Գլխավոր էջ





Հայոց լեզվին նվիրված գիտագործնական համաժողով ՀՀ ԳԱԱ-ի հարկի տակ

Նոյեմբերի 21, 2024

Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի փոքր դահլիճում համախմբվել էին հայոց լեզվի մասնագետներ և հայերենի ներկա վիճակով ու ապագայով մտահոգ այլ մտավորականներ: Համախմբման առիթը գիտագործնական համաժողովն էր՝ «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» խորագրով: Այն կազմակերպվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Համաժողովի զեկուցողները ՀՀ առաջատար գիտնականներ էին, հիմնականում՝ լեզվաբաններ՝ իրենց գիտահանրամատչելի ելույթներով, իսկ ունկնդիր կազմը՝ հայերեն դասավանդողներ, հիմնականում՝ ուսուցիչներ:


Միջոցառումը միտված էր հայերեն դասավանդողներին արդի հայերենագիտության փորձին, մարտահրավերներին և լուծումներին հաղորդակից դարձնելուն, հիմնախնդիր, ինչը, կարելի է ասել, հաջողությամբ իրագործվեց:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը համաժողովի բացմանը Կենտրոնի անունից հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով գիտագործնական բազմաոլորտային համաժողովների շարքում հայոց լեզվին, նրա զարգացմանը և ուսումնական գործընթացում արտացոլմանը առանձնահատուկ դեր հատկացնելը: Իր խոսքում ընդգծելով ակադեմիա-բուհ-դպրոց էկոհամակարգի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև գիտատեխնիկական հեղափոխության արագ զարգացման, գիտելիքների արագ թարմացման, գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ծավալների արագ ավելացման ժամանակներում որակյալ մասնագետների պատրաստման կարևորությունը՝ Մ. Սարգսյանն անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի գործունեությանը: Խոսելով գլոբալիզացիայի օրերում հայոց լեզվի դերի և նշանակության մասին՝ Մ.Սարգսյանը հիշատակեց ոչ հայագետ, բայց հայագիտության ու հայերենի մեծ ջատագով, գիտության հսկաներ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի և տիեզերական աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի՝ հայերենի պահպանմանը վերաբերող պատգամ-կոչերը:


Համաժողովն անցավ կառուցողական քննարկումների դաշտում, ինչը, ըստ ներկաների, իր դրական հետքը կթողնի հայերենի դասավանդման որակի վրա: