Գլխավոր էջ





Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ

Մարտի 1, 2021

- Ի՞նչ առաքելություն ունի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնը:

- 2013 թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի հիման վրա բացված երկրաբանության ամբիոնը նպատակ ունի երկրաբանական ակտիվ հետազոտությունների ոլորտ ներգրավել երիտասարդ կադրերի, ակտիվացնել նրանց մասնակցությունը ժամանակակից հետազոտական աշխատանքներում: Ամբիոնը հետազոտողի համար լայն հնարավորություններ է ընձեռում ինչպես տեսական (Երկրի ընդերքում տեղի ունեցող պրոցեսներ, Երկրի կառուցվածքին և Երկրի պատմությանն առնչվող թեմաներ), այնպես էլ գործնական և կիրառական գիտելքիների (երկրաբանական վտանգների գնահատում, բնապահպանական հիմնախնդիրներ, հիդրոերկրաքիմիա, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդներ, աշխարհագրական տեղեկատվական մեթոդներ) ձեռք բերման համար:

- Հարգելի՛ տիկին Սարգսյան, Ձեր կարծիքով ո՞ր մասնագիտություն ունեցող շրջանավարտներն են նախընտրում ուսումը մագիստրատուրայում շարունակել «Երկրաբանություն» մասնագիտությամբ և ստանալ երկրաբանի որակավորում:

- Ըստ ավանդույթի՝ մագիստրատուրայում ուսումը հիմնականում ցանկանում են շարունակել երկրաբանության բակալավրի աստիճան ունեցող դիմորդները, բայց վերջին տարիների ընթացքում կարծես ավանդույթը փոխվում է, և մեր ամբիոն են  դիմում կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության, էկլոգիայի, ֆիզիկայի,  քիմիայի, կենսաբանության և նույնիսկ լեզվաբանության բակալավրի աստիճան ունեցող մարդիկ: Սա շատ ողջունելի է և նույիսկ, կարելի է ասել, օրինաչափ, քանի որ երկրաբանությունը բնական գիտությունների այն ճյուղերից է, որի ուսումնասիրությունները սերտորեն կապված են բնական գիտությունների մյուս ճյուղերին: Չէ՞ որ երկրաբանությունը՝ որպես գիտություն, առնչվում է գիտական ուղղությունների լայն սպեկտրի հետ, և նրա հետազոտությունների ոլորտը ընդգրկում է նաև մի շարք հարակից գիտություններ: Երկրաբանության առանձին ճյուղեր, օրինակ՝ երկրաֆիզիկան,  երկրաքիմիան, գեոինֆորմատիկան միջդիսցիպլինար բնույթ ունեն են։

- Ամբիոնում ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում դասընթացները: Ունե՞ք արդյոք գործնական դասընթացներ կազմակերպելու հնարավորություն: Ուսանողներին ուրիշ ի՞նչ հնարավորություններ են ընձեռում երկրաբանության ամբիոնը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:

- Ուսանելու ընթացքաում մագիստրանտները ընդհանուր երկրաբանական գիտելիքներ են ստանում ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, նստվածքագիտության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին: Տեսական գիտելիքներ հաղորդելուց բացի՝ ամբիոնը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու ինստիտուտի դաշտային և լաբորատոր աշխատանքներին: Ուսումնառության ընթացքում նրանց լաբորատորիաներում տարբեր հետազոտական արդյունքներ վերլուծելու հնարավորություն է ընձեռվում: Ուսանողները հետազոտությունների համար կարող են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչպես նաև բարելավել իրենց հաշվողական հմտությունները: Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գործող երկրաբանության ամբիոնի նպատակներից մեկը  ուսանողներին ինստիտուտի հետազոտական ծրագրերում ներգրավելն է, քանի որ աշխատանքային փորձը գիտելիքի ձեռքբերման լավագույն միջոցն է։

- Ի՞նչ միջազգային ծրագրեր, համագործակցություններ է առաջարկում ամբիոնն ուսանողներին:

- Երկրաբանական գիտությունների ինստիտուտը համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ:

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012 թ.) հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում սեյսմոտեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում նոր, կարևոր տեղեկություններ են ստացվել: Երիտասարդ մասնագետները շարունակաբար վերապատրաստում են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարաններում:

Օրինակ՝ այս տարի երկրաբանության ամբիոնի 1-ին կուրսի ուսանողները «Erasmus credit mobility» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեն ուսումը շարունակելու  Լիլլի համալսարանում: Համալսարանը ռադիոլարիաների լաբորատոր հետազոտման համար լայն հնարավորույթուններ է ընձեռնում: Այդ հետազոտությունները մեծապես կօգնեն նրանց մագիստրոսական թեզի շուրջ տարվող աշխատանքներում:

Այսպիսով՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Լիլլի համալսարանի երկար տարիների համագործակցության արդյունքնում, բացի ասպիրանտուրայում իրականացվող ծրագրերից, հնարավորություն կլինի նաև մագիտրատուրայում փոխանակման ծրագրեր իրականացնելու:

- Որքանո՞վ է հեշտ «Երկրաբանություն» մասնագիտությունն ավարտած շրջանավարտին աշխատանք գտնել Հայաստանում, և որքանո՞վ եք դուք աջակցում նրանց այս ուղղությամբ:

- Այս պահին մեր ուսանողներից երեքը աշխատում են ինստիտուտի տարբեր լաբորատորիաներում:

Լավագույն ուսանողները միշտ հնարավորություն  են ունենում աշխատելու Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ հետագա ասպիրանտական ուսումնառության հեռանկարով, ինչպես նաև ընդգրկվում են տարբեր միջազգային դրամաշնորհային ծրագրերում:

Մասնագիտանալով երկրաբանական տարաբնույթ հետազոտությունների ոլորտում՝ մեր շրջանավարտները կարող են ներգրավվել նաև բնապահպանական, երկրաբանական վտանգների խնդիրների գնահատման, լուծման կամ այդ խնդիրները նվազագույնի հասցնելու միջոցների ու ուղիների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներում:

- Ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև են կանգնած այսօր երկրաբանները:

- Ընդհանուր առմամբ Հայաստանում գիտության ոլորտում աշխատանքը երիտասարդների համար այնքան էլ գրավիչ չէ, առաջին հերթին ցածր աշխատավարձերի և թույլ զարգացած հետազոտական ենթակառուցվածքների պատճառով: Մեկ այլ մեծ խնդիր է գիտության ոլորտից որակյալ կադրերի արտահոսքը: Սրանք լուրջ մատահրավերներ են:

Միևնույն ժամանակ երկրաբանության շատ ոլորտներում այժմ երիտասարդ և բանիմաց կադրերի մեծ պահանջարկ կա: Կան նաև շատ ոլորտներ, որտեղ կարելի է լավ արդյունքների հասնել, այդ թվում՝ միջազգային համագործակցության միջոցով: