Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ն հնարավորություն է ընձեռում ուսանողին կրթությունը զուգակցել ինչպես աշխատանքի, այնպես էլ գիտահետազոտական գործունեության հետ», - ԳԿՄԿ շրջանավարտ Գոհար Գաբոյան

Ապրիլի 17, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ Գոհար Գաբոյանը բակալավրի իր կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում «Պատմություն» մասնագիտությամբ: Ներկայումս աշխատում է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում՝ որպես գրադարանի վարիչ։

Գոհարի հետ զրուցել ենք ԳԿՄԿ ընդունվելու, մասնագիտանալու և Կենտրոնի տված գիտելիքների մասին:

-Ինչո՞ւ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնում:

-Բուհն ավարտելուց գրեթե անմիջապես հետո աշխատանքի անցա գրադարանում, հետագայում տեղափոխվեցի այլ աշխատանքի, ապա, ճակատագրի կամոք, կրկին վերադարձա գրադարան, որոշ ժամանակ անց նշանակվեցի բուհի գրադարանի փոխտնօրեն-մատենագետ։ Նոր պարտականությունների ստանձնման արդյունքում առաջացավ մասնագիտական գիտելիքներով գործնական հմտություններս լրացնելու անհրաժեշտություն։ Ուսումնասիրելով ոլորտը՝ ընտրեցի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ մագիստրատուրան, քանի որ առաջարկվող կրթական ծրագիրը համապատասխանում էր տեղեկատվությունը հավաքագրող, համակարգող և սպասարկող բազմակողմանի գիտելիքներով օժտված, արդի գրադարանագիտության պահանջներին համապատասխան գրադարանավարի որակավորմանը։

-Ո՞րն է եղել ձեր ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։

-Ինձ համար առավելապես կարևոր է մասնագիտական գիտելիքի ձեռքբերումը, արդի գրադարանագիտության ժամանակակից մեթոդների յուրացումը։ Մեծագույն ձեռքբերում եմ համարում նաև իրենց գործի վարպետ դասախոսական անձնակազմի, ինչպես նաև մասնագիտական ոլորտում աշխատող համակուրսեցիների հետ ծանոթությունը, ընկերությունը, այժմ նաև՝ աշխատանքային համագործակցությունը։

-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին:

-ԳԿՄԿ-ն հնարավորություն է ընձեռում ուսանողին կրթությունը զուգակցել ինչպես աշխատանքի, այնպես էլ գիտահետազոտական գործունեության հետ։ Ուսումնառության տարիներին մասնակցել եմ գիտաժողովների, հանդես եկել գրադարանագիտությանը վերաբերող զեկուցումներով, որոնք տպագրվել են համապատասխան ժողովածուներում։ Ինձ համար կարևոր մասնագիտական ձեռքբերում է նաև մագիստրոսական թեզը, որի շրջանակում անդրադարձել եմ Վանաձորի պետական համալսարանի գրադարանի պատմությանն ու գործունեությանը։ Վերջինիս օրինակով վերլուծել բուհական գրադարանների ծառայությունների թվայնացման առանձնահատկությունները։

-Ձեր կարծիքով աշխատանքում հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մարդուն:

-Յուրաքանչյուր աշխատանք համապատասխան որակներ է պահանջում՝ մասնագիտական գիտելիք, հաղորդակցման հմտություններ, մտքի ճկունություն ու արագ կողմնորոշվելու կարողություն և այլն։ Գրադարանային ոլորտում ամենակարևորը նվիրումն է։ Հաջողության հասնելու համար պետք է սիրել այն աշխատանքը, որը կատարում ես, և կատարել այն աշխատանքը, որը սիրում ես։

-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ խորհուրդ կտաք ԳԿՄԿ ուսանողներին։

-ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական համակազմը և ժամանակակից կրթական մոդուլները հնարավորություն են տալիս ուսանողին դառնալու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետ, ով քայլում է ժամանակին համընթաց։ Լինելով ԳԿՄԿ շրջանավարտ՝ խորհուրդ եմ տալիս ներկա և ապագա ուսանողներին տեսական և կիրառական գիտելիքի մեծ պաշար վերցնել փորձառու դասավանդողներից, չվախենալ խելահեղ գաղափարներից և կամք ու համարձակություն դրսևորել՝ դրանք կյանքի կոչելու համար։


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին