Արդիական լսարանի բացում՝ նոր կրթական ծրագրի իրագործման համար
Դեկտեմբերի 27, 2024Սույն թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում բացվեց նոր լսարան, որ ծառայելու է «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնագիտական գործընթացների կազմակերպմանը։ Մագիստրոսական այդ ծրագիրն այս ուստարում է ներդրվել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում, այն եզակի է ՀՀ-ում և արդեն մեծ հետաքրքրվածություն է վայելում դիմորդների, մասնագետների և հանրության լայն շրջանակներում։ Ի դեպ, նոր է ոչ միայն մագիստրոսական ծրագիրը, այլև այն սպասարկող ամբիոնը՝ «Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրություն» անվամբ։
Լսարանի բացումը ֆինանսավորել է Հայ օգնության ֆոնդը՝ մեծ կարևորություն տալով մեկնարկ վերցրած մագիստրոսական ծրագրի կիրառականությանը։
Բացման միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսք են ասել ՀՀ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ՀՕՖ-ի տնօրեն Էդիկ Կարապետյանը, նորաբաց ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանը, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժաննա Հովակիմյանը, ուսանողներ և այլ հրավիրյալներ։
ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանը, մասնավորապես, իր խոսքում նշել է, որ ԳԿՄԿ նորաբաց ամբիոնի տեղակայումը հենց Բուսաբանության ինտիտուտում եղել է մտածված քայլ՝ հիմնված այդ ինստիտուտի գիտական հարուստ ներուժի իրացման և գիտություն-կրթություն շաղկապվածությունն ապահովելու անհրաժեշտության վրա։ Նա մեծ կարևորություն է տվել լսարանի բացմանը՝ հույս հայտնելով, որ այն կծառայի իր նպատակին՝ նպաստելով նոր հիմնված կրթական ծրագրի կայացմանը և որակյալ մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնի վարիչ Ա.Ալեքսանյանի խոսքում ուշագրավ էր հետևալը. «Քանի որ Բուսաբանության ինստիտուտը մինչ օրս գիտական ուղղվածություն է ունեցել, չունեինք համապատասխան կրթական լսարան: Այժմ արդեն ունենք հարմարավետ միջավայր, որում կանցնի ամբողջ կրթական պրոցեսը»:
Լսարանի բացումը մեծ ոգևորությամբ է համակել ծրագրի առաջին սերնդի ուսանողներին, որոնց լսարանի բացման ժամանակ տրվել են անվանական կրթաթոշակներ՝ համաֆինանսավորված 3 կազմակերպության կողմից՝ Հայ օգնության ֆոնդի, Կովկասի բնության հիմնադրամի և Սոլյուտոնի։
Ուրախալի է նաև այն փաստը, որ, ըստ ԳԿՄԿ Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ Ա.Ալեքսանյանի, նշվածներով չի սահմանափակվում այս կրթական ծրագիրը ֆինանսավորել ցանկացող կազմակերպությունների թիվը: Նա նաև նշեց, որ նորաբաց լսարանը կարող է ծառայել նաև կարճաժամկետ դասընթացների կազմակերպմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին