Տեղի ունեցավ «Անձի անոմիայի հիմնախնդիրը հետպատերազմական շրջանում» խորագրով գիտաժողովը
Մարտի 6, 2023Ս/թ մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Անձի անոմիայի հիմնախնդիրը հետպատերազմական շրջանում․ սոցիալական ադապտացիայի, ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման մեխանիզմները» խորագրով գիտաժողով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հոգեբանության ամբիոնի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:
Գիտաժողովը կազմակերպվել էր Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 21T-5A311 գիտական թեմայի շրջանակներում, որին ներկա էին ՀՀ ՊՆ ԳՇ ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր բուհերի և գիտակրթական կենտրոնների պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներ, ասպիրանտներ, մագիստրանտներ։ Գիտաժողովին մասնակցության հրավեր էին ստացել 2020 թ․ պատերազմում հերոսացած զինծառայողների 70-ից ավելի ծնողներ և ընտանիքի անդամներ։
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հանուն Հավերժության» խորագրով հարգանքի տուրքի մատուցման արարողակարգ, և հերոսացած զինծառայողների ծնողներին ու ընտանիքի անդամներին նվիրեցին յուրաքանչյուր զինծառայողի կյանքն ու հերոսապատումը ամփոփող կենսագրական գրքեր։
Գիտաժողովում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի վարիչ, «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեմայի ղեկավար հ․գ․թ․, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, ՊՆ ԳՇ սպա-հոգեբան, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը, գիտական թեմայի աշխատանքային խմբի անդամ, հոգեբանության ամբիոնի դասախոս հ․գ․թ․, դոցենտ Աննա Խաչատրյանը, ՀՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեթերապևտ հ․գ․թ․, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Արկադի Մեհրաբյանը և այլ հոգեբան մասնագետներ։
Նաիրա Հակոբյանն իր զեկույցում ներկայացրեց անձի անոմիայի հիմնախնդիրը հետպատերազմական շրջանում գիտական թեմայի շրջանակներում իրականացվող աշխատանքների մեթոդաբանական հիմքերը։
ՊՆ ԳՇ սպա-հոգեբան, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը զեկուցեց «Գերիների և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները առաջնային օղակում» թեմայով, լուսաբանվեցին ներկաների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցադրումներ, որոնք առնչվում էին տարբեր սոցիալական խմբերի հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկություններին։
Արկադի Մեհրաբյանը ներկայացրեց անոմիայի ուսումնասիրման ժամանակակից ձեռքբերումները և մարտահրավերները՝ ընդգծելով անոմիայի հաղթահարման նպատակով ասերտիվ վարքագծի ձևավորման և զարգացման հոգեբանական առանձնահատկությունները։
Մարիամ Մեհրաբյանը մանրամասնեց «Հանուն Հավերժության» նախագծի շրջանակներում տարվող հոգեբանական աշխատանքների արդյունքները, ներկայացվեցին հոգեբանական տեխնիկաների մշակման, իրականացման կիրառելիությանը վերաբերող դիտարկումներ։
Աննա Խաչատրյանն իր խոսքում ներկայացրեց գիտական թիմի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների մասին, վերլուծվեցին հիմնախնդրի վերաբերյալ մարզային հետազոտությունների արդյունքները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին