Գլխավոր էջ





Հարցազրույց «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչի հետ

Ապրիլի 26, 2021

- Ինչու՞ ընտրել բնապահպանի մասնագիտությունը:

- Բնապահպան լինելը զուտ մասնագիտություն չէ, այն գիտակցված ընտրույթուն և  կենսակերպ է, որին անդավաճան պետք է հետևել ամբողջ կյանքի ընթացքում:

Այսօր մենք կանգնած ենք Հայաստանի բնաշխարհը պահպանելու և արժանապատվորեն սերունդներին փոխանցելու հրամայականի առաջ, և շրջակա միջավայրի մասին գիտությունների մասնագետները կոչված են ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում լուծելու շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման խնդիրները, ինչպես նաև մշակելու կայուն զարգացմանը համահունչ ազգային բնապահպանական քաղաքականություն և ազգային անվտանգության համակարգում ապահովելու  էկոլոգիական անվտանգության իրականացումը:

- Հարգելի՛ տիկին Սահակյան, ո՞ր մասնագիտություն ունեցող շրջանավարտներն են նախընտրում ուսումը շարունակել «Բնապահպանության և բնօգտագործում» մասնագիտությամբ և ի՞նչ որակավորում է նրանց տրվում ավարտելուց հետո:

- «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնում իրենց մագիստրոսական կրթությունը շարունակում են շատ տարբեր մասնագիտություններ ունեցող շրջանավարտներ՝  աշխարհագրագետներ, կենսաբաններ, քիմիկոսներ,  տնտեսագետներ, նույնիսկ լեզվաբաններ և լրագրողներ: Շատ հաճախ մեր ուսանողներն արդեն աշխատանքային որոշակի փուլ անցած երիտասարդներ են, որոնք մասնագիտական կրթությունը լրացնելու կամ մասնագիտություն փոխելու անհրաժեշտություն ունեն: Այսինքն՝ մեծամասնությունը գիտակցված է մոտենում մագիստրոսական կրթություն ստանալու հրամայականին:

Ամբիոնի շրջանավարտներին շնորհվում է «Շրջակա միջավայրի մագիստրոսի» որակավորում՝ բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտացմամբ:

- Ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում Ձեր ամբիոնի դասընթացները: Ի՞նչ գործնական դասընթացներ և հնարավորություններ են ընձեռվում ուսանողներին ամբիոնի և ինստիտուտի կողմից:


- Դասերը կազմակերպվում են դասախոսությունների, սեմինարների և գործնական աշխատանքների համադրությամբ: Ամբիոնում  հավասարապես կարևորվում են տեսական գիտելիքները և դրանց գործնական կիրառությունը: 2020 թվականից ամբիոնի ուսանողներն ունեն ՀՀ-ում եզակի ERLEP միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայում հետազոտություններ կատարելու հնարավորություն: Լաբորատորիան ստեղծվել է Menvipro «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի լաբորատոր հզորությունների հենքի վրա: Բացի այդ, մագիստրոսական թեզերի լաբորատոր հետազոտություններն իրականացվում են Էկոկենտրոնում առկա նյութատեխնիկական բազայի և մասնագիտական ռեսուրսների հիման վրա: Մագիստրոսական թեմաների ընտրությունից հետ ուսանողներ հնարավորություն են ստանում  անմիջական մասնակցություն ունենալու Էկոկենտրոնի տարբեր բաժինների գիտահետազոտական աշխատանքներին:

- Ի՞նչ միջազգային ծրագրեր, համագործակցություններ է առաջարկում ամբիոնն ուսանողներին:


-2017 թվականից ամբիոնում իրականացվում են «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության և կարողությունների զարգացման ծրագրեր Տուշայի, Նեապոլի (Իտալիա) և Կրակովի (Լեհաստան) համալսարանների հետ:

- Որքանո՞վ է հեշտ «Բնապահպանության և բնօգտագործում» մասնագիտությունն ավարտած շրջանավարտին աշխատանք գտնել Հայաստանում, և որքանո՞վ եք Դուք աջակցում նրանց այս ուղղությամբ:

- Ամբիոնում սովորող ուսանողների միջոցով ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) մշտապես  գործում է երիտասարդ կադրերի ներգրավման և գիտական ներուժի արդյունավետ վերարտադրության քաղաքականությունը: 2010 թվականից Էկոկենտրոնում աշխատել է 18 շրջանավարտ, որոնցից 8-ը հետագայում ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, 2-ը պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Ներկա պահին Էկոկենտրոնում աշխատում է «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի 10 շրջանավարտ, որոնք զբաղեցնում եմ ամենատարբեր պաշտոններ՝ լաբորանտ-հետազոտողից մինչև գիտաշխատող և գիտքարտուղար:

Բացի այդ, մշտապես արդիականացվող և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող բազմաբնույթ դասընթացների և հիմնարար գիտելիքների շնորհիվ ամբիոնի շրջանավարտներն աշխատանքի են անցնում պետական և միջազգային կառույցներում, գիտահետազոտական կենտրոններում, լաբորատորիաներում, շրջակա միջավայրի մոնիթորինգի և բնապահպանական փորձաքննության ոլորտներում: Ինչպես արդեն նշվեց, մեր ուսանողներից շատերն արդեն աշխատանքի պահանջով են ընդունվում մագիստրատուրա՝ իրենց հետագա առաջընթացի համար, և կարծում եմ, որ հաջողում են:

- Ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև են կանգնած այսօր բնապահպանները
:


- Այսօր շրջակա միջավայրի գիտության մասնագետների և էկոլոգների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է ազգային և գլոբալ մարտահրավերների համալիր հետազոտումն ու հաղթահարումը, ընդհանուր ուղենիշի մշակումը:


Ազգային բնապահպանական մարտահրավերների շարքում առավել մտահոգիչ են ընթացիկ ընդերքօգտագործման և բնապահպանական կայունության հարցերը, բնապահպանական  կառավարման թերացումները, շրջանաձև տնտեսության անցման հիմնախնդիրները և այլն, որոնց լուծման համար անհրաժեշտ է իրականացնել բնապահպանական ազդեցության փորձաքննություն, բնապահպանական հետևանքների գնահատում և բացահայտում: Այսօր որոշում կայացնող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա և տիրապետի շրջակա միջավայրի հնարավոր խնդիրներին և որոշումների կայացման գործում ելնի բացառապես կայուն զարգացման հիմունքներից՝ ապահովելով մարդ-բնություն հավասարակշռության և սերունդների հավասարության սկզբունքները:  Ահա այս թվարկված գործառույթների վերաբերյալ «Բնապահպանության և բնօգտագործում» մասնագիտությամբ սովորող մագիստրանտները ստանում են հիմնարար և կիրառական գիտելիքներ:

- Ուսանելու ընթացքում ի՞նչ առավելություններ ունեն մագիստրանտներն այլ բուհերի նույն մասնագիտությունների համեմատությամբ:

- Ամբիոնի մագիստրանտներին հնարավորություն է ընձեռվում անցնել ազգային և եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ մոդեռնիզացված ժամանակակից դասընթացներ, կատարել հետազոտություններ ՀՀ-ում եզակի ERLEP միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայում, ինչպես նաև մասնակցել միջազգային ծրագրերին և ուսումը շարունակել կամ անցնել մասնագիտական պրակտիկա եվրոպական լավագույն բուհերում:  Մագիստրանտները հնարավորություն են ձեռք բերում սովորելու ակադեմիական միջավայրում, ունենալու միջազգային հեղինակություն վայելող և գործող գիտնականներ հանդիսացող դասախոսներ, անմիջականորեն մասնակցելու բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացին: Մագիստրանտների համար ստեղծվում են բոլոր հնարավորությունները՝ ուսումը երրորդ կրթական ասպիրանտական մակարդակում շարունակելու համար՝ ապահովելու հետազոտությունների շարունակականություն և հետագայում աշխատանքի անցնելու գիտական կազմակերպությունում: