Կենտրոնի տնօրեն Ա․ Սարգսյանը մասնակցեց «Կրթություն X. որպես կայուն ապագայի կատալիզատոր» Global Impact համաժողովին
Դեկտեմբերի 7, 2022Ս.թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, Հայաստանում KiVO մրցույթի համակարգող Նարինե Մանուկյանը մասնակցեցին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ կազմակերպված «Կրթություն X. որպես կայուն ապագայի կատալիզատոր» Global Impact համաժողովին, որը տեղի ունեցավ Նիժնի Նովգորոդում։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման գործընկերներին և մասնակիցներին ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ միայն բոլորի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ է հնարավոր դառնում կազմակերպել արդեն ավանդույթ դարձած նման կառուցողական և հիմնավոր կրթական երկխոսության այս ձևաչափը, որը տարեց տարի ավելի է կատարելագործվում թե՛ որակապես, թե՛ ընտրված թեմաների առումով և թե՛ այն որոշումներով, որոնք կայացվում են համաժողովի իրականացման արդյունքում:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Նիժնի Նովգորոդի համայնքապետ Գլեբ Նիկիտինը, ով կարևորեց նման լայնապարփակ միջոցառման կազմակերպումը Նիժնի Նովգորոդում, մասնավորապես՝ Ա.Սախարովի անվան խոշորագույն գիտական կենտրոնում, որն անցել է զարգացման պատմական ուղի և հայտնի է իր բազմաթիվ ձեռքբերումներով:
Համաժողովի շրջանակներում անցկացվեց նաև «Կրթության նորարարություն» միջազգային KiVO մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Արմեն Սարգսյանը հրավիրված էր՝ որպես ժյուրիի անդամ։
Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան կրթական համայնքը հնարավորություն ուներ մասնակցության հայտեր ներկայացնել այդ մրցույթին։ Մրցույթի գլխավոր կազմակերպիչն է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, իսկ Հայաստանում հիմնական գործընկեր և համակարգողը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն է։
Կրթության նորարարության մրցույթը անցկացվում է արդեն 9 տարի շարունակ, և այս ընթացքում ստացվել և դիտարկվել է ավելի քան 6000 նախագիծ։ KiVO 2022-ը ստացել է 419 հայտ, ներառյալ՝ 370 նախագիծ Ռուսաստանից, 45 նախագիծ արտերկրներից։ Հայտեր են ստացվել 19 երկրներից՝ Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Գերմանիա, Ֆրանսիա, Իսրայել, Ինդոնեզիա, Մալայզիա և այլն։ Մրցույթին ներկայացված բոլոր հայտերը անցել են անկախ կրկնակի փորձաքննություն, դրանք ուսումնասիրվել են կրթության և բիզնեսի ավելի քան 100 փորձագետների կողմից՝ ապահովելով թիմերի հետ հետադարձ կապը: Փորձաքննության արդյունքում եզրափակիչ փուլ են դուրս եկել 10 նախագիծ, այդ թվում՝ ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնը ներկայացնող թիմի անդամների` Արուսյակ Ալեքսանյանի, Մարիամ Մուրադյանի և Աննա Մալխասյանի "EPIC" նախագիծը։
Մրցույթի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը՝ մաղթելով մասնագիտական և ստեղծագործական հաջողություններ, ինչպես նաև նշեց, որ նորարարությունները կրթության զարգացման շարժիչ ուժն են և կրթական գործընթացներում դրանց կիրառումը, ինչպես նաև հետազոտական և կրթական բաղադրիչների համադրությունը կրթությունը դարձնում են ավելի մրցունակ և արդյունավետ ժամանակակից թվային դարաշրջանում:
Այս տարի մրցույթի հաղթող ճանաչվեց Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի թիմը «LEAN արտադրություն» նախագծի համար։ Հաղթող թիմը կստանա կրթական դրամաշնորհ ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի կողմից։
Այցի ընթացքում գործընկեր կազմակերպությունների հետ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Global Impact համաժողովի հեռարձակման ձայնագրությունը հետևյալ հղումով՝ https://facecast.net/w/kt8iam
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին