Տեղի ունեցավ «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» միջազգային գիտաժողովը
Հունիսի 1, 2022Ս.թ. մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց գիտաժողովի հանդեպ նման մեծ հետաքրքրություն և մասնակցություն ցուցաբերելու համար։ Ա.Սարգսյանը նշեց, որԿենտրոնը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել նմանատիպ բոլոր միջոցառումներին, որոնք նպատակ ունեն խթանելու գիտության հանդեպ հետաքրքրությունը, արժևորելու գիտնականի, հետազոտողի աշխատանքն ու հեղինակությունը։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որոնք պետք է նպատակաուղղված լինեն նաև միջազգային առաջատար ամսագրերում գիտական ուսումնասիրությունների թվի ավելացմանն ու արդիական հետազոտությունների միջազգայնացմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար Մերի Սարգսյանն ընդգծեց, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ոչ միայն պետք է լավ տիրապետեն գիտության զարգացման և հետազոտության նորարարական մեթոդներին, այլև կարողանան իրենց գիտական արդյունքները ներառել արտադրական գործընթացներում, և հենց այս համատեքստում անգնահատելի են գիտաժողովները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը նշեց, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով այսօր չափազանց կարևոր է գիտական հետազոտություններում երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավումը, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու արդյունքների ներդրումը տարբեր ոլորտներում:
Գիտաժողովը համախմբել էր հետազոտողների, գիտնականների, ակադեմիկոսների, պրոֆեսորների, ասպիրանտների, հայցորդների, մագիստրոսների՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ինստիտուտներից և գիտական կենտրոններից, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան (ՌԴ, ԱՄՆ և այլն) առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից ու գիտակրթական կենտրոններից:
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան առանձին մասնագիտական ոլորտներով՝ ըստ բանասիրության, դեղագիտության և բնապահպանության, իրավագիտության, հոգեբանության, մանկավարժության և տնտեսագիտության բաժինների: Մասնակիցները հանդես եկան զեկուցումներով հիմնարար և կիրառական հետազոտություններում ունեցած ձեռքբերումների ու հիմնախնդիրների վերաբերյալ:
Հատկանշական է, որ գիտաժողովին ընդառաջ արդեն իսկ տպագրվել է զեկուցումներն ամփոփող գիտական հոդվածների ժողովածուն՝ 580 էջ ծավալով, որտեղ կարելի է ծանոթանալ գիտաժողովի բազմաժանր և տարբեր գիտակարգերին վերաբերող զեկուցումների ընդլայնված տարբերակներին։
Ամենամյա արդեն ավանդույթ դարձած միջազգային գիտաժողովը հաջողված էր. ունկնդիրները շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի ընթացքում հետաքրքիր բովանդակային քննարկումների կազմակերպման համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին