Գլխավոր էջ





«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում գրադարանային կրթությունը հենված է գործնական հիմքերի վրա», - ԳԿՄԿ շրջանավարտ Մայա Գրիգորյան

Նոյեմբերի 24, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում: Մեզ հետ զրույցում նա պատմեց ԳԿՄԿ-ի կրթական ծրագրերի ընձեռած հնարավորությունների և իր հաջողություններում ստացած կրթության կարևոր դերի մասին:

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունը:

- Երբ որոշեցի դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, արդեն իսկ աշխատում էի Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնում՝ որպես բաժնի վարիչ և ունեի 15 տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտությամբ լինելով բանասեր՝ ինձ համար դժվար չէր մուտք գործել գրադարանային աշխարհ և յուրացնել գործառույթները, սակայն տարիների աշխատանքային փորձը նաև ցույց տվեց, որ գրադարանագիտությունն առանձին և ինքնատիպ ոլորտ է. միայն բանասիրական գիտելիքները բավարար չեն ոլորտի նրբությունները յուրացնելու համար: Այստեղից էլ ցանկությունը՝ ստանալ մասնագիտական կրթություն:

ՀՀ-ում «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ ուսուցումն իրականացնում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: Ուսումնասիրելով երկու բուհերի կրթական ծրագրերը, ինձ համար ակնհայտ էր, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում առաջարկվում է այնպիսի ուսուցում, որը գործնականում կիրառելի է գրադարանում: Ինձ գրավեց հատկապես այն հանգամանքը, որ այստեղ տեսական և գործնական խնդիրները միահյուսված են, այսինքն՝ ուսանողն ավարտում է մագիստրոսական կուրսը և արդեն պատրաստված մուտք գործում գրադարան:

Մասնագիտության ընտրությունը պատահական չէր: Լինելով բանասեր՝ արդեն իսկ գիտակցում էի գրքի ու գրականության արժեքը, սակայն գրադարանում անցկացրած տարիները սովորեցրին ինձ սիրել գիրքը, ուսումնասիրել այն տպագրական արվեստի տեսանկյունից, զբաղվել տպագիր ժառանգության պահպանության խնդիրներով և այլն: Մասնագիտական կրթությունը առկա ձեռքբերումներն ամրապնդելու և նորամուծությունները յուրացնելու հրաշալի հարթակ էր:

- ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

- Առաջին հերթին ինձ գրավեց մագիստրոսական կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ապահովում էր այն տեսլականը, ինչն այսօր առաջադրվում է գրադարաններին: Վաղուց արդեն գրադարանները կանգնած են տեխնոլոգիական նորամուծությունները յուրացնելու և ավանդական գործառույթները ձևափոխելու պահանջի առաջ: Այն գրադարանները, որոնք ունեն համապատասխան կրթություն ստացած մասնագետներ, միանշանակ կարող են դիմագրավել մարտահրավերներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում գրադարանային կրթությունը հենված է գործնական հիմքերի վրա: Կիրառվում են նոր մեթոդներ, ընդլայնված է կրթական փաթեթը, որը ներառում է թե՛ գրադարաններին անհրաժեշտ ծրագրային լուծումները, թե՛ գրադարանային ոլորտի համար քիչ թե շատ նոր հասկացությունները, ինչպես օրինակ՝ գրադարանային մարքեթինգը:

Եվ ամենակարևորը, սովորելու տարիներին ես ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնք առ այսօր աշխատում են տարբեր գրադարաններում, և որոնց հետ ջերմ հարաբերությունները պահպանվում են առ այսօր: Կարծում եմ՝ սա այս տարիների իմ ամենակարևոր ձեռքբերումն էր:

- Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին:

- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում ուսանելու որոշումը բախտորոշ եղավ ինձ համար, քանի որ այս տարիները հնարավորություն տվեցին զարգացնել արդեն իսկ ձեռք բերած հմտությունները, յուրացնել միջազգային փորձը և դրա տեղայնացման գործընթացի մասնակիցը դառնալ, ուսումնասիրել գրադարաններին առաջադրվող նորագույն պահանջները և այլն: Կարծում եմ՝ այսօր որպես մասնագետ կայանալու հիմքում այս տարիներն ունեն կարևոր նշանակություն: Մի բան է աշխատել գրադարանում և յուրացնել հմտությունները աշխատանքի ընթացքում, այլ բան է, երբ ստանում ես մասնագիտական որակյալ կրթություն և արդյունքը կիրառում գրադարանում: Շատ հաճելի է գիտակցել, որ տիրապետում ես գիտելիքների, որոնք կարող են ինչ-որ չափով բարեփոխել գրադարանային ոլորտը: Կարծում եմ՝ մագիստրոսի երկամյա ուսուցումը փոխեց իմ պատկերացումները գրադարանային գործի վերաբերյալ առհասարակ և թույլ տվեց աշխատանքին մոտենալ այլ ձևաչափով:

- Ձեր կարծիքով՝ աշխատանքում հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:

- Կարծում եմ՝ հատկանիշները շատ և բազմազան կարող են լինել, սակայն ես կառանձնացնեմ հատկապես երեքը՝ մտածելու ունակությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը: Այս երեք կարևոր հատկանիշների առկայությունը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ունենալ ձեռքբերումներ: Անձնական փորձը փաստում է, որ այս երեք հատկանիշների մեկտեղումը նպաստում է հաղթահարել բոլոր խոչընդոտները: Շատ կարևոր է ընդառաջ գնալ նորին, չընկրկել դժվարությունների առաջ: Յուրաքանչյուր նոր միտք, նոր գաղափար անհաղթահարելի է թվում միայն սկզբում, սակայն համատեղելով գիտելիքը, աշխատասիրությունը և պատասխանատվությունը՝ հնարավոր է դառնում արագ յուրացնել առաջացած բարդությունները:

- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։

- Ես կառանձնացնեմ երկու կարևոր ձեռքբերում: Առաջինը, կարծում եմ, մագիստրոսական թեզն էր, որը նվիրված էր մատենագիտության կազմման արդի չափորոշիչներին: Ես կարողացա ներկայացնել մատենագիտության արդի շրջափուլը, որը մինչ այդ չէր արվել և բաց էր մնացել, մինչդեռ մատենագիտական նկարագրության միասնական չափորոշիչների կարիքն ունեն բոլոր գրադարանները: Թեզի մեջ ես ընդգծեցի հիմնական դրույթները, ինչը հնարավորություն տվեց խորացնել ուսումնասիրությունը: Կարծում եմ՝ առաջիկայում կձևավորվի խումբ, որն արդեն առկա դրույթների վրա կսկսի աշխատանքները:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը իմ կուրսեցիներն են: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն առանձնանում է կրթական ծրագրերով, որակյալ ուսուցմամբ, իսկ ամենակարևորը, այն նաև շատերի համար դառնում է հարազատ վայր նոր ծանոթությունների, նոր հարաբերությունների հաստատման համար: Ուսանելու տարիները ես բնորոշում եմ ոչ միայն որպես մասնագիտական աճի, այլև նոր ընկերների, գործընկերների, նոր հարաբերությունների հաստատման տարիներ:

- Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ խորհուրդ կտաք ԳԿՄԿ մագիստրանտներին։

- Յուրաքանչյուր ուսանող պետք է գիտակցի՝ ուր է եկել, ինչու և ինչ է ակնկալում ստանալ: Միանշանակ խորհուրդ կտամ օգտագործել ամեն վայրկյանը՝ ստանալու և յուրացնելու այն ամենը, ինչ առաջարկում է Կենտրոնը: Լինել աչալուրջ, պատրաստակամ, ստեղծագործ, աշխատասեր: Կրթությանը մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, օգտագործել առաջարկվող բոլոր հնարավորությունները, դրսևորել կամք և պատասխանատվություն: Կենտրոնի բոլոր դասախոսները նաև ուսանողների ավագ ընկերներն են՝ պատրաստ աջակցելու յուրաքանչյուր գաղափարի: Ուրեմն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել հնարավորությունները և ուսումնառության ժամանակ քաղել առավելագույնը: Կարծում եմ՝ հաջողության գրավականն ուսանող-դասախոս հարաբերության մեջ է, որի հիմքերը Կենտրոնում վաղուց են դրված:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին