Գլխավոր էջ





«Սովորելով ԳԿՄԿ-ում՝ կայացա որպես սոցիալական մանկավարժ», - ԳԿՄԿ շրջանավարտ Վարդուհի Սարգսյան

Հուլիսի 20, 2023

Վարդուհի Սարգսյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի սոցիալական մանկավարժության մագիստրոսական ծրագրի մեր շրջանավարտն է, Մեզ հետ զրույցում Վարդուհին պատմեց ստացած կրթության, ԳԿՄԿ ընձեռած հնարավորությունների և մասնագիտության ընտրության մասին:

-Ի՞նչ դեր է ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի դերն իմ կյանքում մեծ էր այն առումով, որ հնարավորություն ունեցա մասնակցելու այնպիսի բազմաբովանդակ դասընթացների, ինչպիսիք են «Մանկավարժական հաղորդակցման հմտություններ», «Սոցիալ-մանկավարժական խորհրդատվություն», «Ներառական կրթության տեսություն», «Կրթության բնագավառիօրենսդրություն», «Մասնագիտական կողմնորոշում, ինքնորոշում»։ Այս բոլոր դասընթացներին ունեցած մեր քննարկումները, պրոֆեսիոնալ դասախոսական կազմի կողմից ներկայացրած տեսական նյութի մատուցումը շատ կարևոր էին սոցիալ-մանկավարժական մտածողություն ձևավորելու համար։ ԳԿՄԿ-ում ստացած կրթությունը չի սահմանափակվել միայն տեսական նյութի մատուցմամբ, քանի որ հնարավորություն ենք ունեցել տեսական գիտելիքները գործնականում օգտագործելու, ինչպես նաև զարգացնելու մեր հմտություններն այն կառույցներում, որտեղ կարևորվում են սոցիալական մանկավարժի գործառույթները և նրա դերը։ Այս բոլոր գիտելիքներն իհարկե ունեցան իրենց նշանակալի ազդեցությունը մեր հետագա գործունեության, աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում որպես մասնագետ հնարավորինս լավ դրսևորվելու համար։

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց ԳԿՄԿ-ն և սոցիալական մանկավարժի մասնագիտությունը:

-Վստահ կարող եմ ասել, որ ԳԿՄԿ-ն առաջատարն է սոցիալական մանկավարժություն մասնագիտությունն ուսումնասիրելու համար, և ի սկզբանե ինձ համար այն դիտարկվել է որպես միակ տարբերակ։ Սոցիալական մանկավարժության մասնագիտությունն այս շրջանում մեծ պահանջարկ ունի, սակայն հետագայում գործունեություն ծավալելու համար արդիական մասնագիտություն ընտրելը հաջողության հասնելու միակ գրավականը չէ։ Կարևոր դեր ունեցավ ԳԿՄԿ-ի ընտրությունը, որտեղ սովորելով՝ կայացա որպես սոցիալական մանկավարժ և ունեցա այն բոլոր նախադրյալները, որոնք պահանջում է գործատուն։ Կարող եմ ասել, որ ընտրությանս հարցում ավելի վստահ դարձա, երբ ճանաչեցի ԳԿՄԿ-ի դասախոսական անձնակազմին և ստացա որակյալ կրթություն: Այլ կերպ ասած՝ ընտրությունս դարձավ հետագա հաջողությունների հիմքը։

-ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

-Կարող եմ ասել, որ տպավորիչ է եղել յուրաքանչյուր դասախոսություն, յուրաքանչյուր ծանոթություն, սակայն կառանձնացնեմ այն օրերը, երբ համաճարակից հետո առաջին անգամ ուսանողներով հանդիպեցինք դեմ առ դեմ։ Բոլորիս համար այնքան հետաքրքիր ու բովանդակալից օրեր էին, որ հաճախ դասերի ավարտից հետո մոռանում էինք տուն գնալու մասին։

-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին:

-ԳԿՄԿ-ում ստացած ուսումն ինձ համար դարձավ մասնագիտությունս նորովի սիրելու և այնուհետև միայն մասնագիտական աճ գրանցելու գրավական։ Այն բոլոր տեսական գիտելիքները, որոնք ստացել էի նախորդ տարիներին ԳԿՄԿ-ում սովորելու ընթացքում, դարձան իրական կարողություններ ու հմտություններ, և ինչն ավելի կարևոր է՝ օգտագործվեցին աշխատանքում։ ԳԿՄԿ-ում զինվեցի նոր ու կիրառելի գիտելիքներով, հետաքրքիր գաղափարներով, սովորեցի նոր հնարներ, կայացա որպես մասնագետ և փորձեցի կյանքի կոչել ուսանողական տարիներին հղացած գաղափարներս։

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։

-ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին ձեռքբերումները շատ էին, սակայն կառանձնացնեմ ավարտական թեզի համար իրականացրած հետազոտությունս, որը իսկական բացահայտումների շարք էր ինձ համար՝ որպես մասնագետ։ Հետազոտական աշխատանքն ինքնին արդեն ձեռքբերում էր, քանի որ կատարված աշխատանքը նպաստեց հետազոտական մտածողության ձևավորմանը։

-Որտե՞ղ եք աշխատում այս պահին:

-Երեք տարի է ինչ աշխատում եմ Կոտայքի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում՝ որպես վերապատրաստող սոցիալական մանկավարժ։ Աշխատանքիս բնույթով պայմանավորված՝ առնչվում եմ ուսուցիչների, նեղ մասնագետների, ծնողների, նախադպրոցականների ու դեռահասների հետ։ Շատ եմ սիրում աշխատանքս և մեծ պատասխանատվությամբ իրականացնում եմ սոցիալական մանկավարժի գործառույթները։

-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ինչ մասնագիտական խորհուրդներ կտաք ԳԿՄԿ մագիստրանտներին։


-ԳԿՄԿ մագիստրանտներին խորհուրդ կտամ ճիշտ օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը, որ տալիս է ԳԿՄԿ-ն, լինել հնարավորինս ճկուն վերցնելու դասախոսների կողմից տրված գիտելիքները, զարգացնելու մասնագիտական բառապաշարը։ Եվ ի վերջո, լավ մասնագետ դառնալու հետ զուգահեռ, չմոռանալ ուսանողական խորհրդի հետ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու և ուսանողական տարիներից լավ հիշողություններ ունենալու մասին։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին