Գլխավոր էջ





«Մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի». Մերի Սարգսյան

Փետրվարի 21, 2022

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Թեմայի շուրջ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը զրուցել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանի հետ:

- Տիկի՛ն Սարգսյան, հայտնի է, որ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Որտեղի՞ց են սկիզբ առնում օրվա ակունքները, և ի՞նչ խորհուրդ ունի այն:

- Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ: Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օր: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:

- Հայտնի է, որ այսօր աշխարհում հաշվում են շուրջ 7000 լեզու: Այդ լեզուների մի մասը վաղուց մեռած լեզվի կարգավիճակ ունի, որոշ մասը վտանգված է և մեռած լեզու դառնալու ճանապարհին: Մայրենի լեզվի պահպանման ի՞նչ խնդիրների առջև ենք այսօր կանգնած:

- 21-րդ դարում լեզուների իմացությունը, երկլեզվությունը և բազմալեզվությունը դարձել է լուրջ հրամայական: Լեզուների իմացությունը աշխատանքային, մասնագիտական ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: Հետևաբար՝ շատ կարևոր է տիրապետել հատկապես միջազգային լեզուների: Իսկ մենք գիտենք՝ այսօր գլոբալիզացիայի պայմաններում միջազգային լեզուները՝ «լինգվա ֆրանկաները» աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կարելի է տիրապետել մի քանի լեզուների, բայց չանել դա մայրենի լեզվի հաշվին: Կարծրացած մի տեսակետ կա, որ մայրենի լեզվի պահպանման, զարգացման հարցերով պետք է զբաղվեն միայն պատկան մարմինները, բայց մայրենին յուրաքանչյուրինս է, մեր էության, կենսագործունեության մի մասը: Հետևաբար, բոլորս պետք է նույնպիսի հոգատարությամբ ու սիրով վերաբերվենք մայրենի լեզվին, ինչպես որ վերաբերվում ենք մեր սիրելի ու հարազատ մարդկանց: Ինչպես որ ամեն օր մաքրում ենք մեր տունը, լվանում հագուստը, այնպես էլ պետք է փորձենք մաքրել մեր բառապաշարը, ազատվել օտարաբան կառույցներից, մակաբույծ բառերից, ավելորդաբանություններից, ժարգոնային բառերից: Գրագետ լինելն ու խոսելը միայն ավելի մեծ շուք ու արժանապատվություն կհաղորդի մեզ:

- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը ի՞նչ աշխատանքներ է տանում մայրենի լեզվի նորմատիվ գործածության ուղղությամբ:

- ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը՝ թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը, թե՛ գործող մագիստրանտներն ու շրջանավարտներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում մայրենի լեզվի անաղարտության, նորմատիվ գործածության ուղղությամբ: Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ակտիվորեն մասնակցում են հանրապետությունում լեզվա­քաղա­քական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին:

- Մեր օրերում շատ կարևոր է երիտասարդ ու նոր սերնդի մեջ արմատավորել մայրենի լեզվի կարևորության ու դրա պահպանման դերը: Ի՞նչ մասնակցություն ունեն Կենտրոնի ուսանողներն այդ ուղղությամբ:

- Լեզվապահպանման աշխատանքներից անմասն չեն մնում նաև մեր ուսանողները: Օրինակ՝ մեր մագիստրանտները անդամակցում են ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհրդին: Բավական  հետաքրքրական էր առաջին միջոցառումը, որը մեծ հեղինակություն բերեց երիտասարդներին, այն կրում էր հետևյալ խորագիրը՝ «Մաքրե՛նք քաղաքը լեզվական սխալներից»: Մեր մագիստրանտները մյուս կամավորների հետ միասին ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրում էին նյութեր՝ լեզվական ճիշտ և սխալ տարբերակների, հայերեն համարժեքների, նման, բայց տարբեր բառերի, ընդունելի զուգաձևերի մասին: Առաջիկայում նախատեսվում է հրատարակել «Նման, բայց տարբեր» ժողովածուն, որի համահեղինակներից մեկը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի շրջանավարտ, այժմ ԳԱԱ հայցորդ Նաիրա Խաչիբաբյանն է:

Տիկի՛ն Սարգսյան, ի՞նչ կմաղթեք Մայրենի լեզվի օրվա առթիվ:

-  Շնորհավորում եմ բոլորիս փետրվարյան այս հրաշալի տոնի կապակցությամբ, ցանկանում, որ մեր հանրության մեջ մայրենին գիտակցվի որպես ազգային արժեք, և այն պահպանելու, օտարամուտ տարրերից զերծ պահելու խնդիր չունենանք: Չէ՞ որ մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես կրոնը, մշակույթն ու ընտանիքի ինստիտուտը: Հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին