարևոր նախապայման է ճանաչել մարդու հոգեբանությունը: Դասախոսիս խորհրդով էլ ընդունվեցի ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի մագիստրատուրա:

-Ո՞րն է եղել ՀՀ զինված ուժերում ծառայելու Ձեր որոշման պատճառը:

-Նշեմ, որ ծնվել եմ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում և իմ կյանքի ընթացքում կարողացել եմ ընտելանալ սահմանապահ բնակավայրում ապրելու առանձնահատուկ դժվարությանը և արդեն փոքր տարիքից ընկալել թշնամու դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Հենց հայրենիքի նկատմամբ անձնուրաց սերն ու պայքարի ձգտումն էլ տարիներ անց ինձ բերեցին Հայկական բանակ:

-Իսկ ի՞նչ դեր ունի հոգեբանությունը բանակային կյանքում:

-Կլինիկական հոգեբանությունն առաջնահերթ օգնում է տարբերակել մարդկանց տեսակները, լսել ու հասկանալ յուրաքանչյուրին և աջակցել: Հոգեբանության շնորհիվ զինվորական ծառայության ընթացքում կարողանում եմ իմ ենթակայության տակ գտնվող զինվորների շրջանում ձեռք բերել վստահություն, իսկ զինվորներից շատերն էլ իրենց հուզող խնդիրների շուրջ կիսվում են ինձ հետ:

-Ի՞նչ կառանձնացնեք Ձեր զինվորական ծառայությունից:

-2018 թվականից աշխատում եմ Հայկական բանակում, դասակի հրամանատար եմ, կոչումով՝ լեյտենանտ: Երբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ մեկնեցինք դիրքեր, որտեղ, ցավոք, իմ հրամանատարական անձնակազմից և իմ ենթակայության տակ գտնվող զինծառայող զոհվեց: Հոգեբանի մասնագիտությունն օգնում է հաղթահարել ճգնաժամը նման ցավալի դեպքերում:

-Ի՞նչ նպատակներ ունեք ապագայում:


-Ապագայում ցանկանում եմ դառնալ սպա-հոգեբան, այնուհետև աշխատել ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում: Վստահ եմ, որ եթե ուսանողները լավ սովորեն և սերտեն դասախոսների տված գիտելիքները, ապա յուրաքանչյուրն էլ կարող է հասնել իր նպատակին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին