Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ընդլայնում է համագործակցությունը ԳԱԱ կազմակերպությունների հետ

Հունվարի 12, 2023

Ս/թ հունվարի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջև կնքվեց համաձայնագիր մագիստրոսական կրթության, գիտահետազոտական գործունեության կազմակերպման, ինչպես նաև համատեղ միջազգային ծրագրերի իրականացման նպատակով:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կենսաբազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների» ամբիոն, որը կտեղեկայվի ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում՝ իրականացնելով «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց, որ աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրներում հետազոտական համալսարաններն իրենց տեսակով համարվում են լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրթական և գիտահետազոտական բաղադրիչների ինտեգրմամբ, իսկ ԳԿՄԿ-ն հետազոտական համալսարանի բացառիկ նախատիպ է ՀՀ-ում:

Տնօրեն Ա. Սարգսյանը ընդգծեց, որ Կենտրոնն ունի մասնագիտական ամբիոններ ՀՀ ԳԱԱ գիտական տարբեր ինստիտուտներում, ինչը հնարավորություն է տալիս մագիստրոսներին իրենց կրթությանը զուգահեռ նաև կատարել պրակտիկ հետազոտական աշխատանք գիտական լաբորատորիաներում, ուսումնառության ընթացքում համագործակցել անվանի գիտնականների հետ: «Այդ համատեքստում չափազանց կարևորում եմ այս համագործակցությունը և նոր մասնագիտական ամբիոնի ստեղծումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հենքի վրա, որը կապահովի որակյալ և մրցունակ կրթություն՝ հետազոտական բաղադրիչի շեշտադրմամբ և կնպաստի սովորողի հետազոտական կարողությունների զարգացմանը», - իր խոսքը եզրափակեց Ա. Սարգսյանը:

ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը նույնպես կարևորեց համագործակցության մեկնարկը, որը գիտական և մասնագիտական կառույցներին հնարավորինս սերտ համագործակցելու և արդյունավետ աշխատելու լայն հնարավորություն կտա: Ա.Գասպարյանը վստահեցրեց, որ ուսումնական ծրագրի ավարտին ուսանողը բավականին մրցունակ է լինելու աշխատաշուկայում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտներում գործող Կենտրոնի մասնագիտական ամբիոնների արդյունավետ գործունեության արդյունքում լավագույն ուսանողներն ընդունվում են աշխատանքի հենց ինստիտուտներում և հնարավորություն են ստանում շարունակելու իրենց գիտակրթական գործունեությունը: 

Միջոցառումն ավարտվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության համար ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի կողմից կազմակերպված շրջայցով՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱԲուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված Երևանի բուսաբանական այգու ենթակառուցվածքները, որը գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության ունեցող հաստատություն է։

Այն իր գործունեության ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ դարձել է առաջատար և խոշոր գիտական հաստատություն, որտեղ իրականացվում են հիմնարար և կիրառական նշանակության արժեքավոր հետազոտություններ հանրապետության ֆլորայի ուղղությամբ : Վերջին տարիներին հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը, ստեղծվել է Էկոէպիկենտրոն, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից հավաքված նմուշներ. ներկայացված են ինչպես լայն տարածում կամ բուսաբանական ու աշխարհագրական առումով հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, այնպես էլ հազվագյուտ կամ անհետացող և տնտեսապես արժեքավոր բուսատեսակներ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին