Էրազմուս +. ասպիրանտները ներկայացնում են հաշվետվություններ
Հունիսի 27, 2018Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել գիտխորհրդի ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի ասպիրանտները ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի և Իտալիայի Տուշայի համալսարանի միջև իրականացված Erasmus+ KA107 շարժունության ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարան կատարած այցի, եռամսյա հետազոտական աշխատանքների արդյունքների և ձեռք բերված պայմնավորվածությունների վերաբերյալ ելույթներ: Erasmus+ KA107 ծրագիրն այս տարի աննախադեպ էր այն առումով, որ ասպիրանտները իրենց նմուշները տեղափոխել էին Տուշայի համալսարանի գիտահետազոտական լաբորատորիաներ, և չնայած ծրագրով նախատեսված չէին ֆինանսական միջոցներ՝ իտալացի գործընկերների շնորհիվ փորձարկումներն իրականացվել է համալսարանի բյուջետային միջոցների հաշվին: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի ասպիրանտ և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Սիրեյանը ասպիրանտների փոխանակման ծրագրով ս.թ. փետրվարի 21-ից մինչև մայիսի 15-ը գտնվել է Տուշայի համալսարանում (Իտալիա): Այցի ընթացքում Լ. Սիրեյանը իրականացրել է ասպիրանտական աշխատանքի հետազոտական մասի իրականացում «Բջջային ու մոլեկուլային սնուցման» լաբորատորիայում (Laboratory of Cellular and Molecular Nutrition): Լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Ն. Մերենդինոյի հետ քննարկվել են ֆունկցիոնալ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակման, զարգացման, մթերքի հակաօքսիդանտային ակտիվության որոշման ժամանակակից եղանակներն ու զարգացման միտումները: Վերոնշյալ լաբորատորիայում ժամանակակից մեթոդներով ուսումնասիրվել են հայկական ծագում ունեցող տարբեր տեսակի հատիկային կուլտուրաների, ինչպես նաև հայկական մեղրի հակաօքսիդանտային ակտիվությունը և ֆենոլների ընդհանուր պարունակությունը։ Եռամսյա հետազոտական ծրագրի շրջանակներում Իտալիայում Լ.Սիրեյանը հանդիպել է խմորման լավագույն մասնագետներից մեկի՝ Կարլո Նեսլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆունկցիոնալ թթխմորի ստացման մեթոդները, Ֆունկցիոնալ սննդամթերքի, մասնավորապես հացի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները: Հայաստանից տարված հատիկային կուլտուրայի հետազոտության արդյունքների, քննարկումների և ձեռք բերված գիտելիքի ու փորձի արդյունքում նույն հատիկային կուլտուրաներից ստացված ալյուրից պատրաստվել է ֆունկցիոնալ հաց և «Բջջային ու մոլեկուլային սնուցման» լաբորատորիայում որոշվել է հակաօքսիդանտային ակտիվությունը և ֆենոլների ընդհանուր պարունակությունը։ Տուշայի համալսարանի «Բջջային ու մոլեկուլային սնուցման» լաբորատորիայի աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` ուղղված ֆունկցիոնալ սննդամթերքի արտադրության ոլորտում գիտական համատեղ նախագծերի մշակմանը, իրականացմանը և համատեղ հոդվածների հրապարակմանը: Լ.Սիրեյանը Տուշայի համալսարանում մասնակցել է պրոֆեսոր Ն. Մերենդինոյի դասավանդած «Սննդագիտություն», «Դիետետիկա և ֆունկցիոնալ սնունդ», պրոֆեսոր Ֆ. Ալբիսինիի դասավանդած «Գլոբալ ագրոպարենային իրավունք», ինպես նաև իտալերենի դասընթացներին: Նիստի ընթացքում Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ասպիրանտ Գայանե Մելքոնյանի կողմից ներկայացվել է Տուշայի համալսարանի Կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարարության դեպարտամենտի (DIBAF) Գյուղատնտեսական քիմիկատների հետազոտման լաբորատորիայում ICP OES սպեկտրաչափով (ՕՊՏԻՄԱ 8000DV, Perkin Elmer) աշխատելու և տվյալ սարքով տարբեր միջավայրերում քիմիական տարրերի պարունակությունների որոշմանն ուղղված աշխատանքների ամփոփ նկարագիրը: Ծրագրի ընթացքում արտալաբորատոր վերահսկողության համար վերոնշյալ սարքով տարրալուծվել են Հայաստանից տարված հողային տասը նմուշներ՝ սնդիկի պարունակությունների որոշման նպատակով: Եռամսյա հետազոտական աշխատանքի ընթացքում իրականացվել է նաև հողի որակական հատկանիշների գնահատմանն ուղղված ֆիզիկաքիմիական բնութագրերի որոշման մեթոդների ծանոթացում՝ ներառյալ CaCo3 որոշում կալցիոմետրիայի ASTIS մեթոդով, հողի մանրէաբանական կազմի որոշում FAME մեթոդով, հողի կազմվածքի որոշում և OxiTop սարքի կիրառմամբ հողերի կլանման ( ռեսպիրացիոն ) ակտիվության որոշում: Քննարկվեցին նաև իտալացի գործընկերների հետ ձեռք բերված համաձայնությունները, նախանշված համագործակցությունները և համատեղ հրատարակումների վերաբերյալ պայմանավորվածությունները: Հանդիպման ավարտին ամբիոնի վարիչ պրոֆ. Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին, Իտալիայի գործընկերներին, ինչպես նաև ասպիրատներին՝ գերազանց աշխատանքի համար: