Սպասված այց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Փետրվարի 1, 2020ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնն այսօր հյուրընկալեց ԳԿՄԿ վարչակազմին և Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցչին՝ ԳԿՄԿ տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ: Այցի նպատակները մի քանիսն էին՝ ծանոթանալ «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (ՄԵՆՎԻՊՐՈ) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի մեկամյա գործունեության արդյունքներին և ձեռքբերումներին, մասնակցել ծրագրի շրջանակներում ստեղծված տեսակոնֆերանսների դահլիճի պաշտոնական բացմանը, ինչպես նաև ծանոթանալ ճապոնական «JEOL» ընկերության արտադրության վերջին սերնդի սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի գործառնություններին: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանի ղեկավարությամբ մասնակիցները նախ այցելեցին պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անվան դահլիճ, որտեղ քննարկեցին երկու հաստատությունների համագործակցության հաջողված պատմությունը, այնուհետև Էկոկենտրոնի դահլիճում ծրագրի տեղական համակարգող Գևորգ Տեփանոսյանը ներկայացրեց ծրագրի մեկ տարվա ընթացքում կատարված գործողություններն ու նվաճումները Էկոկենտրոնի աշխատակազմի, ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ: Ողջույնի խոսք ասաց նաև Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակից Էդիթ Սողոմոնյանը, որը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և «ՄԵՆՎԻՊՐՈ» ծրագրի իրականացումը որակյալ կրթության համատեքստում:
Հաջորդ կանգառը տեսակոնֆերանսների նորաստեղծ դահլիճն էր, որտեղ մասնակիցներին էկրանի մյուս կողմից ողջունեցին «ՄԵՆՎԻՊՐՈ» ծրագրի ակադեմիական համակարգող, պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն և վարչական համակարգող Անժելա Ֆաթթորեթին: Պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն իր խոսքում արժևորեց տեսակոնֆերանսների նման դահլիճի ստեղծումը ամբիոնում: Առցանց դասախոսությունների և գիտաժողովների կազմակերպումը միայն կնպաստի գիտակրթական համագործակցության խթանմանը և սերտացմանը:
Այցի ավարտական մասում ԳԿՄԿ շրջանավարտ, Էկոկենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի գիտաշխատող Նաիրուհի Մաղաքյանը գործնականում ներկայացրեց «ՄԵՆՎԻՊՐՈ» ծրագրով ձեռք բերված էլեկտրոնային մանրադիտակի գործառույթները: