Գլխավոր էջ





«Իրավագիտության ամբիոնում շատ խորը ուսումնական հենքի վրա են դրված քաղաքացիական և վարչական իրավունքի ճյուղերը», - ԳԿՄԿ ուսանողուհի Լուսինե Դավթյան

Նոյեմբերի 15, 2023

 

Լուսինե Դավթյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նրա ձգտումը բարձրացնելու ՀՀ-ում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության որակը տարիներ առաջ նրան բերեցին իրավագիտության ոլորտ:

Մեզ հետ զրույցում Լուսինեն պատմեց մագիստրատուրա ընդունվելու որոշման, ԳԿՄԿ-ում ստացած կրթության և իր մասնագիտական գործունեության մասին:

-
Ինչու՞ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հենց ԳԿՄԿ-ի իրավաբանության ամբիոնում։

-Բակալավրի աստիճանը ստանալուց և մասնագիտական մեծ փորձ կուտակելուց հետո որոշեցի մասնագիտական գիտելիքներս առավել խորացնել պետաիրավական և քաղաքացիական մասնագիտացմամբ, իսկ քանի որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնը մեծ համբավ ունի այդ ոլորտում, ուստի միանշանակ ընտրությունս կանգ առավ հենց ԳԿՄԿ-ի վրա:

-ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին ո՞րն է եղել ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Ուսումնառության այս 1,5 տարին եղել է բավականին հագեցած և գիտելիքահեն։ Սակայն ամենամեծ ձեռքբերումը, նոր գիտելիքներից զատ, եղել է պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմն ու նրանց հետ կիսած մասնագիտական միջավայրը, որը, իմ կարծիքով, հաջողության գրավականներից մեկն է:

-
Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին։

-Իրավագիտության ամբիոնում շատ խորը ուսումնական հենքի վրա են դրված քաղաքացիական և վարչական իրավունքի ճյուղերը։ Ուսումնառության այս ամբողջ ընթացքում խորքային և նեղ մասնագիտական լուծումների կամ քննարկումների, ինչպես նաև բազմաբնույթ և բարդ գործերի ուսումնասիրության հիման վրա ավելի է զարգացել քննադատական ու վերլուծական միտքս և հանգամանքները բազմակողմանի դիտարկելու կարողությունս, որն իր հերթին նպաստել է մասնագիտական աճին։

-Ըստ ձեզ՝ աշխատանքում հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ։

-Իմ կարծիքով, մասնագիտական հաջողության հասնելու համար կարևոր է սիրել մասնագիտությունդ և աշխատանքդ: Իսկ մեր մասնագիտության առանձնահատկությունը պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են շարունակական ինքնակրթությունը, պատասխանատվության զգացումը, ժամանակի կառավարման հմտությունը և, իհարկե, սթրեսակայունությունն ու սառը դատելու կարողությունը։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք։

-Ծրագրերս բավականին շատ են, իսկ մասնագիտական գործունեությանս հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության որակի բարձրացմանը, ինչի ուղղությամբ այսօր արդեն բավականին մեծ աշխատանք եմ կատարում իրավախորհրդատվական ընկերությունում՝ օգնելով մարդկանց պաշտպանել և վերականգնել իրենց իրավունքները։

-Ի՞նչ մասնագիտական գործառույթներ եք իրականացնում ընկերության գործունեության շրջանակներում:

-Զբաղվում եմ վարչական և քաղաքացիական գործերով։ Այս տարիների ընթացքում իմ ամբողջ ներուժը և մասնագիտական գիտելիքները կենտրոնացրել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման վրա։ Տրամադրում եմ իրավական հարցերով խորհրդատվություն, ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, կազմակերպությունների գործարքների իրավաբանական ուղեկցում, վեճերի լուծմանն ուղղված արտադատական գործերի վարում և այլ գործառույթներ։

- Եվ վերջում, որպես ԳԿՄԿ ուսանող՝ ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր ներկա և ապագա ԳԿՄԿ ուսանողներին։


-Խորհուրդս մեկն է՝ ճիշտ գնահատել ուսումնառության ընթացքը և հնարավորինս շատ գիտելիքներ կուտակել՝ նպաստելով ՀՀ-ում որակյալ և մրցունակ մասնագետների թվի ավելացմանը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին