Գլխավոր էջ





Քննարկվեցին ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության ընդլայնման ուղղությունները

Մայիսի 10, 2024

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանի հանդիպումը Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության կազմի, ինչպես նաև կուրսերի ավագների հետ:

Հանդիպումը նպատակաուղղված էր ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը, ԳԿՄԿ-ի գործունեության մեջ նրանց ներգրավմանը, կուրսերի ավագների կազմակերպչական աշխատանքների խրախուսմանը և ուսանողներին առնչվող այլ խնդիրների քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը SWOT վերլուծության միջոցով փորձեց վեր հանել ուսանողական մարմինների մակարդակում կառավարմանն ու վարչարարությանն առնչվող խնդիրները, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, ներկայացնել ուսանողներին ընձեռված հնարավորությունները և համատեղ գտնել լուծումներ: Հանդիպման մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում դուրս բերվեցին ուսանողների շրջանում իրականացվող միջոցառումներին խոչընդոտող արտաքին և ներքին գործոնները, որոշվեցին խնդիրների հաղթահարման մեթոդներն ու գործիքները, առկա հնարավորություններն ու հետագա քայլերը: Այնուհետև ուսանողները հանդես եկան մի շարք առաջարկներով երիտասարդների ներուժի նպատակաուղղված օգտագորման, ուսանողների նախաձեռնությունների աջակցության, ակտիվ ուսանողների խրախուսման մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանն առաջարկեց վերանայել ուսանողների մասնակցության աճին ուղղված ԳԿՄԿ քաղաքականությունը, մշակել երկխոսության և հաղորդակացության ուղիների նոր ձևաչափեր, հստակեցնել ավագների ընտրության կարգը և մշակել նոր ընթացակարգ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանն էլ իր աջակցությունը հայտնեց ուսանողներին իրականացնել շարունակական սեմինարներ ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում Moodle հեռաուսուցման հարթակից օգտվելու, այնպես էլ ուսանողների մագիստրոսական թեզերի PPT ձևաչափով ներկայացման ուղղությամբ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին