Հաղթանակաբեր ուղին, հաղթողի զգացողությունները և հետհաղթանակային ապագայի տեսլականը
Դեկտեմբերի 27, 2024ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Վրույր Գրիգորյանը հաղթել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024թ-ի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի «Ռազմական անվտանգության համակարգեր» անվանակարգում։ Վրույրը ներկայացրել է «Մեքենայական ուսուցումը ռադարային թիրախների դասակարգման համար» նախագիծը, ինչը բխում է իր մագիստրոսական թեզի խնդիրներից։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ոչ միայն մասնակցում է իր սաների մասնագիտական աճի և հաջողությունների ձևավորմանը, այլև հետևողական է նրանց գրանցած յուրաքանչյուր հաջողություն լուսաբանելու և արժևորելու հարցում։ Կենտրոնի «Հաջողության պատմություն» հարցազրույցների շարքը իր հերթական էջն է բացում՝ արձանագրելու Վրույրի հաղթանակի պատմությունը։
– Վրու՛յր, ի՞նչ կարևորություն ունի քեզ համար այս հաղթանակը։
– Այս հաղթանակը ինձ համար ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև մեծ պատասխանատվություն։ Այն խորհրդանշում է, որ մեր հայրենիքում հնարավոր է գիտական և նորարարական գաղափարները վերածել իրականության՝ ի նպաստ մեր երկրի զարգացման։ Հաղթանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի նման փոքր երկիրն ունի հսկայական ներուժ՝ գիտական աշխարհում մրցունակ լինելու։ Այն նաև ոգեշնչում է շարունակել աշխատել նորարարական լուծումների ուղղությամբ, համատեղելով գիտությունը, կրթությունը և հայրենասիրությունը՝ ծառայել մեր երկրի առաջընթացին։
– Ովքե՞ր են քեզ առաջնորդել դեպի այս ձեռբերումը։
– Իմ այս ձեռքբերումը հնարավոր դարձավ շնորհիվ այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքներով, աջակցությամբ և հավատով ինձ ուղղորդեցին այս ճանապարհին։ Առաջին հերթին՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսներն ու գիտաշխատողները, ովքեր ինձ սովորեցրել են, թե ինչպիսին պետք է լինի իսկական ինժեները՝ անսահման հետաքրքրասեր, աշխատասեր և հայրենասեր։ Ինժեներական քաղաքի ժամանակակից միջավայրը նույնպես անփոխարինելի դեր խաղաց, քանի որ այնտեղի ռեսուրսներն ու մասնագետները ինձ տվեցին գործիքներ և գիտելիքներ՝ իմ գաղափարներն իրականացնելու համար։
– Ո՞րն է մագիստրոսական թեզիդ վերնագիրը, ինչպե՞ս ես այն ընտրել, և նրա ո՞ր մասն է կազմում հաղթած նախագիծդ։
– Մագիստրոսական թեզիս վերնագիրն է՝ «Մեքենայական ուսուցման մեթոդները ռադարային թիրախների դասակարգման համար»։ Այս թեման ընտրեցի, որովհետև այն համատեղում է իմ երկու գլխավոր հետաքրքրությունները՝ արհեստական բանականությունը և ռադիոտեղորոշման տեխնոլոգիաները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար։ Հաղթած նախագիծս թեզիս կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մեքենայական ուսուցման ալգորիթմները կիրառել պաշտպանական խնդիրների լուծման համար, օրինակ՝ բարձր ճշգրտությամբ թիրախների հայտնաբերման և դասակարգման։ Այս նախագիծը թեզիս գործնական կիրառական մասը դարձավ, որտեղ ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է զարգացնել ռադարային համակարգերի հնարավորությունները՝ կիրառելով նորարարական մոտեցումներ։ Նախագիծս ներկայացնում է ոչ միայն գիտական արժեք՝ խթանելով մեր գիտության և կրթության զարգացումը, այլև ունի կիրառական պոտենցիալ։ Դրա իրագործումը նպաստում է մեր երկրի անվտանգության համակարգերի կատարելագործմանը՝ միաժամանակ աջակցելով տեխնոլոգիական առաջընթացին և հայկական ինժեներական մտքի՝ համաշխարհային մակարդակում ամրապնդմանը։
– Ի՞նչ կիրառական արժեք կարող է ունենալ նախագիծդ կյանքում։ Նրա հասցեատերը միայն Հայաստա՞նն է, թե՞ կցանկանաս որ այն կիրառվի միջազգային լայն հարթակներում։
– Իմ նախագիծն ունի լայն կիրառական արժեք ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Հայաստանում այն կարող է լինել կարևոր գործիք՝ ազգային պաշտպանության և անվտանգության համակարգերի կատարելագործման համար։ Այն հնարավորություն կտա առավել արդյունավետ կանխարգելելու հնարավոր սպառնալիքները՝ բարձրացնելով անվտանգության տեխնոլոգիաների հուսալիությունը։ Բայց իմ նպատակները սահմանափակված չեն միայն Հայաստանով։ Նախագիծս մշակվել է այնպես, որ այն կարող է գտնել իր տեղը նաև միջազգային շուկայում։ Նմանատիպ տեխնոլոգիաներն այսօր մեծ պահանջարկ ունեն անվտանգության ոլորտում, հատկապես այն երկրներում, որտեղ տեխնոլոգիական զարգացումը կենտրոնացած է ռազմավարական խնդիրների լուծման վրա։ Այս ամենը հնարավորություն է տալիս Հայաստանին հանդես գալու որպես բարձր տեխնոլոգիաների արտադրող՝ ցույց տալով, որ մեր երկիրը կարող է ոչ միայն օգտագործել նորարարություններ, այլև առաջարկել առաջատար լուծումներ։
– Ի՞նչ հեռանկարներ է ուսանողներիդ համար բացում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրը։
– ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը հսկայական հեռանկարներ է բացում երիտասարդների համար՝ ինչպես գիտական, այնպես էլ գործնական ոլորտներում։ Այս կրթական ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ ներգրավվելու այնպիսի ոլորտներում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական շուկաների համար։ Այն առաջարկում է ոչ միայն խորքային գիտելիքներ ավիատիեզերական տեխնոլոգիաների և սարքաշինության բնագավառում, այլև ապահովում է գործնական հմտությունների զարգացում։ Ուսանողները մասնակցում են իրական նախագծերին, օգտագործում ժամանակակից սարքավորումներ և աշխատում մասնագետների կողքին, որոնք ունեն միջազգային փորձառություն։ Ամենակարևորը՝ այս կրթական ծրագիրը ձևավորում է մի սերունդ, որն ունի ազգային ինքնագիտակցություն և տեխնոլոգիական առաջադեմ մտածողություն։ Մագիստրոսական կրթությունն ինձ տվել է հնարավորություն՝ իմ գաղափարները զարգացնելու և դրանք կիրառելու ինչպես ազգային, այնպես էլ միջազգային նախագծերում։ Ես վստահ եմ, որ այս ծրագրի շրջանավարտներն ապագայում կլինեն առաջատար դիրքերում՝ իրենց ներդրումն ունենալով հայրենիքի գիտական և տեխնոլոգիական վերելքի գործում։
– Որտե՞ղ ես քեզ տեսնում ապագայում՝ ո՞ր երկրում, ի՞նչ աշխատավայրում և ի՞նչ դերում։
– Ես ինձ ապագայում տեսնում եմ Հայաստանում՝ որպես մեր երկրի գիտատեխնիկական և պաշտպանական ոլորտների զարգացման ակտիվ մասնակից։ Իմ նպատակն է աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ կկարողանամ կիրառել իմ գիտելիքներն ու հմտությունները՝ ներդրում ունենալով Հայաստանի ազգային անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում։ Բացի այդ՝ ես ցանկանում եմ համագործակցել նաև միջազգային գիտական և ինժեներական կենտրոնների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման նպատակով։ Ինձ համար կարևոր է դառնալ կամուրջ հայկական գիտական մտքի և համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների միջև։ Ինձ տեսնում եմ ոչ միայն հետազոտողի և ինժեների, այլև երիտասարդ սերունդների համար ոգեշնչող առաջնորդի դերում։ Ես ցանկանում եմ նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ մեր երիտասարդները կհավատան, որ կարող են մեծ հաջողությունների հասնել՝ մնալով Հայաստանում և ծառայելով իրենց հայրենիքին։
Հայաստանի գիտական ներուժը սահմաններ չունի, և իմ նպատակը այն ամբողջությամբ բացահայտելն ու աշխարհին ներկայացնելն է։
– Ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվում մասնագիտական կայացմանդ ճանապարհին։
– Իմ մասնագիտական կայացման ճանապարհին առաջնորդվում եմ մի շարք կարևոր սկզբունքներով, որոնք մշտապես ինձ ուղեկցում են։ Դրանք են՝
1) Հայրենասիրություն: Իմ նպատակն է ծառայել իմ հայրենիքին՝ գիտության և տեխնոլոգիայի միջոցով: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր հայ գիտնական պարտավոր է իր գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի զարգացման գործում։
2) Նորարարություն և ստեղծագործականություն: Աշխատում եմ մշտապես լինել նորարար՝ ոչ միայն հետևելով տեխնոլոգիական զարգացումներին, այլև առաջարկելով իմ լուծումները: Ստեղծագործական մոտեցումն ամենակարևոր գործիքն է խնդիրների լուծման գործում։
3) Աշխատասիրություն և հետևողականություն: Հաջողությունը երբեք չի գալիս առանց ջանքերի։ Ես մշտապես կենտրոնացած եմ իմ նպատակների վրա և ձգտում եմ հետևողականորեն զարգացնել իմ գիտելիքները և հմտությունները։
4) Համագործակցություն: Համոզված եմ, որ թիմային աշխատանքն անփոխարինելի է մեծ նպատակների հասնելու համար։ Ես մեծ կարևորություն եմ տալիս համագործակցությանը թե՛ գործընկերների, թե՛ միջազգային մասնագետների հետ։
5) Ուսանում և շարունակական զարգացում: Գիտությունը կանգ չի առնում, և մասնագիտական կայացման ճանապարհին ես միշտ ձգտում եմ սովորել նոր բաներ, խորացնել իմ գիտելիքները և զարգանալ՝ ինչպես որպես մասնագետ, այնպես էլ որպես անձ։
Այս սկզբունքներն օգնում են ինձ ոչ միայն հաղթահարել մարտահրավերները, այլև ձևավորել իմ ներդրումը հայրենիքի գիտատեխնիկական վերելքի գործում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին